19.06.2018 18:50

Բա ձե՞ր «տուշոնկաները»

Բա ձե՞ր «տուշոնկաները»

Որպեսզի ուշադրությունը շեղեն մյուս «տուշոնկաներից», Մանվել Գրիգորյանի ձերբակալության շուրջ քաղաքական-հասարակական էյֆորիան շարունակվեց այսօր խորհրդարանում, և երկրի օրենսդիր մարմինը տվեց իր համաձայնությունը Մանվել Գրիգորյանին կալանավորելու հարցում։

Սա հարցի իրավական կողմն է։ Բայց որքան էլ պարադոքսալ հնչի, իրավական հարթությունում չեն գտնվում մարտահրավերները։ Դրանք բացառապես քաղաքական են։ Մանվել Գրիգորյանը քաղաքական համակարգի ծնունդ է։ Այն համակարգի, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ձեռամբ սկիզբ առնելով 1998 թվականից և վերջնականապես ձևավորվելով 1999 թ․ հոկտեմբերի 27-ից հետո՝ իր առջև դրել էր հետևյալ կոնկրետ նպատակները․

- ամեն գնով պահել իշխանությունը

- ամեն գնով իր ձեռքում կենտրոնացնել, յուրացնել հանրային հարստությունը

- ամեն գնով պահպանել ղարաբաղյան հակամարտության ստատուս քվոն, վերը նշված երկու նպատակներին ծառայեցնելու համար

- իշխանությունում ու նրա մոտակայքում կենտրոնացնել մարդկանց, որոնք անձնական շահախնդրությունից ելնելով՝ պատրաստ են ծառայել համակարգին և նրա առաջ քաշած նպատակներին։

Այս նպատակներում տեղ չունեին ոչ պետությունը, ոչ ժողովուրդը, ոչ Ղարաբաղը, ոչ բանակն ու զինվորը։ Նպատակներն ինքնին հակապետական էին, հակաժողովրդական, հակամարդկային ու հակաբարոյական։ Բայց այստեղ էական է նաև արձանագրել այն փաստը, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն այս համակարգը մենակ չեն կառուցել։ Նրանց այս հարցում աջակցել ու սպասարկել են նաև քաղաքական ուժեր, այդ թվում նաև նրանք, ովքեր այսօր պառլամենտում քառատում էին Մանվել Գրիգորյանին՝ էական չէ, ընդդիմության, թե իշխանության կարգավիճակում։ Այո, զինվորի սնունդ յուրացնելը զարհուրելի հանցանք է ու անբարոյականություն և պիտի ստանա օրենքով սահմանված խստագույն պատիժ։ Կասկած չկա։ Բայց հարց է առաջանում․ իսկ զինվորի հաց գողանալ չէ՞ արդյոք պետական միջոցների յուրացումը, հանրային սեփականության՝ հանքերի, անտառների, ջրային ռեսուրսների, ոսկու պետական պահուստի մսխումը։ Զինվորի հաց գողանալ չէ՞ ամեն ամիս գործարարներից ճամպրուկներով փող հավաքելը (ինչի մասին նշեց վարչապետն իր խորհրդարանական ելույթում)։ Զինվորի «տուշոնկան» միայն կոնկրետ տեսք չունի։ 20 տարի հայրենասիրության, Ղարաբաղը պաշտպանելու, հայի գենը ցուցադրելու, հիշելու ու պահանջելու դատարկաբանությունների տակ ամեն Աստծո օր զինվորի հանդերձանքն ու սնունդը գողացել են հանքերում, օդանավակայաններում (մատնահետքերի ու օդի փողերի տեսքով), գազալցակայաններում, էլցանցերում, պետական գնումներում, «Հյուսիս-Հարավ» մայրուղու և այլ շինարարություններում, վարկային և բյուջետային միջոցների տեղաբաշխումներում, պետական գույքի օտարման գործընթացներում, անտառներում, կանաչապատումներում, ասֆալտապատումներում․․․ Ամենուր։ Էլ չխոսած ընտրությունների կեղծման, մարտի 1-ի սպանությունների, մեկ անձի համար սահմանադրություն սարքելու մասին։ Եվ դրանում ներգրավված են եղել բոլոր բարձրաստիճան իշխանավորները՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Խաչատրյանը, Գագիկ Բեգլարյանը, Կարեն Կարապետյանը, Տարոն Մարգարյանը, Սեյրան Օհանյանը, Վիգեն Սարգսյանը, Գագիկ Հարությունյանը, Դավիթ Հարությունյանը․․․ Բոլորը։ Ցանկն օրերով կարելի է թվել։ Բայց նաև համակարգի մաս կազմած ու կոալիցիոն բեռ վերցրած քաղաքական ուժերը, որոնք տարբեր ժամանակաշրջաններում սպասարկել են այս համակարգը ու մաս կազմել այս հանցագործություններին։ Բոլորը տարել են զինվորի «տուշոնկան», որ հիմա ոսկյա բռնակների, վարդակների ու զուգարանակոնքերի, հսկայական դղյակների, հարյուրավոր բնակարանների, թանկարժեք մեքենաների, հազարավոր հեկտարներով հողերի, արվեստի բարձրարժեք գործերի, վեց և ավելի զրոներ ունեցող բանկային հաշիվների տեսքով հանգրվանել են այդ համակարգի խոշոր ձկների տիրապետության տակ։ Այսօր այդ մարդիկ արագությամբ ուրանում են իրենց թիմակցին ու ընկերոջը, վաղն էլ կուրանան մյուսին՝ միայն թե շեղեն ուշադրությունն իրենցից՝ ավելի խոշորներից։ Իսկ, որ Մանվել Գրիգորյանը, նրանց համեմատ, աղավնի է, կասկած չկա։ Մեր օրերի դասականն ասում էր․ ուղտին չի կարելի ուտել, հեծնել ու հավատալ միաժամանակ։ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և վերը նշվածները, այդ թվում նաև նրանց սպասարկած կոալիցիոն քաղաքական ուժերը հեծնել են, կերել են էս երկիրը ու հիմա փորձում են մեզ համոզել, որ հավատում են այս երկրին։ Առանց ամաչելու, հանդգնորեն։ Այսօր երբ Մանվել Գրիգորյանին ԱԺ ամբիոնից, լրատվամիջոցների առաջ քառատում են, դրդում ինքնասպանության, մեկը չի հարցնում՝ բա ձե՞ր «տուշոնկաները»։ Մանվել Գրիգորյանը գոնե կյանքն էր դրել վտանգի տակ Ղարաբաղում, դուք, պարազիտությունից ու ժողովրդի արյունը խմելուց բացի, ոչինչ չեք արել։

Մնում է միայն հուսալ, որ կգա ժամանակ, որ Մանվելին կմոռանանք ազատազրկված պարագլուխների մեծ ցանկի «շնորհիվ»։

Վարդան Հակոբյան