20.06.2018 13:07

Աշխարհի առաջնության ֆավորիտները դեռ պետք է կարողանան ապացուցել, որ ուժեղ են

Աշխարհի առաջնության ֆավորիտները դեռ պետք է կարողանան ապացուցել, որ ուժեղ են

Աշխարհի առաջնության խաղերն ապացուցում են, որ ամեն ինչ այնքան էլ հեշտ չի լինելու, և ֆավորիտները դեռ պետք է ապացուցեն, որ ուժեդ են: Քչերն էին սպասում, որ Բրազիլիան, Գերմանիան, Իսպանիան և Արգենտինան իրենց առաջին խաղերը կանցկացնեն, և նրանցից ոչ մեկը հաղթանակ չի տանի։

Իհարկե, առաջին տպավորությունը կարող է խաբուսիկ լինել։ 2010 թվականին Իսպանիան պարտվեց առաջին խաղում, բայց բարձրացրեց գավաթը։ Չորս տարի անց Իտալիան սկսեց Անգլիայի հետ խաղում տարած հաղթանակով, բայց խմբից դուրս չեկավ։ Եզրակացություններ անելիս պետք չէ շտապել․ մրցաշարը երկար է, և դեռ ժամանակ կա։

Այնուամենայնիվ, Գերմանիայի անակնկալ պարտությունը Մեքսիկայից ցույց տվեց, որ չափից դուրս ինքնավստահությունը, որից նրանք երդվել էին խուսափել, միգուցե կա։ Բարձր տեխնիկայով ֆուտբոլիստներ ունեցող չեմպիոնը ոչ մի դինամիկա ցույց չտվեց մեքսիկացիների հետ մրցավեճում: Փոխարենը մեքսիկացիները կարողացան օգտագործել Ջոշուա Կիմիխի թողած տարածությունը։

Գերմանիայի պարտությունից հետո շատերը հիշեցին, որ Լյովը վերջին պահին հայտացուցակից դուրս թողեց Լերոյ Սանեին, որը վատ մրցաշրջան չէր անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» կազմում: Ըստ մասնագետների Սանեի նման արագաշարժ ֆուտբոլիստը կարող էր օգուտ տալ Գերմանիային:

Արգենտինայի հավաքականի դեպքում պաշտպանությունում ցուցադրած խաղի վատ որակը շարունակում է մնալ օրակարգում։ Ամեն անգամ երբ Իսլանդիան հարձակվում էր (ինչն այնքան էլ շատ չէր), լարված իրավիճակ էր ստեղծվում արգենտինացիների թիկունքում։ Զգացողություն կա, որ ավելի բարձրակարգ թիմն Արգենտինայի պաշտպանությունը ծվեն-ծվեն կանի, նույնիսկ եթե Լիոնել Մեսսին իր գործը լավ անի հարձակման գծում:

Չնայած մրցաշարի մեկնարկից տեղի ունեցած իրադարձություններին՝ Իսպանիան բավականին լավ տեսք ուներ, թեև Կրիշտիանու Ռոնալդուն կարողացավ նրանց դիմադրել ձևակերպած հեթ-տրիկով։ Իսպանացիների փոխանցումներից մի քանիսն ավելի երկար էին, քան սիմֆոնիան, Դիեգո Կոստան լավ տպավորություն թողեց առջևում և նույնիսկ մեկ անգամ ժպտաց։

Բրազիլիան անակնկալ կերպով ոչ-ոքի խաղաց Շվեյցարիայի հետ, որի գոլը միգուցե պիտի չեղարկվեր «VAR»-ի կողմից։ Ստիվեն Ցուբերն ակնհայտորեն հրեց Միրանդային։ Եթե դա ակնհայտ սխալ չէ, ապա ի՞նչ է։

Ամեն դեպքում, Բրազիլիան դեռ ժամանակ ունի իրավիճակը շտկելու համար, թեև կասկածներ կան, որ պաշտպանությունն այնքան էլ ուժեղ չէ, իսկ Նեյմարին ժամանակ է պետք չորս ամսվա բացակայությունից հետո խաղին վարժվելու համար։

Առաջին խաղերը նաև ցույց տվեցին, որ այսպես կոչված թույլ ընտրանիները առանց պայքարի չեն հեռանա։ Տեսեք, թե ինչքան անհամոզիչ էր Ֆրանսիան Ավստրալիայի հետ խաղում, Լեհաստանն ու Կոլումբիան նույնպես չտպավորեցին,  Անգլիան միայն վերջին րոպեներին կարողացավ հաղթանակ կորզել: Թերևս միայն բելգիացիները վստահ հաղթանակ տարան այն էլ գոլազուրկ առաջին խաղակեսից հետո: Ինչ վերաբերում է տանտերերին, ամեն ինչ հրաշալի է ընթանում անգամ խաղադաշտում, սակայն դեռ վաղ է ասել, որ ազգը վառվում է Աշխարհի առաջնության տենդով։ Համենայն դեպս, դեռ այդպես չէ։