20.06.2018 11:53

Նույնքան հրատապ, որքան կոռուպցիոն բացահայտումները

Նույնքան հրատապ, որքան կոռուպցիոն բացահայտումները

Ավելի քան բնական էր, որ համաժողովրդական ընդվզմամբ ձեւավորված նոր իշխանությունը առաջին հերթին ձեռնամուխ է լինելու այն խնդիրների լուծմանը, որոնք եւ նույն այդ համաժողովրդական ընդվզման հիմք դարձան։ Կոռուպցիան նախորդ իշխանական համակարգի առաջին եւ ամենաակնհայտ հատկանիշն է։ Ստորին եւ միջին օղակներում արված բացահայտումները մի կողմից տպավորիչ են, մյուս կողմից՝ հույս են ներշնչում, թե ինչքան եւս նշանակալի պիտի լինեն բացահայտումները վերին եւ ամենավերին օղակներում։ Եւ՝ ոչ միայն կոռուպցիայի, այլ նաեւ ավելի ծանր հանցանքների գծով։

Կոռուպցիան արմատախիլ անելը ստեղծված արատավոր համակարգը կազմաքանդելու խնդիրներից մեկն է՝ տեւական ժամանակ ու ջանքեր պահանջող։ Նույն հանցավոր համակարգի կազմաքանդման համար կան նաեւ առաջին հայացքից գուցե ոչ այդքան հրատապ թվացող, սակայն իրականում նույնքան  կարեւոր խնդիրներ։ Ռոբերտ Քոչարյանի ստեղծած եւ Սերժ Սարգսյանի կատարելագործած ավազակապետությունը խնամքով ստեղծել է նաեւ իր, այսպես կոչված, «գաղափարախոսական» հիմքը, որի կարեւորագույն բաղադրիչը Հայաստանի նորագույն շրջանի պատմության կեղծումն է։ Խոսքը միայն ակադեմիական գիտությանը չի վերաբերում, այլ նաեւ դրանց հիման վրա գրված բուհական եւ դպրոցական դասագրքերին, որոնցով, որպես վերին ճշմարտություն, երիտասարդ սերունդն է կրթվում։

Պատմության՝ կարեւորագույն քաղաքական գործիք լինելու փաստը հայտնի է վաղուց, եւ դա օգտագործել են բոլոր բռնապետությունները՝ իրենց իշխանության հիմքերն ամրապնդելու համար։ Ռոբասերժական պատմագրությունը վերջին 30-ամյակի մեր պատմությունը կեղծել եւ այլանդակել է խիստ որոշակի նպատակադրմամբ. նախ՝ լուծելու համար կոնկրետ առարկայական խնդիրներ, օրինակ՝ պարտակելու համար Հոկտեմբերի 27-ի եւ Մարտի 1-ի ոճրագործությունները, երկրորդ՝ բթացնելու համար հասարակության եւ առաջին հերթին երիտասարդ սերնդի քաղաքացիական եւ մարդկային-բարոյական որակները։ Նման հասարակությունն է, որ պետք է հանդուրժեր այդօրինակ իշխանություն ու համակարգ։ Սակայն այդ ծրագիրը հաջողելու ու նման հասարակություն ու սերունդ ունենալու դեպքում մենք կունենայինք նաեւ ազգային անվտանգությանն սպառնացող լուրջ խնդիր։ Եթե, օրինակ, ինչպես ընդունված է ասել՝ «բանակը հասարակության հայելին է», ապա իներտ, ոչ բավարար քաղաքացիական որակներով, «ոչ մարտունակ» հասարակությունը չէր կարող ունենալ նաեւ մարտունակ բանակ։

Նախորդ վարչախմբին ժամանակը չբավարարեց, չհաջողվեց մինչեւ վերջ իրականացնել իր՝ հնարավոր հետեւանքներով կործանարար այս ծրագիրը։ Սակայն դեռեւս շրջանառության մեջ են նույն դասագրքերը։

Կրթության եւ գիտության նախարարության, նաեւ լայն հասարակության ուշադրությունը սույն հարցի վրա հրավիրելու եւ խնդիրը շուտափույթ լուծված տեսնելու ակնկալիքով առաջիկայում կվերահրապարակենք Հայոց նորագույն պատմության կեղծմանը վերաբերող լրագրողական հոդվածների եւ գիտական հետազոտությունների մի շարք։ Նախապես ասենք, որ այդ նյութերից ոչ մեկին ժամանակին պատասխան չի տրվել եւ հերքում չի հնչել։

iLur.am