20.06.2018 13:10

Մհեր Արշակյան. Ֆուտբոլային տոտալիզատորի մասին

Մհեր Արշակյան. Ֆուտբոլային տոտալիզատորի մասին

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն այսօր անձնական իրադարձություն է դառնում հատկապես խաղադրույքներով: Խաղադրույքների միջոցով ես դառնում այս կամ այն թիմի երկրպագու: «Առօրյա» կյանքում քեզ համար միեւնույն է՝ Լեհաստանը կհաղթի, թե Սենեգալը: Դրված խաղադրույքը քեզ դարձնում է դրանցից մեկի երկրպագուն: Որովհետեւ Լեհաստանը կամ Սենեգալը դառնում են էն «ներդրումը», որը քեզ փող պիտի բերի:

Խաղադրույքը քեզ տալիս է նաեւ «Նոստրադամուս» լինելու հաճույքը: Ճիշտ այդպես ես նստած տեղս ընկերոջս ներկայությամբ Բելգիա-Պանամա խաղում գուշակեցի բելգիացիների երրորդ գոլը դեռեւս իրենց տուգանային հրապարակում գնդակը խաղի մեջ մտցնելու առաջին ակնթարթից: Բայց դա փող չէ: Դա ինձ խաղացողներից որեւէ մեկի երկրպագուն չէր դարձնում: Դրա համար անհրաժեշտ էր, որ ես խաղադրույք կատարած լինեի: Եվ կյանքում առաջին անգամ առաջնության երկրորդ օրից  խաղադրույքներ կատարեցի: Գրեթե բոլոր խաղերի ժամանակ փոքրիկ գումարով որեւէ բուքմեյքերական գրասենյակում գրառում էի որեւէ հանդիպման ընթացքը՝ ըստ նախապես գրված դրույքների: Հաճախ իրար հետ էի կապում երկու խաղի մի քանի հնարավոր գործողություններ՝ դեղին քարտերի հավանական թիվը, անկյունայինների մոտավոր քանակը, նույնիսկ կարմիր քարտեր էի «բաշխում»: Հիմնական գայթակղություններից մեկն այն է, որ հազար դրամով հավակնում ես ունենալ, ասենք, 642 հազար դրամ:

Իրականում տոտալիզատորը ծխախոտի նման բան է, միայն առաջին 4 խաղադրույքները կարող են արվել այն համոզումով, որ «հազիվ թե հետագայում շարունակեմ»: Խաղադրույք կատարելիս նախ չպետք է կորցնել ցինիզմի զգացումը. այսինքն՝ որ ձախողումը նույնքան անլուրջ բան է, որքան՝ շահելը: Կախվածությունը տոտալիզատորից սկսվում է մեկ շահումից: Այն քեզ դարձնում է «մարգարե»՝ եթե կանխատեսել ես մեկ անգամ, կկանխատեսես նաեւ երկրորդ անգամ: Քո մտքով երբեք չի անցնի, որ խաղադրույքներ սահմանողները քեզնից լավ գիտեն: Տոտալիզատորի հիմնական գայթակղությունն այն է, որ քեզ չի հերիքում մեկ ցուցանիշ, ասենք, անկյունայինների քանակը քո կանխատեսածից մեկով պակաս էր: Եթե դու միայն դնում ես կողմերից մեկի հաղթանակի վրա, եւ խաղն ավարտվում է ոչ-ոքի, ու  քեզ չի հերիքում մեկ գոլ, որը «շան տղերքը հենա-հենա խփում էին»: Ցանկացած խաղադրույք քեզ քեզնից ավելի երեւակայելու բաց դուռ է: Եվ երբ վերջում պարզ է դառնում, որ դու ոչինչ ես, բնականաբար՝ չես կարող հաշտվել այդ մտքի հետ, որովհետեւ քեզ բան չէր մնացել, որ շահեիր, ասենք, 642 հազար դրամ:

Տոտալիզատորի մյուս խայծից սկսվում է հիվանդության նման մի բան՝ այն արդեն նման է հետապնդման մոլուցքին: Քեզ թվում է, թե ֆուտբոլ խաղացողները, ասենք՝ թունիսցիները, գիտեն հենց քո դրած խաղադրույքը: Ամեն ինչ կարծես թե իդեալական է գնում, անգլիացիներն, ինչպես դու էիր կանխատեսել, իրացնում են հինգից ավելի անկյունային, խաղի ընթացքում խփվում է երկուսից ավել գոլ, բայց էդ գրողի տարած կոպիտ խաղը չկա ու չկա: Այսինքն՝ թունիսցիներն ու անգլիացիներն իրար էն օրը չեն գցում, որ մրցավարը դեղին քարտ ցույց տա, իսկ դու խաղադրույք ես արել 4-ից ավելի դեղին քարտի վրա:

Տոտալիզատորը մարդուն դարձնում է երազող: Այն լոտոներից տարբերվում է նրանով, որ տոտալիզատորում քո մասնակցության մեջ ջանք կա՝ ինչ-որ թուղթ ջնջել-մնջել չկա, կա մտքի, ինտուիցիայի եւ երեւակայության աշխատանք: Խաղադրույք կատարողն իրեն ինչ-որ իմաստով ամենազոր է զգում ու, ըստ այդմ՝ երազանքներ կառուցում այն գումարով, որը պետք է աշխատի: Խաղադրույք կատարողը չի պարտվում, նա միշտ սայթաքում է, հենց սա է գլխավոր խայծը, որը մարդուն դարձնում է մոլագար: Պարտությունը վերակագնելի չէ, իսկ սայթաքող մարդը միշտ կարող է ոտքի կանգնել: Ահա այն ամենը, ինչ հասկացել եմ ընդամենը 6 խաղի վրա դրված խաղադրույքներից: