20.06.2018 13:46

Լիզա Ճաղարյան. «Ցավոք»՝ իմ հիշողությունը վառ է ու պայծառ, պարոն «կամանդույուշչի»

Լիզա Ճաղարյան. «Ցավոք»՝ իմ հիշողությունը վառ է ու պայծառ, պարոն «կամանդույուշչի»

Անխոցելի ճշմարտություն է՝ եզն ընկավ, դանակավորները շատացան։

Այսօր Մանվել Գրիգորյանի մասին լրագրողի հարցին Սամվել Բաբայանը պատասխանել է. «Ինձ համար սպասելի էր» (բառացի եմ մեջբերում եւ սխալ հայերենի համար պատասխանատու չեմ)։

Իրավունք ունի Սամվել Բաբայանը հույսը դնելու հասարակության կարճ հիշողության վրա, բայց, «ցավոք», իմ հիշողությունը պայծառ է դեռեւս, ու լավ եմ հիշում, որ երբ թամբին էր «կամանդույուշչի Սյամոն», ինքն էլ էր անքննելի եւ անձեռնմխելի քյոխվա, նաեւ՝ հեքիաթային հարստության տեր էր, ինչը, վստահ եմ, ժառանգություն չէր ստացել ամերիկացի միլիարդատեր ազգականից։ Ավելին, հրաշալի հիշում եմ նաեւ, թե ինչպես էին սարսափից կուչ գալիս արցախցիները՝ Սամվել Բաբայանի նույնիսկ անունն արտասանելիս։

Սա՝ ի դեպ։

Երեկ մի քանի երիտասարդներ Արցախի ներկայացուցչության առջեւ բողոքի ցույց էին անում՝ պահանջելով Մանվել Գրիգորյանին զրկել Արցախի հերոսի կոչումից։

Նախ՝ դեռեւս դատավարությունը չի էլ սկսվել, եւ անմեղության կանխավարկածը դեռեւս ուժի մեջ է։

Երկրորդ՝ Մանվել Գրիգորյանին Արցախի հերոսի կոչում են տվել 90-ականների ղարաբաղյան պատերազմում իր ներդրման համար։ Արցախում հերքել եւ ապացուցե՞լ են, որ Մանվելը ոչ թե հայրենիք է պաշտպանել, այլ դավաճանությամբ է զբաղված եղել։ Հակառակը շատ եմ լսել։ Լսել եմ, որ անկախ նրա մարդկային նկարագրի մասին շատ հակասական տեսակետներից՝ Մանվելն իր ազատամարտիկներով՝ իր պաշտպանած հատվածում երբեւէ չի պարտվել։

Գեներալ Մանվելին հիմա կարող են խստորեն դատապարտել ռոբասերժիկական տարիներին հանցագործությունների ճամփան բռնելու համար, բայց ոչ ոք իրավունք չունի նրան զրկելու Արցախի հերոսի կոչումից, եթե չի ապացուցվել, որ նա Արցախում հո՛ղ չի ազատագրել, հո՛ղ է ծախել։ Եվ եթե դա ապացուցվի, պետք է դատել նաեւ նրան Արցախի հերոսի կոչում տվողներին։

Իսկ քանի դեռ նման հիմնավորում չկա, կրկնում եմ՝ ոչ ոք իրավունք չունի պահանջելու, որ Մանվել Գրիգորյանին զրկեն Արցախի հերոսի կոչումից։

Եվ ամենակարեւորը՝ եթե հետագայում «պարզվի», որ ՀՀԿ-ական ավազակախմբի ամենակարկառուն թալանչին Մանվել Գրիգորյանն է, եւ անպատիժ մնան խոշոր բորենիներն ու շնագայլերը, ես էլ եմ բողոքի ակցիաներ կազմակերպելու՝ ի պաշտպանություն քավության նոխազ Մանվել Գրիգորյանի։

Սա՝ ի գիտություն նաեւ Սամվել Բաբայանի. նրա համար էլ էին բողոքի ակցիաներ անում, եւ ոչ ոք չէր հիշում, որ Սյամոն էլ պակաս «շքեղաշուք» անցյալ չի ունեցել։

Առայժմ այսքանը։