20.06.2018 16:36

Քրիստինե Խանումյան. Ոսկյա գառների լռությունը

Քրիստինե Խանումյան. Ոսկյա գառների լռությունը

Մենք անվերջ մեղադրում ենք ընկեր Ստալինին,

եւ անշուշտ՝ տեղին:

Եւ այդուհանդերձ, ուզում եմ հարցնել՝

ովքե՞ր են գրել միլիոնավոր «դանոսները»:

Դովլաթով

Լռությունը ոսկի է: Գառներից ամենալավն անմեղներն են: Որ հրեշտակի թեւեր ունեն: Նայողներից՝ չտեսնողներն են լավը, տեսնողների՝ լռող տեսակը: Որովհետեւ լռությունը ոսկի է: Երբեմն՝ արծաթ: Երբեմն՝ 30 արծաթ: Երբեմն՝ դրամ. երբեմն՝ 5000 դրամ, երբեմն՝ 1000 դրամ: Երբեմն՝ տուգանք, երբեմն՝ տոկոս:

Երբեմն՝ դոլար: Կանաչ, ինչպես Արարտյան դաշտավայրը մայիսին, որի արտեզյան ջրերը երբեմն քո մենաշնորհն են դառնում:

Լռությունը ամեն ինչ արժե: Այն գին ունի, երբեմն՝ այդ լռության գինն անգին է, երբեմն ունի քաշ ու կշիռ, երբեմն այն կարող ես կախել դոշից, երբեմն այն աստղերի է վերածվում եւ թառում ուսերիդ: Լռությունը ոսկի է, եւ այն փայլում է, իսկ փայլող ամեն բան միշտ դեպի իրեն ձգվողներ է գտնում, հարյուրավոր ձգվողներ, հազարավորներ: Բայց ամեն փայլող բան ոսկի չէ, չէ՞: Թեեւ լռությունը ոսկի է: Լռությունը ոսկի է, հատկապես տեսնել-չտեսնել տալու ժամանակ, նայել՝ չնկատելու ժամանակ, հասկանալ ու լռելու ժամանակ:

Ի՞նչ է եղել որ. չէ՞ որ լռությունն աստիճան է, աստիճաններ, որոնցով քեզ բարձրանալու «դաբրո» են տալիս, եւ դու գիտես, որ ամեն աստիճան իր գինն ունի, իր լռության չափը, եւ խոնարհվելու կորությունը, եւ ճակատը գետնին մոտեցնելու հեռավորությունը, չէ՞ որ հակառակ պարագայում այդ աստիճանները ոչ թե վերեւ կտանեին, այլ՝ ներքեւ, ճաղերից այն կողմ, կամ՝ ընդհատակ, կամ՝ հուսահատության հատակը դեպի:

Լռությունն իշխանության ամրապնդման ու կայացման գրավականն էր՝ եղիր հեզ, բանող եզ, եղիր լուռ, տաշտին՝ մոտ: Եւ ուրեմն, ամենեւին էլ պատահական չէ, որ որքան կերակրատաշտին մոտ էին նրանք, այնքան լուռ էին, կույր ու խուլ…. բայց ԿՈՒՇՏ:

Իսկ պետությո՞ւնը:

Իսկ ի՞նչ էր նրանց համար պետությունը: Մի բուռ հող, որը նրանք միայն հայրենիք էին կոչել, որպեսզի էդ բուռ հողի հանդեպ պատասխանատվություն չունենան, սիրեին՝ առանց պատասխանատվության, իրենց ձեւով սիրեին, իհարկե. խոսքերով, խոսքերով, խոսքերով: Հայրենիքն ի՞նչ է: Ինչպե՞ս են այն սիրում: Ասելով: Բայց թե ինչ ես անում՝ էական չէր: Որովհետեւ անելն ու սիրելը հոմանիշներ չէին, եւ սիրել ամենեւին չէր ենթադրում գործ ու պատասխանատվություն: Իսկ պետությունը պատասխանատվություն է, սիրել՝ պատասխանատու լինելով, գործով:

Պետությունն իրենց սրտով չէր, որովհետեւ պետությունը քո, հենց քո այգին է: Որպեսզի ծառերը պտուղ տան՝ ծառերը պիտի ջրես, խնամես: Ու ամեն մեկն իր գործը պիտի անի. այգեպանը այգեպատություն պիտի անի, եւ պատշարը՝ պատշարություն, եւ պատշարը չպիտի գա այգեպանին ծառերն էտել սովորեցնի: Եւ բերքն էլ հավաքելիս այն բոլորին բաժին պիտի հասնի:

Իսկ հայրենիքն ուրիշի այգի է: Ոչ ջրում ես, ոչ խնամում, բայց գիշերները կարող ես գնալ ու հասած բերքը քաղես-տանես տուն:

Ու դերաբաշխում էին արել: Գործ անելու պահին պետության բեռը մերն էր, պտուղը քաղելու ժամանակ՝ բերքն իրենցը: Պետությունը թալանելն ամոթ չէր, բայց այդ մասին խոսելն ամոթ էին հռչակել, որովհետեւ թուրքը կտեսներ ու կուրախանար, որովհետեւ կհռչակվեիր Չհայրենասեր: Իսկ Հայրենիք սիրելն, իրենց օրենսգրքով՝ լռելն էր ու հանդուրժելը:

Եւ զարմանալին ամենեւին էլ այն «երեւացողների», բուրգի գագաթին գտնվողների թալանը չէր, այլ բուրգն ինքնին, տեսնող-լռողների այն հսկայական բանակը, առանց որոնց թալան հնարավոր չէր լինի: Մենք ո՞վ էինք որ, ասում են նրանք, ենթակա մարդիկ էինք….տուն էինք պահում….

Լռելով…. Աջակցելով….որովհետեւ, իրականում, լռությունը ոսկի էր….

Այո, գեներալ Մանվելը բանակի շտապօգնության մեքենան կամ զինվորի հացը տարել է տուն. իսկ ո՞վ է վարել այդ մեքենան ու հասցրել նրա ամառանոց, և ո՞վ է ստորագրել այն փաստաթղթերի տակ, որ զինվորի հացը զինվորին է հասել, ոչ թե՝ գեներալի ամառանոց: