21.06.2018 11:30

Կապելո. «Ռեալը» իրեն վատ պահեց, բայց ֆեդերացիան էլ սխալվեց»

Կապելո. «Ռեալը» իրեն վատ պահեց, բայց ֆեդերացիան էլ սխալվեց»

Ճանաչված իտալացի մարզիչ Ֆաբիո Կապելոն գտնում է, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան իզուր պաշտոնանկ արեց ազգային թիմի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիին։

Մունդիալի մեկնարկից մի քանի օր առաջ «Ռեալը» հայտարարեց Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիի հետ պայմանագիր կնքելու մասին։

Պարզվել է, որ մադրիդցիները բանակցություններ են վարել առանց Ֆեդերացիային տեղեկացնելու, ինչի պատճառով կառույցն անմիջապես աշխատանքից ազատեց Լոպետեգիին։

- «Ռեալի» կողմից մեծամտություն էր բանակցություններ վարելը Լոպետեգիի հետ՝ առանց ազգային թիմին տեղեկացնելու, բայց բոլորս գիտենք, թե ինչ է իրենից ներկայացնում Ֆլորենտինո Պերեսը։ Այնուամենայնիվ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան սխալ գործեց՝ ազատելով Խուլենին։

Նաև կցանկանայի իմ աջակցությունը հայտնել Ֆեռնանդո Յերոյին, որը ժամանակին եղել է իմ սանը,- ասել է Կապելոն։