21.06.2018 12:38

Մարտի 1-ի սպանդի մասին առաջին հրապարակային վկայությունը. բանակն ապօրինաբար ներգրավված է եղել

Մարտի 1-ի սպանդի մասին առաջին հրապարակային վկայությունը. բանակն ապօրինաբար ներգրավված է եղել

ՀՔԾ-ին, Քննչական կոմիտեին

Հաղորդում հանցագործության մասին

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, որը 2008-ի նախագահական ընտրություններում առաջադրվել էր որպես ընդդիմադիր թեկնածու, իսկ մարտիմեկյան սպանդի օրերին նշանակվել Ազգային անվտանգության քարտուղար, երեկ ֆեյսբուքյան ասուլիսով մարտիմեկյան սպանդի մասին հայտարարություն է արել, որը պետք է հետաքրքրի սպանդի բացահայտմամբ զբաղվող իրավապահ մարմիններին:

Այսպես, պատասխանելով օգտատերերից մեկի այն հարցին, թե ինչու է սպանդի օրերին ստանձնել ԱԽ քարտուղարի պաշտոնը՝ Բաղդասարյանը բառացիորեն հայտարարել է.

«Հայաստանում բոլոր քրեական հանցագործությունները պետք է բացահայտվեն, այդ թվում՝ հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը: Մարտի 1-ի բացահայտման մեջ շահագրգիռ եմ նաեւ ես, որովհետեւ շատ կեղտոտ լրատվական հակաքարոզչություն է իմ դեմ իրականացվել:
Օրինակ՝ նայում ես յութուբում նյութ, գրած է՝ փետրվարի 29-ին Բաղդասարյանը նշանակվեց ԱԽՔ, հետո եղավ մարտի 1-ը: Ես ԱԽՔ եմ նշանակվել մայիսի 5-ին:  

Գուցե հիմա այդ որոշումը ճիշտ չէ հասկացվել, բայց ես դա արել եմ մի բանի համար, որ ավելի շատ մարդու արյուն չթափվի: Ով որ տիրապետում է փաստագրությանը, կարող եք ինտերնետում նայել. փետրվարի 25-ին արդեն Երեւանը հեղեղված էր ոստիկաններով, փետրվարի 26-27-ին համաձայն Պաշտպանության նախարարի գաղտնի հրամանի, որը արձանագրել է փաստահավաք խումբը, արդեն զորքը մոտեցել էր Երեւանին, այդ բախումն անխուսափելի էր, ցավոք:

Եւ իմ այդ քայլի նպատակն էր, որ ավելի քիչ մարդ գար, որովհետեւ այդ որոշումը, այդ անօրեն հրամանը ընդունված էր՝ զորքի օգտագործման, զինուժի օգտագործման համար, եւ կարող էր շատ ավելի մեծ թվով զոհեր լինեին»:

Բաղդասարյանի հայտարարությանը՝ հենց իր մասով, դեռ կանդրադառնանք:

Այս պահին, սակայն, կարեւորը նրա հայտարարության այն մասն է, որ եղել է հրաման՝ խաղաղ ցուցարարների դեմ զորքը օգատագործելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ խոսքը փետվարի 23-ին Պաշտպանության այն ժամանակվա նախարար Միքայել Հարությունյանի ստորագրությամբ 0038 գաղտնի հրամանի մասին է, որով  ՀՀ ԶՈՒ ողջ անձնակազմը բերվել է զորանոցային վիճակի, Երեւանում ձեւավորվել է զինվորական կառավարման նոր` ապօրինի մարմին:

Այն ժամանակվա օրենսդրությամբ զինված ուժերը ներքաղաքական իրադարձություններում ներգրավելու իրավունք չկար, սակայն, իշխանությունները՝ շրջանցելով Սահմանադրությունը՝ ԶՈՒ-ն օգտագործեցին ներքաղաքական գործընթացներում: Ինչի հետեւանքով ոչ միայն ցրեցին կեղծված ընտրությունների դեմ տասը օր շարունակ բողոքի ցույց իրականացնող ցուցարարներին, այլեւ այդ ամենի հետեւանքով եղան առնվազն տասը զոհ, հարյուրավոր վիրավորներ եւ քաղբանտարկյալներ, Երեւանում ապօրինաբար արտակարգ դրություն մտցվեց՝ սահմանափակելով մարդկանց ազատ տեղաշարժի եւ մամուլի ազատությունը, Հայաստանում պաշտոնապես գրաքննություն մտցվեց, եւ արգելափակվեցին լրատվական կայքերը, արգելեցին ընդդիմադիր թերթերի լույսընծայումը:

Տարիներ շարունակ ընդդիմադիրներն ու փորձագետները պնդել են այս ակնհայտ փաստը, ներքաղաքական իրադարձություններում զինված ուժերի ապօրինի ներգրավման, այսինքն՝ զինված հեղաշրջում անելու մասին առանձին զեկույցով է հանդես եկել նաեւ մարտի մեկի ուսումնասիրությամբ զբաղված փաստահավաք խումբը: Իշխանությունները, սակայն, տարիներ շարունակ հերքել են այդ տեղեկությունները՝ հայտարարելով, թե իբր մարտի մեկին բանակը չի ներգրավվել, իսկ 0038 գաղտնի հրամանն էլ լիովին այլ բանի մասին էր:

Ընդամենը ամիսներ առաջ մարտիմեկյան սպանդի թեմայով ԱԺ-ում տեղի ունեցած լսումների ժամանակ իշխանությունները նորից պնդել են իրենց այդ վարկածը, թե հրամանագիրը ներքաղաքական գործընթացներում զինված ուժերը օգտագործելու մասին չէր:

Մասնավորապես, ներկայում ԱԺ պատգամավոր, իսկ մինչ այդ գլխավոր դատախազ աշխատած Գեւորգ Կոստանյանն այդ լսումների ժամանակ հայտարարել էր.

«Այս հրամանը վերաբերում էր զորքը զորանոցային վիճակի բերելուն, ընդ որում պայմանավորված նրանով, որ ինքներդ շատ լավ հիշում եք, որ այդ ժամանակահատվածում սահմանին ակտիվացում էր գնում, միջադեպեր եղան»:

Այս վարկածը պարբերաբար «պնդել» է նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը:

Հ.Գ. Արթուր Բաղդասարյանի այս հայտարարությունը կարեւոր է այնքանով, որ նա, ի տարբերություն այս թեմայով արտահայտված այլ շատ անձանց, եղել է Անվտանգության խորհրդի քարտուղար, այսինքն՝ ի պաշտոնե այդ ինֆորմացիան ստուգելու, դրա իսկությունը ճշտելու հնարավորություն է ունեցել: Այլ հարց է, որ հանցանքը ոչ միայն հանցանք գործելն է, այլեւ՝ իմանալն ու չհայտնելը, իսկ ԱԽ քարտուղար եղած ժամանակ Բաղդասարյանն իմացել է ու չի հայտնել:

Բայց դրա մասին՝ հաջորդիվ: