21.06.2018 13:57

Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ գործընկերության խորհրդի անդրանիկ նիստի արդյունքներով համատեղ մամուլի հայտարարությունը

Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ գործընկերության խորհրդի անդրանիկ նիստի արդյունքներով համատեղ մամուլի հայտարարությունը

ԱԳՆ-ից փոխանցում են, որ այսօր Եվրոպական Միությունը եւ Հայաստանը գումարել են գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը՝ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված եւ միջանկյալ կիրառման մեջ մտած 2018թ. հունիսի 1-ին ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում:

Խորհուրդը ՀԸԳՀ շրջանակներում ստեղծված բարձրագույն մարմին է, որը կոչված է վերահսկելու Համաձայնագրի իրականացումը եւ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հայաստանը եւ Եվրամիությունը իրենց պատրաստակամությունն են հայտնել ընդլայնելու եւ խորացնելու համագործակցությունն այս նոր իրավական փաստաթղթի, Արեւելյան գործընկերության եւ վերանայված Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում:

Գործընկերության խորհուրդը ողջունել է Հայաստանում վերջերս տեղի ունեցած բողոքների խաղաղ բնույթը, որոնք հանգեցրին Սահմանադրության շրջանակներում կառավարության ժողովրդավարական փոփոխությանը: Եվրամիությունը բարձր է գնահատել բոլոր կողմերի ցուցաբերած ընդհանուր զսպվածությունը եւ կոչ արել քաղաքական շահագրգիռ ուժերին, այդ թվում նաեւ քաղաքացիական հասարակությանը, շարունակական եւ ներառական երկխոսության։

Եվրամիությունը ողջունել է Հայաստանի կառավարության հստակ հանձնառությունը պայքարել կոռուպցիայի դեմ եւ այս ուղղությամբ կառավարության ձեռնարկած հստակ գործողությունները: ԵՄ-ը վերահաստատել է իր աջակցությունը բարեփոխումներին, այդ թվում տեխնիկական եւ ֆինանսական օժանդակության տեսքով՝ ուղղված ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը, Հայաստանում բարեկեցության եւ սոցիալ-տնտեսական աճի ավելացմանը:

Գործընկերության խորհուրդը ընդգծել է Հայաստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու կարեւորությունը՝ համահունչ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի առաջարկություններին` ընտրական գործընթացի նկատմամբ վստահության ամրապնդման համար: ԵՄ-ը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին նոր ընտրությունների կազմակերպման եւ դիտարկման հարցում:

Գործընկերության խորհուրդը նաեւ շեշտել է, որ արդյունավետ եւ անկախ դատական համակարգը կարեւոր է օրենքի գերակայության համար եւ արժեքավոր նախապայման՝ տնտեսական եւ սոցիալական զարգացման համար: Խորհուրդը նաեւ մատնանշել է նոր քրեական օրենսգրքի եւ նոր քրեական դատավարության օրենսգրքի մշակման արագ առաջընթացի անհրաժեշտությունը եւ ընդգծել հակակոռուպցիոն բնագավառում համապարփակ օրենսդրության կարեւորությունը:

Ի հավելումն, Գործընկերության խորհուրդն ընդգծել է շարունակական ջանքերի միջոցով առեւտրի ոլորտում Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների հետագա կատարման անհրաժեշտությունը` Հայաստանում կայուն, բիզնեսի զարգացման համար բարենպաստ եւ կանխատեսելի առեւտրային միջավայրի ապահովման համար, այդ թվում աշխարհագրական տեղանունների պաշտպանության վերաբերյալ դրույթների լիարժեք եւ ժամանակին իրականացումը: Գործընկերության խորհուրդն ընդգծել է նաեւ հարկային ոլորտում լավ կառավարման կարեւորությունը` ըստ Բիզնեսի հարկման ոլորտում բարեվարքության կանոնների:

Էներգետիկ ոլորտում Գործընկերության խորհուրդը մատնանշել է էներգետիկ անվտանգության, էներգախնայողության, վերականգնվող էներգիայի եւ միջուկային անվտանգության կարեւորությունը՝ ըստ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ 2018թ. փետրվարի 21-ին ստորագրված Հայաստան-Եվրամիություն գործընկերության առաջնահերթությունների։

Տրանսպորտային ոլորտում Գործընկերության խորհուրդն ակնկալում է 2017թ. նոյեմբերի 24-ին նախաստորագրված Հայաստան-Եվրամիութուն համապարփակ օդային փոխադրամիջոցների մասին համաձայնագրի ստորագրում, ինչը կբարելավի շուկայի հասանելիությունը եւ կնպաստի անվտանգության, բնապահպանության եւ սոցիալական առավելագույն չափանիշների ապահովմանը: Ավելին, բոլոր չափանիշների բավարարման դեպքում Հայաստանը պատրաստակամություն է հայտնել սկսել Մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությունը:

Գործընկերության խորհուրդը վկայակոչել է, որ Հայաստան-Եվրամիություն Գործընկերության առաջնահերթությունները կձեւավորեն Հայաստանին ԵՄ աջակցության գերակայությունները:

Ավելի քան 160 մլն եվրո է հատկացվում 2017-2021 թվականների համար:

Գործընկերության խորհուրդը ընդգծել է այդ ռեսուրսների առավելագույնս օգտագործման անհրաժեշտությունը` աջակցելու Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանը եւ քաղաքացիների կենսապայմանների տեսանելի եւ շոշափելի բարելավմանը:

Գործընկերության խորհուրդը ի գիտություն է ընդունել Հայաստանի վերաբերյալ հունիսի 6-ին հրապարակված Եվրոպական հարեւանության քաղաքականության երկրների զեկույցը եւ կարեւորել 2017 թվականի մայիսին Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդից ի վեր ԵՄ-Հայաստան հարաբերություններում արձանագրված առաջընթացը: Գործընկերության խորհուրդը որոշել է, որ հետագա զեկույցները կվերնագրվեն «Գործընկերության զեկույցներ»՝ կենտրոնանալով Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման վրա:

Ի լրումն ՀԸԳՀ շրջանակներում երկկողմ հարաբերություններին՝ Գործընկերության խորհուրդն ընդգծել է Հայաստանի ակտիվ մասնակցությունն Արեւելյան գործընկերությանը՝ որպես համընդգրկուն բազմակողմ ձեւաչափի:

Հայաստանը հաստատել է իր հանձնառությունը կարեւոր, դինամիկ եւ կառուցողական դեր խաղալու Արեւելյան գործընկերության շրջանակներում: Հայաստանը եւ Եվրամիությունը երկուստեք ընդգծել են Արեւելյան գործընկերության «2020 արդյունքներին» հասնելու կարեւորությունը:

ԵՄ-ն ընդգծել է իր պատրաստակամությունը քննարկելու Արեւելյան գործընկերության ներքո հատուկ ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված հստակ առաջարկներ:

ԵՄ-ն վերահաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Գործընկերության խորհուրդն ընդգծել է, որ Սիրիայում հակամարտության տեւական եւ վստահելի քաղաքական հանգուցալուծման հասնելը բացառիկ կարեւորություն է ներկայացնում: Սիրիայի փախստականներին Հայաստանում ինտեգրվելու նպատակով Եվրամիությունը «Մադադ» հիմնադրամի շրջանակներում կենտրոնացրել է 3 միլիոն եվրո:

Եվրամիությունը վերահաստատել է իր հանձնառությունը աջակցելու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը եւ հորդորեց կողմերին ներգրավվել այս գործընթացի մեջ առանց որեւէ նախապայմանի:

Կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը Իրանի վերաբերյալ ստանձնած միջազգային պարտավորությունների հանդեպ:

Խորհուրդը նախագահում էր ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, հայաստանյան պատվիրակության ղեկավարն էր արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: