21.06.2018 17:40

Սերգո Տոնոյան. Քաղաքաշինության հիմնական մարտահրավերը դեռեւս ճանապարհաշինությունն է

Սերգո Տոնոյան.  Քաղաքաշինության հիմնական մարտահրավերը դեռեւս ճանապարհաշինությունն է

Որքան էլ ցավալի է, սակայն մինչ օրս Հայաստանի քաղաքաշինական խնդիրների օրակարգը կազմելիս ամենաառաջնային տեղում ստիպված ենք լինելու նշել 1988 թվականի երկրաշարժի հետեւանքով ձեւավորված աղետի գոտու, վերջին աստիճանի վթարային շենքերի եւ տարատեսակ ենթակառուցվածքների, ինչպես նաեւ՝ առնվազն համապետական ճանապարհների վերականգնման տասնամյակներ ձգվող աշխատանքները։

Թե ինչու են խիստ կարեւոր այս խնդիրները մինչեւ հիմա անլուծելի մնացել, կարծում ենք՝ հավելյալ բացատրության կարիք չունի. նախորդ իշխանության կոռումպացվածության, պետական միջոցների անխնա վատնման ու թալանի մի աներեւակայելի խոշոր աղբյուր էլ հենց այս բնագավառից է հոսել։ Հետեւաբար եւ դժբախտաբար, նոր իշխանությունը հարկադրված է լինելու ոչ միայն զբաղվել ոլորտում կատարված ապօրինի չարաշահումների բացահայտմամբ, այլեւ շուտափույթ կերպով լծվելու վերոթվարկած բացերը լրացնելու գործին։ Այս տարվա դեկտեմբերին լրանում է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցը, եւ անչափ կարեւոր է մեկընդմիշտ փակել եւ հանել մեր օրակարգից աղետի գոտու ամոթալի այս հարցը։

Այդուհանդերձ պետք է արձանագրել, որ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները չեն շրջանցել նաեւ քաղաքաշինության ոլորտը, որի ամենաազդեցիկ ղեկավարներից տխրահռչակ Նարեկ Սարգսյանն արդեն իսկ հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Թե՛ երիտասարդ, թե՛ ավագ սերնդի բազմաթիվ ճարտարապետներ, ինչպես նաեւ հասարակության մի ստվար զանգված, այս լուրն ընդունել էին մեծ ցնծությամբ, եւ դա բոլորովին էլ պատահական չէ։ Նարեկ Սարգսյանը 20-ամյա ավազակապետական ռեժիմի ամենավառ մարմնացումներից մեկն էր, եւ անկասկած, ժամանակի ընթացքում վերջինիս գործունեությունն արժանանալու է մանրամասն վերլուծության՝ թե՛ մասնագիտական, թե՛ իրավական հարթություններում։ Սակայն, չսպասելով դրան, այսօր էլ կարելի է ակնկալել, որ Հայաստանում բռնապետական, ֆեոդալական կարգերի տապալմամբ վերջ կդրվի նաեւ ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտում նախկինում տեղ գտած արատավորությանը, որոնք գոյանում, ծագում էին հենց վերոնշած կարգերի պատճառով։

Այնպես չէ, որ անցած 20 տարիների ընթացքում Հայաստանում կամ Արցախում նշանակալի քաղաքաշինական գործունեություն չի ծավալվել։ Խնդիրը, սակայն, դրանց քանակի եւ որակի մեջ է, իսկ որ ամենակարեւորը՝ փիլիսոփայության։ Շրջե՜ք ամբողջ Հայաստանով, քիչ թե շատ բարվոք համապետական ճանապարհներից թեքվեք դեպի համայնքներ տանող ճանապարհները՝ հընթացս չմոռանալով զմայլվել հայրենի բնությամբ, մտեք գյուղեր կամ քաղաքներ, եւ 20-ամյա ռեժիմի «փիլիսոփայությունը» ակնառու կդառնա մինչեւ վերջին մանրուքը։ Գյուղապետերը՝ մանր ֆեոդալների նման կառավարում են համայնքներում տասնամյակներով, կարծես՝ ժառանգական կալվածատերեր լինեն։ Իրենց իշխանավարության ընթացքում նրանք, եթե անգամ հաջողել են բարեկարգել համայնքի ճանապարհների 1-2%-ը, մի այդքան էլ ջրագիծ կամ այլ ենթակառուցվածք են փոխել, բյուջեից հատկացված հսկայական գումարներից էլ դպրոցի կամ մանկապարտեզի մեկանգամյա վերանորոգում կազմակերպել, փոխարենը՝ չեն հապաղել ընդլայնել եւ վերակառուցել սեփական կալվածքները ճի՛շտ միջնադարյան ֆեոդալի ճաշակով եւ մտածողությամբ՝ արտաքինից պարսպապատ, ներքուստ՝ հնարավորինս շքեղ։ Այսպես է Հայաստանը կառուցապատվել գյուղերից մինչեւ Երեւանի Հյուսիսային պողոտա, փոքր ֆեոդալից մինչեւ հիմա արդեն բոլորին հայտնի՝ խոշորները։ Ամենուրեք տիրել է պետական բյուջեից հատկացրած գումարներով մասնավոր շահերի սպասարկմանն ուղղված կառուցապատման քաղաքականությունը։

Ճիշտ ժամանակն է ուրեմն, որ պետությունը լրջորեն վերանայի բյուջետային միջոցների բաշխումը կառուցապատման ոլորտում։ Իսկ սկսել պետք է, ինչպես վերը նշեցինք, ճանապարհներից։ Ցանկացած պետության ճանապարհները կարելի է համեմատել մարդու անոթատար համակարգի հետ։ Որքան անոթները մաքուր են, այդքան էլ դրանցով հոսող արյունն ապահովում է անխափան շրջանառություն՝ առողջ պահելով ամբողջ օրգանիզմը։ Միանգամայն ճիշտ է նաեւ, հաշվի առնելով Երեւանի ծանրաբեռնվածությունն ու խցանվածությունը, այս իրավիճակը համեմատել սրտի անառողջ աշխատանքի հետ։

20 տարի մեզ քարոզում էին ծովից ծով Հայաստան, հարեւան Թուրքիան ճիշտ նույն 20 տարում հենց Արեւմտյան Հայաստանում ամենաբարձր որակի ճանապարհներ է կառուցել։ Իսկ Գարեգին Բ կաթողիկոսի գահակալության ընթացքում Հայաստանում 100-ից ավելի եկեղեցիներ են կառուցվել. Պատկերացնու՞մ եք, թե քանի հարյուր կիլոմետր ճանապարհ կարելի էր կառուցել այդ միջոցներով՝ ապահովելով բարեպաշտ եւ հավատացյալ ժողովրդի անվտանգ երթեւեկությունը, խթանելով նրանց առեւտրական փոխհարաբերությունների զարգացումը եւ այլն։ Բարեկարգ ճանապարհից է սկիզբ առնում բարեկարգ գյուղը, քաղաքը, եւ դա պետության պարտականությունն է։ Քաղաքաշինության ոլորտի համապատասխան օրենքների պահանջների կատարման վերահսկողության խստացման եւ իհարկե՝ պետության կառուցած բարձրակարգ ճանապարհների առկայության պարագայում, մասնավորի մտքով այլեւս չի անցնի այլանդակել ճանապարհից այն կողմ գտնվող շրջակա միջավայրը։

Ճանապարհաշինությունն ինքն իրենով լուծելու է բազմաթիվ խնդիրներ․ գյուղից քաղաք մթերք փոխադրող գյուղացին, Իրանից Հայաստան եկող բեռնատարի վարորդը, օտարերկրյա ներդրողները, զբոսաշրջիկները, բոլո՛րը երկար տարիներ դրան են սպասում։