22.06.2018 12:40

Կառավարական «դաչաները» 54 մլն դրամի ջրի վարձի պարտք չե՞ն ունեցել

Կառավարական «դաչաները» 54 մլն դրամի ջրի վարձի պարտք չե՞ն ունեցել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին:

Հանդիպման ընթացքում հետաքրքիր տեղեկություններ են ի հայտ եկել:
Մասնավորապես, Փաշինյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է հետևողական քայլեր իրականացնել ջրի կորուստների ծավալները նվազեցնելու ուղղությամբ, և հավելել է, որ դա կնպաստի նաև սակագնային արդյունավետ քաղաքականությանը: 
Այդ համատեքստում Փաշինյանը նշել է, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տարածքում (կառավարական դաչաներ) առկա կառավարական առանձնատների սպառած ջրի դիմաց կուտակած պարտքը հասնում է 54 մլն դրամի և հավելել, որ արդեն իսկ հանձնարարել է, որպեսզի այն վճարվի:

Փաշինյանը կարևորել է, որ ընկերությունը հետևողական լինի բոլոր նման դեպքերում և բարձրացնի գործունեության արդյունավետությունը՝ ուշադրության տակ պահելով ոչ միայն անապահով և խոցելի խավերին, այլև հատկապես՝ վճարունակ, բայց անպարտաճանաչ սպառողներին: 

Հ.Գ. Այսօր վարչապետի խոսնակ Արման Եղոյանը «Ազատության» հետ զրույցում ասել է, թե «ուղղակի մի ճշգրտում անեմ կոնկրետ թվի հետ կապված՝ կոնկրետ նշված թիվը եղել է տեխնիկական վրիպակ, ինչ վերաբերում է պարտքերին, ապա՝ այո, հանձնարարվել է ճշտել պարտքերի առկայությունը, դրաց չափը և ներկայացնել հստակ տվյալներ։ Սա է եղել, իսկ այդ թիվն ուղղակի եղել է վրիպակ։ Պարտքերի չափը, կամ դրանց առկայությունն այս պահին ճշտվում է»։