18.01.2013 17:43

Բակո Սահակյանն անդրադարձել է ջրամատակարարման հիմնախնդիրներին

Բակո Սահակյանն անդրադարձել է ջրամատակարարման հիմնախնդիրներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված հանրապետությունում ջրամատակարարման հիմնախնդիրներին:

Նախագահ Սահակյանը ջրամատակարարումը, ջրային պաշարների արդյունավետ օգտագործումը եւ պահպանումը համարել է ռազմավարական այն ուղղությունը, որն առնչվում է պետության կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներին եւ հանդիսանում է երկրի անվտանգության առանցքային բաղադրամասերից մեկը:

Անդրադառնալով ոլորտում իրականացվելիք աշխատանքներին' երկրի ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է մշակել այնպիսի համալիր ծրագիր, որն օբյեկտիվորեն եւ ճշգրիտ կերպով կարտացոլի ներկա իրավիճակը, հանրապետության բոլոր բնակավայրերում ջրամատակարարման հետ կապված խնդիրները, եւ միաժամանակ, կնախանշի դրանց լուծման ուղիները: Նախագահը նշել է, որ լուծումների հիմքում պետք է ընկած լինեն առողջ տրամաբանությունն ու առաջնահերթությունները, որոնք հնարավորություն կտան համալիր կերպով բարելավել առկա իրավիճակը եւ կայուն հիմքեր ստեղծել սոցիալ-տնտեսական զարգացման համար:

Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` աշխատանքների իրականացման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք: