22.06.2018 12:52

Երեւանի պետական համալսարանը պատմություն է կեղծում

Երեւանի պետական համալսարանը պատմություն է կեղծում

Հայոց նորագույն պատմության կեղծման մասին նյութերի վերահրապարակման մեր ծրագրով խոստացած շարքից, ստորեւ՝ Աշոտ Սարգսյանի 30.11.2012թ. թվակիր մի հոդվածը: 

***

Երբ ԵՊՀ-ն ոչ թե պատմություն էր կեղծում, այլ, ընդհակառակը՝ իր պատմաբան գիտնականներով պայքարում էր մեր պատմության այլազգի կեղծարարների դեմ, դրա դափնիները սիրով ու արդարացիորեն կիսում էին բոլոր դասախոսներն ու ուսանողները՝ անկախ մասնագիտությունից։ Ամեն մեկն իր չափով հպարտանում էր դրանով։ Հիմա նույն համալսարանը պատմություն է կեղծում։ Հայոց պատմությունը։ Այո՛, հե՛նց համալսարանը, ոչ թե նրա այսինչ ֆակուլտետի այսինչ ամբիոնը կամ այսինչ պրոֆեսորը։ Այսինքն՝ ինչպես ժամանակին լավ գործի պատիվն էին կիսում բոլորը, հիմա էլ խայտառակությունն է վերաբերում բոլորին՝ ամեն մեկին իր չափով։

Վերնագիրը հատուկ այսպես ձեւակերպեցի, որ անհասկանալի այս թմբիրից արթնանան վերջապես, զգաստանան բոլորը՝ դասախոս թե ուսանող, վերագտնեն մարդու ու համալսարանականի իրենց երբեմնի արժանապատվությունը։

Էս ո՞ւր ենք հասել...

Սա այն համալսարանն է, որն ինքն էր առաջին շարքերում պայքարում Հայոց պատմության կեղծարարների դեմ։

Սա այն համալսարանն է, որտեղ խորհրդային շրջանում անգամ, երբ հանրապետության առաջին դեմքերը գալիս էին այստեղ ընդհանուր ժողովի, գալիս էին քննության հանձնող ուսանողի անվստահությամբ ու երկյուղով՝ կհանձնե՞ն, թե՞ չէ (անաղմո՞ւկ կանցնի, թե՞ ոչ)։

Սա այն համալսարանն է, որ առջեւում էր, երբ 1965-ին առաջին անգամ նշվեց 1915թ. Հայոց ցեղասպանության օրը (50-ամյակը)։ Այն համալսարանն է, որտեղ միշտ այլախոհություն է եղել՝ բացահայտ, կիսալեգալ  թե անլեգալ։ Ազգային հարցերով զբաղվող ուսանողական խմբակներ են գործել։ Այլախոհությունն է միշտ էլ եղել Համալսարանի դեմքը։

Եւ վերջապես, սա այն համալսարանն է, որի այլախոհական միջավայրից դուրս եկան 1988-1990թ. համաժողովրդական շարժումը ղեկավարած «Ղարաբաղ» կոմիտեի՝ կարծեմ՝  բոլոր 11 անդամները (որոնք նաեւ դեռ շա՜տ հեռու են արժանիորեն գնահատված լինելուց)։

Մամուլում քննարկվում է համալսարանի հրատարակած «Հայոց պատմության» նոր բուհական դասագրքի  մի քանի էջ, որ վերաբերում է 2008-ի Մարտի 1-ին։ Եւ, որքան գիտեմ, դեռ չի եղել մի լրատվամիջոց, որն այդ նյութին անդրադառնա ու չհամաձայնի, որ իրականությունը կոպտորեն կեղծված է։ Մի պարզ պատճառով. որովհետեւ դա ընդամենը երեկ էր, դա եղել է բոլորի աչքի առաջ եւ շատերի մասնակցությամբ, եւ գրքում գրածը ոչ մի կերպ չի համապատասխանում մարդկանց տեսածին։

Խայտառակության տեքստի հեղինակը՝ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, հիմա թերթից-թերթ, հեռուստաալիքից հեռուստաալիք է վազում ամեն օր։ Թեեւ ծայրահեղ շփոթված, բայց փորձում է ոչ թե նույնիսկ արդարանալ, այլ պնդել, որ ամեն ինչ եղել է հենց այնպես, ինչպես գրված է։

էս ի՜նչ են դարձրել մարդկանց...

Հիմա այդ ակնհայտորեն սուտ խոսող դասախոսի, դեկանի, պրոֆեսորի երեսին ուսանո՞ղ կնայի։ Կամ՝ վաղն այդ մարդն այդ «բագաժով» ինչպե՞ս է ապրելու նորմալ իշխանություն եւ վերականգնված նորմալ արժեքային համակարգ  ունեցող հասարակությունում։ Ուրեմն, այդ մղձավանջի հանդիման՝ այսօր  ի՞նչ է մնում նրան, եթե ոչ դառնալ այս ռեժիմի մահապարտ պաշտպանը։ Սա մի դեպք է հարյուրավորներից, հազարավորներից։ Սա արտադրություն է, ռեժիմի գործունեության ամնակարեւոր բնագավառը՝ մարդկանց խայտառակ գործերի ու չներվող հանցանքների մղելով՝  նրանց ոչ միայն դարձնել ռեժիմի ստրուկը, այլեւ ռեժիմի մահապարտ պաշտպանը։

Ինչո՞ւ է շտապում Սերժ Սարգսյանը

Սա մի փոքրիկ թարախապալար էր ավազակապետության մարմնին, որ պայթեց։ Ռեժիմը հենված է այսպիսի հարյուրավոր ու հազարավոր թարախապալարների վրա։ Կամ ինքը դրանց ամբողջությունն է։

Ինձ կարող են առարկել. Լավ, այս երկրում արդեն քանի անգամ ամբողջ ընտրություններ են կեղծում, խորհրդարան ու խաղաղ ցուցարարների գնդակահարում, հարյուրավոր մարդկանց կեղծ մեղադրանքներ հարուցում... Դրա կողքին շատ չծանրացա՞նք էս փոքրիկ ու հետեւանք չունեցող էպիզոդի վրա։ Պատմություն է, հո դատավճիռ չի, մեկն այսպես է գրել, մյուսն այնպես կգրի։ Մոտավորապես հենց այդպես էլ ասում են խնդրո առարկա կեղծիքն իրականացնողները՝ հեղինակից մինչեւ նախարար։

Ո՛չ, սա ավելի վտանգավոր է ու շատ ավելի վնասաբեր։ Վաղը մեր պատմությունը կեղծելով իրենց քաղաքական խնդիրները լուծող հարեւաններն այս գիրքը միջազգային ատյանում կդնեն սեղանին ու կասեն. «Տեսեք, այս մարդիկ իրենք են իրենց պատմությունը կեղծում, ուրեմն քանի՞ կոպեկ արժեն նրանց փաստարկները, խոսքերը մեր հասցեին»։

Էդիկ Մինասյանը, իրեն կորցրած, ինքնապաշտպանական բնազդով մատնեց իր աղբյուրը. Նիկոյանի հանձնաժողովի «նյութերը» (իրականում, երեւի, միայն վերջնական զեկույցը)։ Եւ սա՝ որպես... իր շարադրանքի հավաստիության փաստարկ։ Բոլորին է հայտնի, չէ՞, որ այդ հանձնաժողովն ստեղծվել էր Մարտի 1-ը պարտակելու համար։ Ու Նիկոյանն արեց այդ սեւ գործը։ Հայ Ազգային Կոնգրեսը չկար այդ հանձնաժողովում։ Հանձնաժողովի երկու անդամներ ընհանրապես չստորագրեցին նրա կազմած զեկույցը։ Այն կոշտ գնահատականների արժանացավ եվրոպական կառույցների կողմից։ Այսինքն՝ որպես աղբյուր՝ սա պատմաբանի համար ամենախոտելի փաստաթուղթը պիտի լիներ։ Իրականում, իր աղբյուրը բացահայտելով, Է. Մինասյանն ասում է. «Ի՞նչ եք ուզում. ինձ տվել են Նիկոյանի զեկույցը, ասել են՝ սրանով կառաջնորդվես, բան չպակասի»։

Է. Մինասյանը նույն ինքնապաշտպանական բնազդով նաեւ բողոքեց. ինչո՞ւ եք միայն ինձ վրա քշում՝ «...այդ գիրքը մասնագիտական խմբագիրներ ունի, որոնցից են՝ Պետրոս Հովհաննիսյանն  ու ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանը: Սա երկար նայվել, քննարկվել է, ամբիոնի կողմից էլ՝ երաշխավորվել» («Առավոտ»  27.11.2012)։

Ճիշտ է ասում։ Բայց քիչ է ասում։ Նրա թվարկած անուններից բացի, պատմությունը կեղծելու պատասխանատվության լիարժեք կրողներ են համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, կրթության նախարար Ա. Աշոտյանը, որոնք ֆունկցիոնալ առնչություն են ունեցել դրան։

Եւ ինչպե՞ս մի քանի ֆիլտրերով անցնելով հանդերձ՝ կեղծիքը հասել է տպագրության։

Որովհետեւ սա պատվեր է, հրահանգ։ Այնպիսի հրահանգ, որը չէր կարելի չկատարել։ Հրահանգն իջեցրել է համալսարանի ամենաբարձր պաշտոնյան՝ ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը։ Երբ նա ստանձնեց այդ պաշտոնը, տարակուսանքներ եղան. ինչպե՞ս պետք է հեռակա բարձրագույն կրթություն ստացած մարդը ղեկավարի Համալսարանի խորհուրդը՝ կազմված պատկառելի գիտնականներից՝  ակադեմիկոսներից, դոկտորներից, պրոֆեսորներից։ Եւ դա իր ինչի՞ն է պետք։

Ահա՛, այսպե՛ս, սրա համար։

Վերջին առնվազն 10 տարին դեռ պատմության նյութ չէ, այլ քաղաքականության։ Սա կանոն է։ Սերժ Սարգսյանը շտապում է այն պատմություն դարձնել։ Որովհետեւ պատմությունը պատմություն է, էլ ոչինչ չես փոխի։ Օրինակ՝ էլ ոչինչ չես փոխի Խորհրդային Միության պատմության մեջ։ Ս. Սարգսյանն ուզում է, որ իրեն ձեռնտու տարբերակով այդպիսին լինի նաեւ վերջին 5 տարին։ Շատ է ուզում։ Որովհետեւ դա նշանակում է «փակել էջը»։ Բայց միայն պատմության դասագրքում քո ուզած ձեւով այսօրվա մասին գրելը դեռ չի նշանակում, թե այն պատմություն դարձավ։ Կան բաներ, որոնք վաղեմության ժամկետ չունեն։

Երբ 1930-ական թվականներին Հիտլերն ասում էր՝ «Հիմա ո՞վ է հիշում հայկական կոտորածները», ոչ թե ասում էր, թե այն մոռացվել է, այլ՝ որ քաղաքական հարցից վաղուց վերածվել է պատմության հարցի։ Նույն կերպ՝ երբ Թուրքիան համառորեն պնդում է, որ Հայոց ցեղասպանության հարցը պետք է տալ պատմաբաններին, նշանակում է, թե նույն հարցը քաղաքականից վերածեք պատմականի։ Որովհետեւ պատմական հարցերն ընդամենը ուսումնասիրվում են, իսկ քաղաքական հարցերը՝ լուծվում։ Ահա նույն կերպ էլ, Մարտի 1-ն իր ուզած տարբերակով պատմության դասագիրք մտցնելով, Ս. Սարգսյանին թվում է, թե դրանով այն արդեն դադարեց քաղաքական՝ լուծում պահանջող հարց լինելուց։

Մարտի 1-ը դեռ պատմություն չէ։ Այն Հայաստանի թիվ մեկ քաղաքական ու դրանով իսկ՝ լուծում պահանջող հարցերից մեկն է։ Դեռ երեկ այդ խնդրով խորհրդարանական նոր հանձնաժողովի ստեղծման հարց է հարուցվել։ Հոկտեմբերի 27-ը նույնպես պատմություն չէ։ Երբ կվերականգնվի սահմանադրական կարգը, երկուսն էլ բացահայտվելու են մինչեւ վերջ եւ՝ բոլորի համար համոզիչ։ Դրա համար էլ շտապում է Սերժ Սարգսյանը...

Հ.Գ. Ազգային ժողովի կայքից հանվել է Նիկոյանի 138 էջանոց զեկույցը։ Խնդրում ենք տեղադրել։ Պետք է։

Աշոտ Սարգսյան