22.06.2018 16:36

Լիզա Ճաղարյան. «Առաքյալ» Շարմազանովը՝ հայտնի ֆիլմի Մուրադի դերում

Լիզա Ճաղարյան. «Առաքյալ» Շարմազանովը՝ հայտնի ֆիլմի Մուրադի դերում

Ես չգիտեմ, թե ինչ ու ինչպիսի առանձնատան կադրեր է ցուցադրել «Երկիր ծիրանի»-ի ղեկավարուհին, անկեղծ ասած՝ հետաքրքիր էլ չէ, որովհետեւ եթե ազգովի սկսենք հետեւել ՀՀԿ-ական իշխանության ներկայացուցիչների դղյակների ու ալան-թալանի մասին ցուցադրվող բոլոր տեսանյութերին, ապա դժվար թե ժամանակ ունենանք «ըմբոշխնելու» նաեւ իրենց «անունն ու պատիվը» պաշտպանողների բոցաշունչ ելույթները։

Իսկ հետեւել անհրաժեշտ է, որովհետեւ Հայաստանում քաղաքացիներ կան, որոնք այս մարդատեսակին ու սրանց «պատվասիրությունը» շատ ավելի վտանգավոր են համարում, քան, օրինակ, «շատ շնորհքով ներխուժված» շմայսներին ու նրանց հրապարակային անպատվությունը։

Եվ այսպես՝ ամենակարկառուն «պատվասեր» Էդուարդ Շարմազանովը Մուրադի պես «կատաղել» է ու Ալբանիայից սպառնալիքներ է ուղարկել «ծտի թեւով», թե բա՝ իմացած եղեք, «պաշտոնապես հայտարարում եմ, որ այսուհետ եթե որեւէ մեկը կփորձի արատավորել իմ անունը եւ մոդայիկ դարձած ժողովրդահաճո անվանարկումներով էժան հեղինակություն ձեռք բերել՝ զրպարտությամբ, անկախ իմ պաշտոնական դիրքից, պաշտպանելու եմ պատիվս դատարանում»:

Վերջում էլ ավելացրել է. «Սթափվեք, տիկնայք եւ պարոնայք, ձեր անպատժելիության ժամկետը սպառվել է»։

Վա՛հ։

Հիմա ես ասելիքս ասեմ պարոն Շարմազանովին եւ ՀՀԿ-ական մնացյալ տառաճանաչ «պատվասերներին», ու դրանից հետո թող ինձ դատի տան։ Հուսով եմ, հենց շարմազանովները դատի տան ինձ, ԱԱԾ-ն կամ ոստիկանությունը մեր տուն էլ «շատ շնորհքով կներխուժի» (Շմայսի ականջը կանչի)։

«10 տարի ծառայել եմ եւ շարունակում եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը՝ պետական պաշտոնը համարելով առաքելություն», - ալբանիաներից ծլվլում է Շարմազանովը։

Աշխարհիս երեսին մարդկությանը հայտնի երկու բնորոշում կա այս խոսքի հեղինակ «առաքյալի» եւ առհասարակ Ազգային ժողովում դեռեւս «պատվախնդրորեն» իրենց «առաքելությունը» կատարող մնացյալ ՀՀԿ-ականների համար.

Մեկը սա է՝ Էդուարդ Շարմազանովը քաջատեղյակ էր, որ իր պաշտելի ղեկավար Սերժիկ Սարգսյանի հովանավորությամբ եւ հանցագործ մասնակցությամբ՝ Հանրապետական վերնախավի բազմաթիվ ներկայացուցիչներ կողոպտում էին այն Հայաստանի Հանրապետությունը, որին «ծառայել ու շարունակում է ծառայել» առաքյալ Շարմազանովը։ Քաջատեղյակ էր, որ Հայաստանի դատաիրավական համակարգը կատարում էր միայն իր թանկագին առաջնորդի հրահանգները՝ հալածելով ռեժիմի դեմ պայքարողներին եւ հովանավորելով մարդասպաններին ու քրեական հեղինակություններին, որովհետեւ հենց նրանք էին ապահովում այն «արդար» ձայները, որոնց շնորհիվ արդեն տասը տարի է ԱԺ-ում ամբարտավան կեցվածքով ամբիոնից հասարակությանը դասեր են տալիս շարմազանովները, բաղդասարյաններն ու հերմինենաղդալյանները։ Քաջատեղյակ է ու չի մոռացել, որ իր «ազգընտիր» ու «պետականամետ» Սերժիկ Սարգսյանը 2008-ին իշխանության հասավ առնվազն տասը անմեղ զոհերի դիակների վրայով ու հարյուրավոր քաղաքացիների բանտերում փակելու գնով։ Քաջատեղյակ է, որ իր «հոգեւոր հայր» Սերժիկ Սարգսյանի եղբայր Սաշիկը տարիներ շարունակ հետապնդում էր գործարարներին՝ իր հիսուն տոկոս «փայը» ստանալու համար։ Ու ստանում էր։ Քաջատեղյակ է, որ տարածաշրջանի ամենամարտունակ բանակի զինվորներին կերակրողն ու հագուստ-կապուստով ապահովողներն այդ զինվորների ծնողներն էին, ոչ թե ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Քաջատեղյակ էր, որ ՀՀ բարձրագույն հրամատարությունը՝ իրենց գերագույն հրամանատարի հետ միասին ապրում էին ու ապրում են փադիշահի պես, իսկ ապրիլյան պատերազմի օրերին 18-20 տարեկան պատանիները պաշտպանվում էին «կանսերվի» տուփերով ու մերկ ձեռքերով։ Քաջատեղյակ է, որ չորս օրվա ընթացքում հարյուրից ավելի զոհերի ողջ մեղքը իր «մեծարգո պապայի» ու նրա հովանավորած լկտիացած հրամանատարների ուսերին է։

Եթե այս թվարկվածների ու չթվարկված հազար ու մի չարագործությունների մասին տեղյակ է պարոն Շարմազանովը եւ շարունակում է լկտիաբար հոխորտալ, ուրեմն՝ ոչ միայն հանցակից է առնվազն իմանալ-չհայտնելու մեղադրանքով, եւ իր կիսավարտ ու արդար քրտինքով կառուցվող առանձնատան առկայությունն իրեն չի փրկի պատասխանատվությունից։

Երկրորդ տարբերակը՝ Էդուարդ Շարմազանովը տեղյակ չէր այս ամենից։ Սրանից էլ միայն մեկ հետեւություն կարելի է անել։ Ուրեմն՝ Էդուարդ Շարմազանովն անմեղսունակ է, եւ ՀՀ Ազգային ժողովը պետք է անհապաղ ազատագրել անմեղսունակների թայֆայից, որովհետեւ մենք «կրկեսի վերածելու հայրենիք չունենք»։ 

Մինչ պարոն Շարմազանովն ալբանիաներում կխորհի ինձ կամ ինձ նման իր հովվերգությունը խաթարող այլոց դատի տալու մասին, նախապես նաեւ թող կողմնորոշվի, թե այս երկուսից ո՛ր մեկն է ինքը։

Դեռ ժամանակ ունի, իր եւ իր նմանների անպատժելիության ժամկետը դեռ չի սպառվել՝ կեսճամփին է։