23.06.2018 12:02

ՖԻՖԱ-ն հերքում է այն տեղեկությունը, թե իբր մրցավարը խնդրել է Ռոնալդուի մարզաշապիկը

ՖԻՖԱ-ն հերքում է այն տեղեկությունը, թե իբր մրցավարը խնդրել է Ռոնալդուի մարզաշապիկը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հատուկ հայտարարությամբ է հանդես եկել՝ ի պաշտպանություն Մունդիալի Պորտուգալիա-Մարոկկո խաղի ամերիկացի մրցավար Մարկ Գեյգերի։

Պնդում են, թե խաղի ընդմիջման ժամանակ Գեյգերը խնդրել է Պորտուգալիայի հավաքականի ավագի մարզաշապիկը։ Գեյգերը հերքել է տեղեկությունը: ՖԻՖԱ-ն իր հերթին դատապարտել է նման անհիմն մեղադրանքը:

Տեսախցիկները չեն ֆիքսել այն պահը, երբ իբր Գեյգերը խնդրել է մարզաշապիկը։ Բայց այս մասին տեղեկացրել է Մարոկոյի հավաքականի հարձակվող Նորդին Ամրաբատը՝ հղում կատարելով Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Պեպեին։

- Անհավանական է։ Չգիտեմ, թե մրցավարը նախկինում ինչ է արել, բայց այսօր տպավորված էր Ռոնալդուի խաղով։ Պեպեն ինձ պատմեց, թե իբր ինքը 1-ին խաղակեսից հետո լսել է, որ մրցավարը խնդրել է Ռոնալդուին տալ իր մարզաշապիկը: Ինչի՞ մասին ենք խոսում։ Սա աշխարհի առաջնություն է, այլ ոչ թե կրկես,- հայտարարել էր բարկացած Ամրաբատը։