26.06.2018 11:53

Ռիալի փոխարժեքն ընկնում է, իրանցիները բողոքում են

Ռիալի փոխարժեքն ընկնում է, իրանցիները բողոքում են

Իրանում բողոքի ցույցեր են ծայր առել, որոնց պատճառը տեղական արժույթի՝ ռիալի փոխարժեքի կտրուկ անկումն է:

Թեհրանի փողոցներ է դուրս եկել մի քանի հազար մարդ: Ցույցերը նախաձեռնել են փոքր խանութների սեփականատերերը:

Սև շուկայում այժմ մեկ դոլարի դիմաց տալիս են 87 հազար ռիալ՝ պաշտոնական 42 հազար ռիալի փոխարեն:

Երկուշաբթի Իսլամական Հանրապետությունում արգելք է սահմանվել ավելի քան 1300 արտասահմանյան ապրանքների ներկրման նկատմամբ: Այդպիսով, ինչպես պնդում են փորձագետները, երկրի ղեկավարությունը փորձում է նվազագույնի հասցնել այն վնասը, որ կարող է կրել Իրանի տնտեսությունը, եթե Վաշինգտոնը կատարի իր խոստումը և վերականգնի պատժամիջոցները:

Մայիսին ԱՄՆ-ը դուրս եկավ Իրանի հետ միջուկային գործարքից: Ամերիկյան նախագահ Դոնալդ Թրամփն այն ժամանակ հայտարարեց, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ «բարձր մակարդակի» պատժամիջոցներ կսահմանի:

Փոխանցում է euronews-ը: