26.06.2018 19:43

Մհեր Արշակյան. Սպանել Անմահին

Մհեր Արշակյան. Սպանել Անմահին

Հեղափոխությունը հանգիստ չի տալիս ոչ միայն իր հակառակորդներին, այլեւ կողմնակիցներին: Վերջիններս դեմքով գիտեն բոլոր նախկիններին եւ օրինաչափորեն ատում են նրանց: Սակայն ագրեսիվ են դառնում մյուսների հանդեպ, որոնք հեղափոխության մեջ են եղել «ի պաշտոնե»: Այսինքն, որպես մամուլ: Եվ ահա նրանք ծանր են տանում որեւէ լրատվամիջոցի ոչ այնքան հաճելի հրապարակումը հեղափոխության որեւէ նախարարի նկատմամբ: Այստեղ խաղի կանոններ սահմանելու կարիք կա:

Խնդիրն այն է, որ հեղափոխականների մասին ցանկացած ոչ հաճելի գրառում ագրեսիվ է ընդունվում այն կանխավարկածով, որ քննադատվողը «ոչնչով լավը չէ հանրապետականից»: Սա թյուր ըմբռնում է: Հանրապետականի մեղքերը հետհեղափոխական Հայաստանում չի սպառնում նույնիսկ հանրապետականներին: Մյուս կողմից, Հայաստանում շատ բան է փոխվել, բայց շարքային մարդը, լրագրողը, պահպանել է նոր պաշտոնյայի մեջ հների մեղքերից փնտրելու իներցիան: Հենց սրանից է, որ պետք է զգուշանա լրագրողը: Նիկոլ Փաշինյանին եւ նոր կառավարությանը քննադատելիս պետք է մոռանալ նախկիններին: Որովհետեւ նախկիններն այնքան հանցագործ են եղել, որ վանկացած համեմատություն նոր կառավարության թերությունը կարող է դարձնել առաքինություն: Նորերը լեգիտիմ են, բայց նրանք Աստծո ներկայացուցիչներ չեն: Նրանք ունակ են կորցնելու հեղափոխությամբ թելադրված զգոնությունը: Նրանք, ի վերջո, մեկ մարդու հեղինակության ներկայացուցիչներն են եւ այդ մեկ մարդն ինքը նույնպես սովորելու է իշխանության այն հարմարություններին ու այլ իրականությանը, որոնց սովորելը անխուսափելի է:

Հանրապետականացումը բացառվում է: Դա նշանակում է, որ նոր քննադատության մեկնարկային կետը հենց իրենք են՝ նոր իշխանությունները, այսինքն, եթե քաղաքացու մոտ հարց է առաջանում, թե ինչու է նախարարի մեքենան շքեղ, կամ մոտ 1 միլիարդ դոլարի չարաշահումներ հայտնաբերելուց հետո ինչու՞ աշխատավարձերի բարձրացման մասին խոսք չկա, պետք չէ այս հարցերը սրերով ընդունել: Քաղաքացին ի վերջո հրաժարական չի պահանջում: Քաղաքացին ի վերջո դեռեւս իներցիայով գալիս է Հանրապետական Հայաստանից: Ինքն իրեն դեռ չի կարողանում կտրել այդ Հայաստանից, բայց դու՝ հեղափոխության ներկայացուցիչդ, երկրպագուն, կտրվիր նրան այդ իներցիայի մեջ ընկալելուց:

Ինչ վերաբերվում է մամուլին: Մամուլը դեռեւս իր լավագույն օրերը չի ապրում: Մամուլը դեռ չի սահմանել տնտեսական այն խաղի կանոնները, որոնք հավասար հարթության մեջ կդնեն իշխանության եւ լրատվամիջոցների իրավունքներն ու պարտականությունները: Մամուլին պետք է հանգիստ թողնել նույնիսկ իր սխալների մեջ: Եթե իշխանությունը ազատականացնի մարդու արտահայտման դաշտը, եթե մամուլը տեսնի, որ խաղի հին կանոնները չեն աշխատում, ինքը կվերակազմավորվի: Ի վերջո, մամուլը մինչեւ հիմա մրցդակցության մեջ չի գոյատեւել: Մամուլն այսպես ասած ապրել է «հետ չմնալու» բարդույթով: Բայց առաջ ընկնելու տնտեսական որեւէ հնարավորություն չի ունեցել: Մամուլը իշխանությունից ուշ է առողջանալու: Եվ այն, որ պետական պաշտոնյաներն այդքան բաց են այսօր հասարակության առաջ, ոչինչ չի նշանակում: Նախ դեռ փակվելու են, երկրորդ առջեւում ընտրություններ կա, եւ այս բացությունը պետք է գալու, դա քարոզչության լավագույն ձեւն է, եւ երրորդ, իշխանության ժամանակավորության զգացումը դեռեւս ոչ մեկի ձեռքից չի բռնել: Նրանք դեռ ունենալու են կարեւորության սրված զգացում, իսկ դա անվերապահորեն լինելու է այն ժամանակ, երբ կմտածեն իշխանությունը պահելու մասին: Դա բնական զգացում է լինելու: Ահա ինչու, մամուլի համար պետք է ստեղծվի հենց այն միջավայրը, որը յուրաքանչյուրի մեջ կսպանի Անմահին: