27.06.2018 15:09

Լիզա Ճաղարյան. «Քուչիտղայականության» մետաստազներն ամենուր են

Լիզա Ճաղարյան. «Քուչիտղայականության» մետաստազներն ամենուր են

Կարդացի ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմաբան-դոկտոր Հայկ Դեմոյանի «բաց նամակը» ԿԳ նախարարին ու փոխնախարարին։

Չգիտեմ՝ ինչպես են «ներխուժել» ԿԳՆ ղեկավարները եւ ինչու են «ներխուժել» Ցեղասպանության թանգարան, հուսով եմ՝ իրենք կպատասխանեն թանգարանի տնօրենին, առավել հուսով եմ՝ չեն գայթակղվի Դեմոյանի որդեգրած քուչիտղայական ոճով եւ իրենց հեղինակությանն ու վստահված պաշտոնին հարիր բացատրություն կտան։

Դոկտոր Դեմոյանի կեցվածքն ինձ հիշեցրեց տարիներ առաջ պատահած մեկ այլ տհաճ պատմություն։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի խմբագիրն էի, եւ ձեռքս ընկավ այդ օրերին հրատարակված մի գրքույկ, որի հեղինակը նույնպես դոկտոր էր։ Մեկ տարբերությամբ՝ նա պատմաբան չէր, գրականագետ էր։ Այդ գրքույկը հնարավոր չէր կարդալ առանց փշաքաղվելու։ Նողկանքից։ Դոկտոր գրականագետի ընտրած դիմակազերծման թիրախը նույնպես գրականագետ էր (գիտական աստիճանը չեմ հիշում)։ 

Եվ ի՞նչ եք կարծում, բանավեճի թեման գրականությու՞նն էր։ Ոչ։ Կարկառուն դոկտորի տեքստը ցածրագույն հայհոյանքներով ու վիրավորանքներով լեփ-լեցուն աղբանոց էր, ոչ մի սահման պահպանված չէր, նույնիսկ հասել էր այնտեղ, որ իր հակառակորդին «ստերջ» էր անվանել՝ բացահայտ ակնարկելով, որ ունակ չէ երեխա ունենալ։

Դոկտորի հակառակորդին չէի ճանաչում, մինչ օրս էլ չեմ ճանաչում։ Այդ եղկելի գրքույկի դեմ հոդված տպվեց մեր թերթում՝ այդ մակարդակի «գրական» բանավեճի անթույլատրելիության մասին։

Այս պատմության շարունակությունն առավել հետաքրքիր էր։

Հաջորդ օրը խմբագրություն ժամանեց մեկ այլ գրականագիտության դոկտոր։ Այս մեկն էլ նախորդ դոկտորի հարվածի տակ հայտնված գրականագետի թեւից էր։ Ըստ երեւույթին նրան չէր բավարարել մեր թերթում տպվածը, որոշել էր պակասը լրացնել։

Եվ՝ հո՜ չէր լրացրել։

Այս մի դոկտորն էլ իր գրականագետ ընկերոջը վիրավորած դոկտորին էր «բմբլահան արել»՝ նույն մակարդակի հայհոյանքներով, վիրավորանքներով եւ նույն ձեւով՝ նրա անձնական կյանքը «ջրի երես հանելով»։

Չեմ թաքցնում, ապշեցի։ Փորձեցի բացատրել այս դոկտորին, որ մեր թերթում տպված հոդվածը չէ՞ որ հենց ա՛յս մակարդակի դեմ էր, ոչ թե հատկապես ու մասնավորապես ձեր ախոյան դոկտորի, եւ եթե դուք նրա դեմ պայքարում եք նույն ոճով, ինչո՞վ եք տարբերվում նրանից։

Դոկտորը հո չզայրացա՜վ։ Իր գրած հոդվածի ոճով «նախշեց» նաեւ ինձ, դուռը շրխկացնելիս էլ ասաց՝ Վանոյի ընկերը չե՜ս։

Ու գնաց։ Երեւի աշխարհին պատմելու, թե ոնց են համարձակվել ինչ-որ թերթում իր նման դոկտորի քերթվածքը մերժել։

Երեւի մեկնաբանություններն ավելորդ են, ու հասկանալի է, թե առակս ինչ կցուցանե։ Ընդամենն ասեմ. եթե մարդու ներսում նստածը «դրոգապան Յագոր» է, ոչ մի գիտական աստիճան, դոկտորի ու ակադեմիկոսի կոչում նրան բարեկիրթ չեն դարձնի։

Հ.Գ. Ինչու՞ սույն դոկտորի վիրավորանքների շարանից հենց «Վանոյի ընկերը չես» ռեպլիկն ընդգծեցի։ Միայն մի պատճառով. այս պարոնը գրականագետ էր, եւ գոնե ինքը պարտավոր էր հասկանալ՝ Վանոն նախեւառաջ տաղանդավոր արձակագիր է, եւ նրա ընկերը լինելն ամոթալի բան համարողը գրականության տաճար չպետք է մտնի ցեխոտ «կճղակներով»։