29.06.2018 12:11

Լիզա Ճաղարյան. Փակուղի՝ «օրենքի տառին համապատասխան»

Լիզա Ճաղարյան. Փակուղի՝ «օրենքի տառին համապատասխան»

Լրագրողի հարցին, թե ինչու են Ալեքսանդր Սարգսյանին՝ Սաշիկին ազատ արձակել, ոստիկանապետ Օսիպյանը երեկ պատասխանեց, որ նրա մոտ հայտնաբերված զենքն օրինական է եղել։

Եվ ի՞նչ։

Հայաստանում ո՞վ չգիտի, որ ՀՀԿ-ական իշխանությունն ակնհայտ թուլություն ուներ զենքերի նկատմամբ, աջուձախ մեկը մյուսին «օրինական» զենքեր էին նվիրում, եւ սրանցից շատ-շատերի տներում, ցանկության դեպքում,  տասնյակ այդպիսի «օրինական» զենք ու զրահ հայտնաբերելը դժվար գործ չէ։

Եթե բազմաթիվ հանցագործությունների ու ապօրինությունների ճահճի մեջ մինչեւ կոկորդը խրված իշխանության կամակատար իրավապահներն «օրինականացրել են» սրա կամ նրա զենքը, ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ օրինականությունը պահպանելու մասին հայտարարած իրավապահներն ամեն անգամ «օրինական» բառը լսելիս պետք է նահանջեն ու «օրենքի տառին համապատասխան» արդարացնե՞ն «օրինականացված» հանցագործությունները։

Իսկ հարց չի՞ ծագում, թե ինչու՛ պետք է բեսպրեդելից շնչահեղձ լինող Հայաստանի հանցագործ իշխանության «օրինականացրած» ապօրինությունների առաջ ընկրկի նոր իրավիճակ թեւակոխած Հայաստանը։

Ո՞վ է Սաշիկը, որին թույլատրվել է «օրինական» զենք կրել։ Ավելին՝ այդ «օրինական» զենքը որպես հուշանվեր դարակում պինդ-պինդ փակելու փոխարեն, ձեռքն առնել ու ազատորեն երթեւեկել մի երկրում, որտեղ քաղաքացիների 99 տոկոսն անզեն է, որովհետեւ այդ քաղաքացիներն իշխող կուսակցության ղեկավարի եղբայրները չեն։

Մենք այսօր կանգնած ենք մի տարօրինակ իրավիճակի առջեւ, ըստ որի՝ ապօրինությունների ջահակիր ՀՀԿ իշխանության «օրինականացված» ապօրինությունների առաջ անզո՞ր ենք։ Անզոր ենք այն իրավապահ մարմինների առաջ, որոնք այդ իշխանության կամակատարն են եղել եւ տասնյակ տարիների ընթացքում օրինականացրել են ՀՀԿ-ական հանցագործների ցանկացած քմահաճու՞յք։

«Ամեն ինչ պետք է լինի օրենքի տառին համապատասխան» նշանաբանը որդեգրած նոր կառավարությունը ո՞նց է պատկերացնում օրինականության հաստատումը, եթե այդ օրինականության գլխին մի ուրվական է շրջում, եւ այդ ուրվականի անունն է՝ ապօրինի ՀՀԿ իշխանության հանցագործ գործունեության «օրինականության» ուրվական։

Այս նշանաբանն ու՞ր է տանում Հայաստանում օրինականության հաստատմանն անհամբեր սպասող հասարակությանը։

Ոստիկանապետ Օսիպյանի «ինքնավստահ» հիմնավորումները հուշում են, որ ոչ մի տեղ էլ չի տանում։