29.06.2018 14:49

Քրիստինե Խանումյան. Գյալմա. Մանդատը վայր դնելու ժամանակը

Քրիստինե Խանումյան. Գյալմա. Մանդատը վայր դնելու ժամանակը

ԼՂՀ ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Ժաննա Գալստյանը (խմբակցությունը ղեկավարում է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ) երեկ խորհրդարանում որոշել է «յուրահատուկ» ձեւով արձագանքել «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի ելույթին, որտեղ վերջինս պահանջում էր Բակո Սահակյանի հրաժարականը:

Ու բնականաբար, բոլորի ուշադրությունը  առաջին հերթին, գրավեց այն, որ տիկինը, որն, ի դեպ, Արցախի հերոսի կոչում ունի եւ մինչեւ քաղաքականություն մտնելը նաեւ դերասանուհի էր, հենց նիստերի դահլիճում, բառի ուղիղ իմաստով, հայհոյանքներ է հնչեցնում Խանումյանի հասցեին՝ մեկ ռուսերենով, մեկ՝ թուրքերենով՝ մեղադրելով պատգամավորին պետականությունից բան չհասկանալու մեջ:

Այստեղ ասելու շատ բան չկա. երկար տարիներ պատգամավոր աշխատող տիկինը, փաստորեն, իրականում ինքը չի հասկանում, թե ինչ ասել է պետություն ու պետականություն, զրո հարգանք ունի խորհրդարանի ու այդ ինստիտուտի հանդեպ, եւ ԱԺ բարձր ամբիոնը շփոթելով իրենց բակի հետ՝ հայհոյանքներ է հնչեցում այնպես, ինչպես դա կաներ թաղային խուժանների հետ «ռազբորկաներ» անելուց: Սա պատգամավորի ու իր խմբակցության պատասխանատվության հարցն է, եւ նրա ներկայացրած խմբակցության ղեկավար Աշոտ Ղուլյանն ուղղակի պարտավոր է ադեկվատ գնահատական տալ կատարվածին, եթե, իհարկե, այդքան քաջություն ունենա:

Սա հարցի, այսպես ասած՝ «իրավական» կողմն է:

Բայց տեղի ունեցածն ավելի խորքային ու սոսկալի՝ բարոյական կողմ ունի:

Տիկին Գալստյանը ծնունդով իջեւանցի պատգամավորին, ի թիվս այլ հայհոյանքների, թուրքերենով անվանել է նաեւ «գյալմա», ասել է թե՝ եկվոր՝ ակնարկելով, որ Խանումյանը ղարաբաղցի չէ, եւ Ստեփանակերտ է տեղափոխվել Իջեւանից: Ասել է թե, ըստ տիկնոջ՝ նա յուրային չէ, նա օտար մեկն է: Ընդ որում, օտար՝ տվյալ բառի համատեքստում՝ ոչ թե արժեհամակարգային, քաղաքական կամ որեւէ այլ քիչ թե շատ ընկալելի իմաստով, այլ՝ օտար՝ բառիս բուն իմաստով, նա, ով եկել է՝ տեղացիների անդորրը խանգարելու, տեղացիներին անհանգստություն պատճառելու, տեղացիների հաշվին ապրելու, պահանջելու տեղացիներին հավասար իրավունքներ, ինչի իրավունքը «գյալման» տրամաբանորեն պիտի որ չունենար, որովհետեւ նա ուրիշ է, նա նույնական չէ տեղացիների հետ: Եւ, հետեւաբար, ո՞վ է նա. այլազգի:

Կասեք՝ պատահական է դուրս թռել այս բառը պատգամավորի շուրթերից: Գուցե: Բայց պատահական կարող էր այլ բառ դուրս թռչել, հայհոյանքներ՝ որքան ուզես, դա կլիներ անձնական: Իսկ ահա այս մեկը ցույց է տալիս, որ ենթագիտակցական մակարդակում Արցախի հերոսի կոչում ունեցող տիկնոջ համար իրականում չկա մեկ ազգի գիտակցումը: Այն գիտակցումը,  որ հայը հայ է՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ է ծնվել:Նշանակում է, որ այս տիկնոջ համար կա ոչ թե հայ ազգ, այլ կան հայաստանցիներ, եւ կան ղարաբաղցիներ, եւ հետեւաբար՝ Հայաստանում ծնված հայը հայաստանցի է, եւ եթե գնացել է Ղարաբաղ, ապա նա ղարաբաղցիների շրջանում ընդամենը «գյալմա» է:

 Ահա սա է այս կնոջ ողջ պատկերացումը, իրական պատկերացումը, եւ Հայկ Խանումյանի քաղաքական գործունեությունն այստեղ որեւէ նշանակություն չունի: Նա կարող է վատ քաղաքական գործիչ լինել, նա կարող է գործունեություն ծավալել, որի հետ մենք համաձայն չլինենք, բայց դրա համար կա նույն ԱԺ ամբիոնը, եւ եթե պատգամավորը համաձայն չէր Խանումյանի ելույթին, կարող էր մոտենալ նույն ամբիոնին, պատասխան ելույթ ունենալ եւ ուժեղ հակափաստարկներով ջախջախել ընդդիմախոսին:

Բայց տիկինն ասաց այն, ինչ կա ոչ միայն իր, այլեւ շատ այլ իշխանավորների մտքում (թե՛ Ղարաբաղում, թե՛ Հայաստանում. այնտեղ շատերի համար Հայկն է «գյալմա», այստեղ ոմանց համար՝ ես): Նա Խանումյանին անվանեց եկվոր՝ ակնարկելով, թե « դու ասյտեղ անելիք ու ասելիք չունես, որովհետեւ սա քո հողը չէ», մոռանալով, որ այդ նույն պահին նույն հողի վրա՝ սահմանին կանգնած են այլ «իջեւանցի», «գորիսեցի», «գյումրեցի», «երեւանցի» ու «վանաձորցի» տղաներ, ովքեր այդ բառը լսելուց հետո բոլոր իրավունքները կունենան հարցնելու՝ բա եթե սա մեր հողը չէ, եթե մենք «գյալմա» ենք, մենք ի՞նչ ենք անում այս հողի վրա, ո՞ւմ սահմաններն ենք պաշտպանում, օտարի՞: Ու, փաստորեն, այն սեպը, որի դեմ բազմաթիվ մարդիկ պայքարում էին տարիներ շարունակ, է՛լ ավելի ուժեղ խրվեց ՝ Արցախի հերոսի մեկ բառով:

Երեկվա դեպքը հերթական անգամ ապացուցեց, որ ԼՂՀ ԱԺ-ն ապաքաղաքական մարմին է, եւ որ շատ պատգամավորներ այնտեղ հայտնվում են՝ այդպես էլ պատկերացում չունենալով, թե ինչ է խորհրդարանն ու պատգամավորը, ինչ է քաղաքականությունը, եւ իրենք ինչ պետք է անեն այնտեղ:

Բայց դա այլ հարց է, եւ ԼՂՀ խորհրդարանը քաղաքական դաշտ բերելը ավելի երկար ժամանակ կպահանջի: Իսկ «գյալման» արագ ու հստակ արձագանք է պահանջում:

Այս բառի համար, հենց մի հատիկ այս բառի համար Ժաննա Գալստյանը պետք է վայր դնի պատգամավորական մանդատն ու ներողություն խնդրի՝ ոչ թե Հայկ Խանումյանից, այլ՝ Ղարաբաղում չծնված բոլոր հայերից:

Սա նվազագույնն է, ինչ պետք է անեն ԼՂՀ ԱԺ-ն ու դրա նախագահն այս իրավիճակում:

Բնականաբար, կգտնվեն արձագանքողներ, ովքեր կասեն՝ բայց չէ՞ որ Ժաննա Գալստյանը պատերազմի մասնակից է ու Արցախի հերոս: Այո, պատերազմի մասնակից է, բայց ժամանակն է, որ մարդիկ, ի վերջո հասկանան, որ իրենց նախկին լավ կամ հերոսական արարքները  ինդուլգենցիայի մշտական թուղթ չեն կարող դառնալ, նախկին հերոսությունը հավերժական «նարուշիլովկա» չէ, որով կարելի է ապրել ու արդարացնել դրանից հետո արվող յուրաքանչյուր վատ արարք: Առավել ևս, Արցախի հերոսի կոչումը պետք է ավելի պարտավորեցնող լինի ու թույլ չտա, որ դա շահարկվի:

Եւ հետո, Մանվել Գրիգորյանն էլ էր Արցախի ու պատերազմի հերոս:

Հ.Գ. Հայկ Խանումյանը իմ բարեկամը չէ: Նրան անձնապես չեմ ճանաչում: Նրա քաղաքական գործունեության երկրպագուն չեմ, եւ ԱԺ առաջիկա ընտրություններում նրա օգտին հաստատ չեմ քվեարկի: Բայց ճշմարտությունն ամեն բանից վեր է: