30.06.2018 22:55

Մհեր Արշակյան. Ագահությունը

Մհեր Արշակյան. Ագահությունը

ԱԱԾ-ն եւ ոստիկանությունն իրենց տարերքի մեջ են: Նախկին իշխանությունները՝ վախեցած: Սակայն թափանիվն այլեւս կանգնեցնել հնարավոր չէ: Նախկինները հիմա արդեն կհասկանան, թե ինչ արժե ագահությունը: Ագահությունը հետաքննության լավագույն օգնականն է:

Լեւոն Ազատի Սարգսյանը կարող էր, չէ՞, իր որդու տանը հայտնաբերած մոտ 7 միլիոն դոլարի ավանդի պայմանագրերը ինչ-որ ժամանակ պահ տար որեւէ մտերմի մոտ: Կլորիկ գումարով: Անվստահությունը ագահության եղբայրն է, միաժամանակ՝ թաքուն հակառակորդը: Չի վստահել ոչ մեկին: Դրել է տակն ու նստել: Գեներալ Մանվել Գրիգորյանի տուշոնկաների հարցը չենք քննարկում, նա իրերի եւ տեսականու սիրահար էր, կլեպտոմանի նման մի բան: Նա կոլեկցիոներ էր: Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը ոչինչ չի հասկանում կյանքից: Իսկ կյանքը հնարավորություն է: Նա կարող էր որեւէ մտերմի հետ բերանացի, առանց հեռախոսային խոսակցության պայմանավորվել, մտնել բանկ, իր վերցրած գումարի կեսը տալ նրան եւ բռնվել մյուս կեսով (որովհետեւ, եթե պայուսակով մտել ես բանկ, հաստատ պիտի գումարով դուրս գաս): Գուցե էն մյուս կեսով ինքը փրկում էր իր գրավի գումարը:

Այս մարդիկ ագահության զոհ են, որովհետեւ ագահությունը բոլոր արատներից «ամենաանգրագետն» է, ինքը ոչինչ չի սովորեցնում, որովհետեւ ագահությունը ամեն նոր դրամի հետ նպատակներ է վերաթարմացնում, լիցքավորում՝ առանց ցույց տալու, թե դա ինչ է նստելու ագահ մարդու վրա: Ագահ մարդն ինքն իր հետ փոխզիջումների չի գնում, կանգնել չունի, ինքը չի կիսվում ոչ մեկի հետ, ինքն ունի անողոք դեմք, ինչպիսին Վաչագահ Ղազարյանի դեմքն էր 120 հազար դոլարով պայուսակը բանկից դուրս բերելիս: Եթե որեւէ մտերմի էս գործում չներքաշելը կոչվում է նրան չթաթախել սեփական հանցանքների մեջ, պետք է հիշել, որ հանցագործությունը, իսկ ավելի ճիշտ ագահությունը բարոյականության հետ փողոց դուրս չի գալիս: Այլապես մարդը հանցագործ չէր լինի:

Կոռուպցիան եւ ագահությունը զույգ եղբայրներ են: Հիմա ՊԵԿ-ն ու ԱԱԾ-ն որ բարձրաստիճան հանրապետականի տունը մտնեն, լիքը անաշխատ գումար են գտնելու: Եթե գումար էլ չեղավ, տունն ինքը աղաղակող անաշխատ գույք է: Հայաստանը հազիվ թե դառնա այն պետությունը, որտեղ պետական պաշտոնյան չի ուզենա գողանալ: Այլապես ինչու՞ են բոլորն աջ ու ձախ շնորհավորում նրանց պաշտոն ստանալու կապակցությամբ: Ոմանք ավելի լավ են ձեւակերպում շնորհավորելիս՝ պաշտոն ձեռքբերելու կապակցությամբ: Որովհետեւ հոգու խորքում գիտեն, որ նա նստելու է փողի վրա, հոգու խորքում գիտեն, որ, եթե չի հրաժարվել, ուրեմն հաստատ գողանալու է, նույնիսկ եթե դա չնչին գումար լինի նախորդների գողացածի համեմատ, եւ հոգու խորքում գիտեն, որ նոր պաշտոնյան իրենց ագահությունն է մարմնավորում: Մարդիկ շնորհավորում են իրենց երազանքների անունից: Չկա ոչ մի նոր Հայաստան, քանի դեռ չգիտես, թե ինչու ես մարդուն շնորհավորում պաշտոն ստանձնելիս:

Գուցե կասես, թե արտասահմանյան ղեկավարներն էլ են մերոնց շնորհավորում նույն առիթով: Ասենք, Թրամփն ու Մերկելը: Բայց խնդիրն այն է, որ նրանց մշակույթում պաշտոնը քո արժեքների իդենտիֆիկացիան է պաշտոնի մեջ ձեւակերպված նպատակների հետ: Նրանք մաղթում են, որ արժանի լինես այն գործին, որին կոչված ես: Մենք լավ գիտենք արժանիքների եւ պաշտոնի անհամատեղելիությունը: Ահա ինչու մարդիկ նստել եւ մտածել են օրենքները, ըստ որոնց՝ եթե հանկարծ պարզվի, որ ոչ մի արժանիք էլ չունես, օրենքը քո փոխարեն կաշխատի: Կոռուպցիան սեփական արժանիքների հաղթանակն է օրենքի նկատմամբ: Ահա թե ինչն են այսքան ժամանակ շնորհավորել Հայաստանում: Եվ ահա թե ինչի իներցիան դեռ որոշ ժամանակ կպահպանվի «սիրո եւ համերաշխության» միջավայրում: