02.07.2018 17:12

Ահազանգ. Ոստիկանության Գեղարքունիքի բաժիններում պարգեւավճարները յուրացվել են

Ահազանգ. Ոստիկանության Գեղարքունիքի բաժիններում պարգեւավճարները յուրացվել են

2018թ. ապրիլի 16-ին` ՀՀ ոստիկանության օրվա և ոստկանության 100 ամյակի առիթով, Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցներին հատկացված պարգևավճարները «անհայտացել են»՝ արդեն նախկին վարչության պետ Արսեն Ադամյանի և ներկայումս գործող  վարչության պետի օպերգծով տեղակալ  Տիգրան Պետրոսյանի «ջանքերով»:

iLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, այս պաշտոնյաները պարզապես  որոշել են իրար մեջ բաժանել ոստիկանին հասանելիք գումարը: Մարզային ոստիկանների մի զգալի մասը անհիմն պատճառաբանություններով պարգեւավճարը թերի է ստացել, մի մասն էլ ընդհանրապես զրկվել է աշխատավարձի չափով սահմանված պարգեւավճարից:

Ըստ երեւույթին, այս երեւույթը բացառիկ չէ. պարգեւավճարները ղեկավար անձնակազմի անդամների միջեւ բաժանելու պրակտիկան տարածված է եղել շատ բաժիններում, պարզապես իրար մեջ բաժանելու  սխեմաներն ու  անձերի  քանակն է տարբեր եղել:

Տեղեկության վերաբերյալ iLur.am-ը մեկնաբանություն խնդրեց ոստիկանության նախկին աշխատակից, կապիտան Գարիկ Թովմասյանից, որը նշված ժամանակահատվածում աշխատել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում: Նա, ի դեպ, նույն այն ոստիկանն է, որը Թավշյա հեղափոխության օրերին՝ ապրիլի 25-ին միացել է շարժմանը:

Թովմասյանը մեզ հետ զրոյցում չհերքեց տեղեկությունը՝ նշելով, որ այժմ էլ  Գեղարքունիքի մարզային  վարչության պետի օպերգծով տեղակալ Տիգրան Պետրոսյանի ենթակայության տակ գտնվող ոստիկանները  վախենում են բարձրաձայնել շատ ու շատ խնդիրների մասին:

«Ես խոսում եմ այս խնդիրների  մասին, նպատակ ունենալով այս  կերպ նախկին ծառայակից ընկերներիս և կոլեգաներիս ազատելու նմանատիպ ղեկավարներից, որոնք չեն գնահատում իրենց աշխատակիցների աշխատանքը եւ որոնք պաշտոնը իրենց համար դիտարկվում են զուտ որպես հարստացման, ոչ թե ժողովրդին ծառայելու միջոց», - ասաց Թովմասյանը: