04.07.2018 13:50

Լիզա Ճաղարյան. Ա1+-ի եւ «ընդմիշտ կոկա կոլա» հեռուստալրագրողատեսակի մասին

Լիզա Ճաղարյան. Ա1+-ի եւ «ընդմիշտ կոկա կոլա» հեռուստալրագրողատեսակի մասին

Գուցե զարմանալի թվա, բայց Քոչարյան Ռոբերտին Մարտի 1-ի գործով ՀՔԾ-ից ծանուցագիր ուղարկելու մասին անձկալի լուրը կարդալուց հետո առաջինն աչքիս առջեւով անցան ոչ թե տասնյակներով սպանություններն ու «ինքնասպանությունները», ոչ թե «ուչաստկովիի մակարդակի» Հոկտեմբերի 27-ը, ոչ թե ենիչերիի մակարդակի Մարտի 1-ը, այլ «շատ շնորհքով» եւ «օրենքի տառին համապատասխան» 2002-ի ապրիլի 2-ը։

Այդ օրը «Պապլավոկում» մարդ չէին սպանել Քոչարյանի թիկնապահները։ Այդ օ՛րը չէր «բնության գրկում» երկու կրակոցով «ինքնասպանություն գործել» ՆԳ եւ ԱԱՆ փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանը, այդ օրը չէր Սերժիկ Սարգսյանն անսպասելի հայտարարել «Արմենիկում»-ի առաջիկա հրաշագործությունների մասին, որի շնորհիվ Հայաստանը դրախտ էր դառնալու, եւ այդ դրախտի բնակիչ Հայաստանի քաղաքացիները կուշտուկուռությունից բթացած՝ սկսելու էին հավատալ, որ լինում են նաեւ երկու կրակոցով ինքնասպանություններ։

Չէ, խաղաղ ու անարյուն օր էր։ Այդ օրը Հեռուստառադիոյի ազգային հանձնաժողովը՝ Քոչարյանին անմնացորդ ծառայող Գրիգոր Ամալյանի «դիրիժորությամբ», որոշեց փակել Ա1+ անկախ հեռուստաընկերությունը։ Ու փակեց։

Եվ երբ կարդացի վերոնշյալ լուրը, ոչ միայն այդ օրվա անմոռաց կադրերը եկան ու անցան աչքիս առջեւով, նաեւ հիշեցի, թե ինչպես էին այժմյան Հ1-ի այն ժամանակվա հայլուրցիներից ոմանք Ա1+-ի փակման դեմ պայքարողներիցս մի քանի քայլ հեռու կանգնած՝ հաճույքից հալվելով «տուշ տալիս» Ամալյանի հանձնաժողովին։

Ա1+-ի փակման հեռանկարի պատճառած հաճույքից հալվող լրագրողների մեծ մասը մինչեւ հիմա էլ աշխատում է այդ նույն Հ1-ի լրատվական բաժնում կամ այլ հեռուստաընկերություններում, որոնք ոչ մի բանով չեն տարբերվում Հ1-ի լրատվականից, եւ՝ ինչպես տարիներ շարունակ գովերգում էին Քոչարյանին ու Սարգսյանին, այսօր էլ նույն առոգանությամբ ու նույնքան  ոգեւորությամբ պատմում են սրանց կատարած հանցագործությունների ու թալանի մասին։

Հիշու՞մ եք անեկդոտը. «Ուզում եմ «Հայլուրի» Հայաստանում ապրել»։ Ահա այսպես։ Քսան տարի այս «Հայլուր»-ը եւ բոլոր հեռուստաընկերություններում սփռված սրանց նմանակները գովերգում էին «հայրենասեր» իշխանությանը, թմբկահարում էին Հայաստանի տնտեսության «վագրային թռիչքները», հեգնում էին իրենց տերերի դեմ հրապարակներում ու փողոցներում պայքարող, ոստիկանության մահակների հարվածները «վայելող» ցուցարարներին, հեգնում էին նույնիսկ Հոկտեմբերի 27-ի նահատակների հարազատներին, Մարտի 1-ի զոհերին եւ հարյուրավոր քաղբանտարկյալներին ներկայացնում էին որպես քրեական հանցագործներ եւ մեր «ծաղկող» պետության կայուն հիմքերը խարխլող, թշնամու ջրաղացին ջուր լցնողներ, ու մեկ էլ հանկարծ ամեն ինչ գլխիվայր շրջվեց, «մեր դեմ խաղ չկա» ասողների դուռը բախեց հեղափոխությունը, եւ հիմա այս նույն հեռուստաընկերությունների խամաճիկ լրատվականները՝ գրեթե նույն կազմով, առանց կակազելու ու կարմրելու, պատմում են այն մասին, թե ինչպես են իրենք տարիներ շարունակ ստել, խաբել ու կեղծել։

Եվ երեւի բնական է, որ հրեշավոր հանցագործությունների այս «շքերթի» ժամանակ առաջինը հիշեցի Ա1+-ին, որի փակմամբ, այսպես ասած՝ երկնագույն էկրանից հնչող ազատ խոսքը սպանվեց, եւ գուցե հիմա Ա1+-ի աշխատակազմը համակերպված ու խաղաղված է, բայց ես չեմ մոռանում, թե ինչ կորցրի 2002-ի ապրիլի 2-ին։

Կորցրի ընկեր, որն աչքիս առաջ քվեարկեց ընդդեմ Ա1+-ի, սարսափեցի՝ տեսնելով հայլուրական կանանց գիշատչային հրճվանքը, զրկվեցի այդ շրջանում միակ շուրջօրյա աշխատող հեռուստաընկերության միջոցով իմ անքուն գիշերները Ա1+-ի բարձրաճաշակ ֆիլմերը նայելով լուսացնելու հնարավորությունից եւ ամենակարեւորը՝ այդ օրից սկսած այլեւս երբեք հեռուստաէկրանից ճշմարիտ տեղեկատվություն չտեսա ու չլսեցի։

Եվ հիմա էլ՝ իշխանափոխությունից հետո եթե նույնիսկ ճշմարտություն եմ լսում Հ1-ի նախկին «Հայլուր», այժմ «Օրակարգ» կոչեցյալ լրատվական հաղորդաշարով, այնպիսի զգացողություն ունեմ, որ ծաղրում են ինձ։

Ուշադիր նայեք եւ լսեք, թե ովքեր են այդ ճշմարտությունը բարբառողները եւ կհասկանաք՝ կեղծիքի սովոր շուրթերից հնչող ճշմարտությունը նույնպե՛ս հնչում է կեղծիքի պես։

Իսկ չէ՞ որ առաջիկայում հանրությունը լսելու է եւ տեսնելու է երկար սպասված Մարտի 1-ի գործով բացահայտումների մասին։ Նոր կառավարության ձեռնարկած արդարադատության հաստատման կամքը խամաճիկների շուրթերով լուսաբանումը, շատ մեղմ ասած, ոչ միայն ցանկալի չէ, նաեւ վիրավորանք է՝ ուղղված արդարադատության կարոտ հանրությանը։