04.07.2018 16:29

Սերգո Տոնոյան. Մեծացնել մեղավորների շրջանակը

Սերգո Տոնոյան. Մեծացնել մեղավորների շրջանակը

Անկասկած ողջունելով ՀՀ ՀՔԾ տարածած հայտարարությունը, որով կարծես անբեկանելի սկիզբ է դրվում 2008 թվականի մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների բացահայտման երկար սպասված գործընթացին, պետք է արձանագրել հետեւյալը։

Ավելի քան տասը տարի Հայ ազգային կոնգրեսը, այլ քաղաքական ուժեր, քաղաքացիական հասարակության, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների, միջազգային հանրության եւ մտավորականության տարբեր ներկայացուցիչներ, ինչպես նաեւ բազմաթիվ անհատ քաղաքացիներ հետեւողականորեն զբաղվել են մարտի 1-2-ի իրադարձությունների բացահայտմամբ։ Դա եղել է հսկայական եւ դժվարին գործ, ինչի համար պահանջվել են անասելի ջանքեր եւ ինքնազոհողություն՝ մի բան, որ Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգը քաղաքական դրդապատճառներով չի կարողացել անել անցած տասնամյակի ընթացքում։

Ներկայումս պետք է ակնկալել, որ նախաքննական մարմինները շուտափույթ կերպով մեծացնելու են մեղադրյալների շրջանակը՝ հիմք ընդունելով հե´նց ՀՔԾ հայտարարությունը։ Մասնավորապես՝ ՀՀ ՊՆ նախկին ղեկավար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ձերբակալելու, իսկ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելու մասին հաղորդագրությանը պետք է հետեւի վերջինիս ձեւավորած գաղտնի օպերատիվ շտաբի անխտիր բոլոր անձանց գործին ներգրավելու գործընթացը։ Եթե ՀՀ ՀՔԾ-ն հայտարարում է, որ Միքայել Հարությունյանը՝ «այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը», ապա միանգամայն պարզ է, որ այդ անձինք պետք է ենթարկվեն նույն պատասխանատվությանը եւ անհապաղ ստանան մեղադրյալի կարգավիճակ։ Մամուլում տարածված լուրերի համաձայն՝ օպերատիվ շտաբի անդամներ էին Սերժ Սարգսյանը, Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, Յուրի Խաչատուրովը, Վլադիմիր Գասպարյանը, Աղվան Հովսեփյանը, Հայկ Հարությունյանը, Գորիկ Հակոբյանը: Բացի սրանից, քննչական մարմինները չպետք է սահմանափակվեն 2008 թվականի ողբերգական իրադարձություններին բացառապես բանակի ներգրավվածությունն ուսումնասիրելու շրջանակով։ Ուշադրության կենտրոնում պետք է լինի նաեւ մյուս ուժային կառույցների գործողությունների օրինականության հարցը։

Միքայել Հարությունյանի եւ այլ բարձրաստիճան զինվորականների ապաշնորհության եւ հանցավոր գործունեության հետեւանքով տասը տարի սեւ բիծ է դրված Հայոց փառապանծ բանակի անքննելի հեղինակության վրա։ Նույնիսկ խելապակասի մտքով չի կարող անցնել՝ պնդել, թե հայկական բանակը ինքնակամ որոշել էր միջամտել ներքաղաքական գործընթացներին եւ կրակ բացել սեփական ժողովրդի վրա։ Ուստի, ինչպես նույն ՀՔԾ հայտարարությունն է փաստում, թե՝ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը 2008 թվականի փետրվարի 23-ին ստորագրել է հույժ գաղտնի թիվ 0038 ակնհայտ ապօրինի հրամանը «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ», կարծում ենք՝ լիուլի բացատրում է խնդրո առարկան։ Ռոբերտ Քոչարյանը եւ ավազակապետության մյուս պարագլուխներն իրենց իշխանության պահպանման համար ստիպել, պարտադրել են բանակի ղեկավարությանը՝ դիմել այդ քայլին, եւ եթե Միքայել Հարությունյանի կամ Սեյրան Օհանյանի ու մյուս բարձրաստիճան ղեկավարների համարձակությունն ու բարոյականությունը չեն հերիքել հանցագործություն չկատարելու համար, միեւնույն է՝ անթույլատրելի է քավության նոխազ դարձնել բանակը՝ սպայական եւ զինվորական անձնակազմը:

Բնականաբար, մարտի 1-ի ոճրագործության համակողմանի բացահայտման համար Հայաստանի ներկայիս դատաիրավական համակարգին անհրաժեշտ է ժամանակ, ինչպես նաեւ՝ լայն քաղաքական եւ հասարակական աջակցություն: Սակայն աննշան թվացող մի հանգամանք եւս մտահոգության առիթ է տալիս: Խոսքն այն քաղաքական եւ հատկապես՝ իրենց մտավորական հորջորջող շրջանակների մասին է, որոնք տարիներ շարունակ, սկսած հենց 2008 թվականի մարտի 1-ից, չեն զլացել ամեն կերպ աջակցել քոչարյանասերժական ռեժիմին, առանց ամաչելու՝ անուղղակի պարտակելով մարտիմեկյան ոճրագործությունը: Բոլորն են լավ հիշում՝ մի հեռուստալիքից մյուսը վազող եւ խելացի դեմքով հարցազրույցներ տվող քաղաքագետներին եւ քաղգործիչներին, դերասաններին, երգիչներին, գրողներին եւ բազմակի օգտագործման համար նախատեսած հասարակական խմբերի այլ ներկայացուցիչների: Թե ինչպիսի լկտիությամբ էին սրանք պաշտպանում հանցագործ ռեժիմին՝ ամբողջ մեղքը բարդելով ժողովրդի վրա, հուսանք՝ հիշում են բոլորը:

Ինչու՞ է սա կարեւոր: Որովհետեւ շատ շուտով բոլոր այդ մարդիկ նորից ի հայտ են գալու՝ այս անգամ արդեն լծվելով այսօրվա իշխանությունների փառաբանման գործին: Առանց խղճի խայթի կանգնելու են տեսախցիկի առաջ եւ հայտարարեն, որ իրենք ապշած են, զարմացած, չէին պատկերացնում, թե ինչ է տեղի ունեցել իրականում՝ ճիշտ այնպես, ինչպես ապուշ կտրեցին վերջին շրջանի բացահայտումները տեսնելով: Ահա այսպիսի աջակցության կարիք ոչ իշխանությունները եւ ոչ էլ ժողովուրդը հաստատապես չունեն: Չլիներ պնակալեզների այս բանակը, ավազակապետությունը չօգտվեր սրանց ծառայությունից, թե՛ հեղափոխությունը վաղուց իրականություն կդառնար, թե՛ մարտի 1-ը կամ մյուս հանցագործությունները բացահայտված կլինեին: Ուստի, եթե իրավական հարթությունում դժվար է սահմանել այս տեսակ մարդկանց մեղավորության աստիճանը, ապա գոնե բարոյականության տեսակետից սրանց երեսին պե՛տք է ասել՝ դու՛ք էլ եք մեղավոր: Որպեսզի լավ հասկանան՝ օրվա հացի համար ոճրագործի կողքը կանգնելը նույնպես հանցանք է, այն էլ՝ նողկալի: