05.07.2018 11:35

Արսեն Գրիգորյան. Երկու Հայաստանների նույն մենք

Արսեն Գրիգորյան. Երկու Հայաստանների նույն մենք

Հայաստան չէ, երազանք է: Ու ոնց որ թե մեր ուզածը մեզնից առաջ է ընկել: Ու ոնց որ թե մենք արդեն նախկինը չենք: Հիմա արդեն իշխանությանը վատաբանելու մասին չենք մտածում: Հոգու խորքում չենք ուզում ինչ-որ մեկի ձախողումը տեսնել: Հիմա կյանքի ամեն դրվագը լինելու է քաղաքացի լինելու տոնակատարություն:

Բայց, ի սեր Աստծո, մի մոռացեք, որ էն Հայաստանում էլ սեր կար, կար բարություն, կար կարեկցանք, կար երջանկության մղում: Ուղղակի էն Հայաստանում ձեզ մեկուսացրել էին ոչ միայն այն մեկից, որը բարի էր, կարեկցող, սիրող, այլեւ ձեզ ձեզանից էին մեկուսացրել:

Էն Հայաստանում ձեր միջից քամված էր մարդու ծիսական ճիշտն ու սխալը, փակված էր օրվա ցանկացած ժամին մանկություն վերադառնալու մտքի քմահաճույքը: Էն Հայաստանը անցյալ ու ապագա չուներ եւ քո այսօրն ու վաղը ճիշտ այնքան էր այս աշխարհի փաստ, որքան քո տոհմածառի առաջին հանգուցյալի գերեզմանը, որի տեղը քո նախնիներն արդեն չգիտեին: Էն Հայաստանն իր անկախության դժվար ծնունդին ու մի կերպ մանկության վրա սեփական իրավունքները կառուցած խորթ ծնողների հաղթանակն էր, որոնք երեխային ամեն օր ստիպեցին լինել աղբյուրի պռնկին նստած վիշապի համար զոհաբերվող գեղեցկուհին:

Էն Հայաստանում դու անուն-ազգանուն չէիր եւ քեզ համակենտրոնացման ճամբարների կալանավորներին բնորոշ համարակալումներից տարբերում էր սեփական ոտքերով երկրից հեռանալու հուսահատ ազատությունը: Էն Հայաստանում անուն-ազգանվան կարիերան մականունն էր, իսկ արժանապատվության հոմանիշը՝ ինքնասպանությունը:

Էն Հայաստանում ծառն անապատի անհասկանալի «աղմուկն» էր, որը ընդհանուր տեսարանի մեջ բացատրություն չուներ: Էն Հայաստանում դուք ավարտվում էիք ձեզանով: Դուք մտածում էիք, որ հաջորդ իշխանություն չկա եւ արեւի տակ տեղ ունենալու ձեր առաջին հույսը վերջին հույսն էր ձեր: Էն Հայաստանը պիտի լիներ սիրո մասին սպիտակ թղթի վրա գրված բանաստեղծություն, բայց դարձել էր սեփական երազանքներ չունենալու մատնագիր:  

Ու էնպես չէ, որ այս Հայաստանը ձեզ ձեզ է վերադարձրել:

Բաներ կան, որ դուք անվերադարձ կորցրել եք: Ու էդ կորուստը ձեր ապագայի հիմնաքարն է: Օրինակ, մարտի 1-ը: Օրինակ, ձեր հայրը, որը բոլոր ընտրություններին քվեարկել է փողով ու էս Հայաստանը չտեսավ:

Դուք ապրելու եք նրա փոխարեն: Դուք նրա փոխարեն եք լինելու առաջին մարդը, որը երբեք, հասկանու՞մ եք, երբեք որդի եւ դուստր չի ունենալու այն մտքով, որ պիտի դասավորի նրա կյանքը: Դուք թույլ չեք տալու, որ նա կյանքի իր սանդուղքները կառուցի փողկապների առջեւ խոնարհվելով: Դուք լինելու եք դեռեւս չծնվածի Սուրբ Հոգին, որն արարելու է Ավետյաց երկիրը նույնիսկ այստեղով հարեւանցիորեն անցնող թռչնի համար: Ձեր բնությունը պիտի ցավի ձեր հողի ինչ-որ կետում պայթող ագահության համար, որին դասական գրաբարով Ամուլսար են ասում: Ձեր միտքը պետք է արնահոսի բովանդակազերծ խոսքերից: Դուք առաջինը չեք Հայաստանի համար, բայց կարող եք լինել վերջինը, եթե չապրեք նրանով: Ապրեք այնպես, ասես սա ձեր վերջին Հայաստանն է:

Կյանքի ամեն օրը հնարավորություն է նույնիսկ ցմահ բանտարկյալի համար: