22.09.2012 21:09

iPhone 5 նոր սմարթֆոնը հեշտությամբ խազվում է, բայց գրեթե անվնաս է մնում ոչ մեծ բարձրությունից ընկնելու դեպքում

iPhone 5 նոր սմարթֆոնը հեշտությամբ խազվում է, բայց գրեթե անվնաս է մնում ոչ մեծ բարձրությունից ընկնելու դեպքում

Օրերս վաճառքի հանված Apple iPhone 5 նոր սմարթֆոնը հեշտությամբ խազվում է, բայց լավ է դիմանում ոչ մեծ բարձրությունից ընկնելու դեպքում: AppleInsider կայքի տեղեկություններով, խազերը հատկապես նկատելի են սեւ կորպուսով iPhone-ի վրա: Apple-ի նոր մոդելի կորպուսը պատրաստված է ալյումինե ամբողջական թերթից, ի տարբերություն նախորդ սերունդների սմարթֆոնների, որոնց հետնամասերն ապակուց էին: Ինչպես նշում են նոր iPhone ձեռք բերած հաճախորդները, սեւ սմարթֆոնները խազվում են մետաղյա իրերի՝ բանալիների, մետաղադրամների հետ շփումից: Ըստ երեւույթին, խազվում է նաեւ արծաթագույն կորպուսով iPhone-ը, սակայն անոդացված ալյումինի վրա խազերն ավելի նկատելի են, հայտնում է կայքը:   

Միեւնույն ժամանակ, iFixYouri եւ Android Authority կայքերի անցկացրած քրաշ-թեստերն ի հայտ են բերել, որ iPone 5-ը արտաքինից գրեթե անվնաս եւ լիովին աշխատունակ է մնում մարդու հասակի բարձրությունից ընկնելու դեպքում: Համեմատության համար, Android Authority-ի փորձարկմանը մասնակցած Samsung Galaxy S III-ի էկրանը նույնատեսակ անկումից հետո ճաքերով է պատվել:

iPone 5-ի առաջին վաճառքները սկսվել են նախորդ ուրբաթ: Դեռեւս մոդելի նախնական ցուցադրման ժամանակահատվածում այն ռեկորդ է սահմանել. ընդամենը մեկ օրվա ընթացքում վաճառքի պատվերները գերազանցել են 2 միլիոնը: