11.07.2018 16:56

Լիզա Ճաղարյան. «Մասանդրայի վոինը» հեռուներից հոխորտում է

Լիզա Ճաղարյան. «Մասանդրայի վոինը» հեռուներից հոխորտում է

Արժի՞ մեջբերումներ անել Քոչարյան Ռոբերտի հեռուներից Հայաստան «առաքած» հարցազրույց-հոխորտանքներից։

Եվ մեկ էլ արժի՞ ուշադրության արժանացնել այս «մասանդրային վոինի» թութակ-խոսնակի երդում-կրակին, թե՝ իր տերը միլիարդների հարստություն չի կուտակել «փադիշահության» տարիներին։

Վստահ եմ, որ չարժի։ Թե ինչպես է ապրում, ավելի ճիշտ՝ վայելում կյանքը Արցախից համեստ-համեստ Հայաստան ոտք դրած ու կայծակնային արագությամբ միլիարդների տեր դարձած այս պարոնը, հարկ չկա փորփրելու։ Հարկ չկա ծիկրակելու, թե ինչպես է ապրում իր առանձնատան պարսպի ներսում կամ թե տարեկան քանի անգամ է շրջագայում արտերկրներում։

Ընդամենը բավարար է թարմացնել հանրության հիշողությունը, թե ինչպես մի օր «համեստ ապրող» Քոչարյանն իր որդու հետ քաջնազարյան «վոինություններ» սանձահարեց Կալահարիում, մի տարբերությամբ՝ Նազարն ակամա ողջ-առողջ վագր էր հեծնել, Քոչարյան Ռոբերտը քաջաբար հեծնել էր սպանված վագրի։

Դե, թոշակառու էր արդեն, չէր կարող հրաման արձակել, որ անզեն մարդկանց սպանեն, ինքն էլ կողքից սեփական թանկագին անձի անպատժելիության հաճույքից ձեռքերը շփի։ Ու նախամարդու իր «անմեղ» բնազդներին հագուրդ տալու համար հասել էր Աֆրիկա, ժառանգին էլ տարել էր հետը, որ իր նման «վոին» դարձնի։

Սա ընդամենը պարոն Քոչարյանի փադիշահական փոքրիկ, աննշան հաճույքներից է, որը պատահաբար հանրության սեփականությունը դարձավ։ Եվ սրան հաջորդած պարզ հաշվարկները, թե այս «չարաճճիության» համար քանի-քանի հարյուր հազար դոլարներ է ծախսել Սողոմոնյան Վիկտորի «ազնիվ» տերը, լիուլի բավարար է պատկերացնելու համար, թե ինչ կարողություն է դիզել արտասահմաններից Սահմանադրության եւ օրենքների մասին ճամարտակող այս պարոնը, որին Հայաստանում անհամբեր սպասում են, որ գա ու վկայություն տա մարտիմեկյան ոճրագործության մասին։

Եվ ի՞նչ պարզվեց Քոչարյանի հարցազրույցից։ Ոչ մի անսպասելի բան։ Սպանված գազանին հեծնող ու կենդանական հրճվանքը դեմքին դաջած լուսանկարվող մարդատեսակին լիովին համարժեք ստոր ու նենգ կեցվածք։

Քոչարյանն անթաքույց փորձում է պատասխանատվությունը գցել այդ շրջանի իր ենթակաների վրա։ Երեւի դեռ պատրանքների գրկում է, որ ինքը մինչ օրս փադիշահական բարձունքների վրա է։ Վիկտոր Սողոմոնյանի համար՝ գուցե։ Այս տակավին երիտասարդին միակ կերակրողն է Քոչարյանը, ու սրա գործունեության անփառունակ ավարտից հետո դժվար թե նրա խոսնակի համար ստնտու ճարվի։

Մարտի 1-ի ոճրագործության մնացյալ մասնակիցների դեպքում Քոչարյանին խոր հիասթափություն է սպասվում։ Ոչ ոք հանուն այս պարոնի ձեռքերը չի մեկնի, որ ձեռնաշղթա հագցնեն։

Այնպես որ՝ «միակ տղամարդ» Ռոբերտ Քոչարյանը կշարունակի արտերկրից հարցազրույցներ հղել Սողոմոնյան Վիկտորի միջոցով, Վիկտորն էլ ճարահատյալ «հերոսաբար» կպաշտպանի իր տիրոջն այնքան ժամանակ՝ մինչեւ «օրենքի տառին համապատասխան» բերման կենթարկեն «անհաղթ հերոս Քաջ Նազարին», որը հայոց պատմության էջերում անպայման տեղ է ունենալու մի պատճառով՝ նրա անցած ճանապարհն արնահոտ է ու արնահամ։

Այդպիսի «ճամփորդին» չեն մոռանում ու չեն ներում։