11.07.2018 20:13

Մհեր Արշակյան․ Հակաֆուտբոլը

Մհեր Արշակյան․ Հակաֆուտբոլը

Ֆուտբոլի աշխարհի այս առաջնությունում առաջին պլանում հակաֆուտբոլն է: Ռուսների 1/8-րդ եզրափակիչ հասնելը դրա վկայությունն է: Հավաքականների մեծ մասը իր սեփական ոճը չուներ` գլխավոր գաղափարախոսությունը խաղացողին խաղալ խանգարելն է` Նեյմարը, Ռոնալդուն և Մեսսին դարձան հակաֆուտբոլի զոհերը:

Սակայն հակաֆուտբոլն անխուսափելի է այսօր: Ժամանակակից ֆուտբոլում գլխավոր տակտիկան խաղադաշտում տարածությունների սպանումն է: Այսինքն, ֆուտբոլիստը գործողության տարածություն չպետք է ունենա հենց գնդակին տիրապետելու պահից։ Այդպիսով ոչ ոք չի կարողանա ցույց տալ, թե ինչքանով է ինքը Մեսսի կամ Ռոնալդու։ Սա բոլոր ֆուտբոլիստներին խաղային որակի նույն կաթսայի մեջ դնելու մարտավարությունն է՝ սկսնակը եւ հանճարը տարածությունների «սպանության» այս մարտավարության մեջ հավասարվում են։

Գվարդիոլայի «Բարսելոնան» միակ թիմն էր, որը սեփական տարածությունն էր ստեղծում խաղադաշտում, այնտեղ Մեսսիին «սպանելն» իմաստ չուներ, բոլորը սեփական հողակտորն ունեին մարզադաշտում, որտեղ ոչ ոք մուտք չուներ: Բարսելոնան ինքն էր միլիմետր առ միլիմետր ոչնչացնում մրցակցի տարածությունը այնիմաստով, որ մրցակիցը գնդակի վրա իշխանություն չուներ, պարզապես գնդակն իրեն չէր հասնում: Աշխարհի այս առաջնությունը Գվարդիոլայի հայտնագործության դեմ գտնված խաղաքարտի շնորհանդեսն էր: Թերևս միայն Բելգիան էր կարողանում մյուսներին պարտադրել իր անձեռնմխելի հողակտորը, սակայն Ֆրանսիայի հետ խաղում նրանք խաղադաշտ դուրս եկան առանց դրա: Ուստի դուրս մնացին: Դիցուք ռուսները ոչ մի հավաքականի ոչինչ չառաջարկեցին: Այդ իմաստով ռուսական ֆուտբոլը տարերային էր։

Ռուսական ֆուտբոլի մասին իմաստ ունի խոսել, երբ նրանք հաղթում են: Ռուսները գրոհի շարունակություն չունենալու գեղագետներ են: Նրանք գնդակը կորցնում են այն թեթևությամբ, որով ստացել են: Սա բացարձակապես հակաֆուտբոլ է, քանի որ խուճապը հասնում է կիսաեզրափակիչ: Օրինակ, խորվաթների մաթեմատիկական ճշգրտությամբ փոխարինումներին ռուսները հակադարձում էին էմոցիոնալ հարձակումներով: Տուգանայինում ռուսները անհասկանալի պատ էին, որի ոչ մի ճեղք խորվաթները չէին հասկանում: Էդ ճեղքերը տեսնելիս խորվաթները մտածում էին` սրանք մեզ որտե՞ղ են փորձում քցել: Ռուսները հետաքրքիր են մրցակցի տուգանայինում որպես մեծամասնություն: Սա այն է, ինչը չկարողացան անել բրազիլացիները Բելգիայի հետ խաղում: Միայն ռուսը չէր հասկանա, որ խորվաթների դարպասապահ Զուբաշիչի մկանային վնասվածքից հետո դարպասին ուղղված հարվածները պետք է լինեն դարպասի վերին անկյունները:

Իսկ ահա Արգենտինան այդպես էլ չկարողացավ առանձնանալ ոճով, որովհետև նրա «օդերը» փակած էին հենց սկզբից: Մեսսին և Նեյմարը մերձամարտի «լավագույն» զոհերն են: Երբ «սպանությունը» մղվում է առաջին պլան, Մեսսի կամ Նեյմար լինելն իմաստ չունի, դու կդառնաս առաջին զոհը, քեզ չպետք է նկատեն: Ահա ինչու էր Նեյմարը այդքան հաճախ դիմում դերասանությունների, նա ուզում էր ուշքի գալ ամեն հարվածից հետո և գտնել հակախաղը մի միջավայրում, որտեղ ֆուտբոլ խաղալ հնարավոր չէ: Բելգիան դա թույլ չտվեց: Ես չէի ասի, թե Բելգիա-Բրազիլիա խաղում բրազիլացիները տարածություն չունեին, սակայն գլխավոր խորամանկությունն այն էր, որ բելգիացիները բրազիլացիների դեմ գործեցին ամազոնյան պիրանիաների ոգով` բազմահազար մանր ձկնիկներ արագորեն հարձակվում են զոհի վրա և հոշոտում նրան:

Ժամանակակից ֆուտբոլի այս խաղաոճը գտան անգլիացիները, որոնց շնորհիվ կոպիտ ֆուտբոլը կյանքի իրավունք ստացավ: Դա նշանակում էր, որ կոպտությունը միշտ չէ, որ «հետապնդելի» է: Դա իր հերթին նշանակում է, որ մրցակիցը պետք է իր խաղը խաղը մյուսի ոտքերի տակ, ոչ թե նրա դիմաց: Դա նշանակում է, որ գնդակի հետ խաղ չկա, կա խաղ մրցակցի ոտքերի հետ: Ապագայի ֆուտբոլի հակաքայլը լինելու է մրցակցի ագրեսիվ ոտքերի դեմ տարածության ստեղծումը: Խախտումների դեմ կանոնների կոշտացում չի սպասվում, հետևաբար մերձամարտը ապագայում էլ լինելու է անխուսափելի:

Ես չգիտեմ, թե ով կդառնա աշխարհի չեմպիոն այս առաջնությունում, սակայն հակաֆուտբոլի բոլոր կանոններով այն պետք է դառնան անգլիացիները, որոնք խաղացողին «դարանակալելու» վարպետներն են այս առաջնությունում։ Սակայն անգլիացիները դեռ պետք է վարպետանան գնդակը գնդակը «բնում խեղդելու» արվեստում։