12.07.2018 12:15

Թուրքիայում ձերբակալվել է Էրդողանի համախոհը՝ սեքս-աղանդի ղեկավարը

Թուրքիայում ձերբակալվել է Էրդողանի համախոհը՝ սեքս-աղանդի ղեկավարը

Հուլիսի 11-ին թուրքական ոստիկանությունը, ուղղաթիռով հետապնդումից հետո, բռնել է իսլամի հատուկ տեսակի տխրահռակ քարոզիչ, Էրդողանի համախոհ, հեռուստաալիքի սեփականատեր Ադնան Օկտարին:

2000-ականների սկզբին Օկտարին արդեն մի անգամ ձերբակալել էին, սակայն այն ժամանակ դատարանը նրա գործողություններում հանցակազմ չէր հայտնաբերել: Այս անգամ նրան մեղսագրվում են չափազանց լուրջ արարքներ. սեքս անչափահասների հետ, մարդկանց առևանգում, հանցավոր խմբավորման կազմակերպում, բացի այդ՝ հարկային և հակաահաբեկչական օրենսդրության խախտում:

Ինչպես հաղորդել է BBC-ի թուրքական ծառայության թղթակիցը, Օկտարն իր սեփական աղանդն ստեղծել է դեռևս 90-ական թթ.: Աղանդում ընդգրկված մարդիկ պատմել են, որ այնտեղ, փաստորեն, կազմակերպվում էին օրգիաներ, կանանց և երիտասարդ աղջիկներին ստիպում էին սեքսով զբաղվել, այդ ամենը հաճախ նկարահանվում էր տեսախցիկով և օգտագործվում շանտաժի և շորթման նպատակով:

Թեև Օկտարը իսլամի մասին գիրք է գրել և իր սեփական հեռուստաալիքով կրոնական հարցերի վերաբերյալ հաղորդում է վարում (կրոնավորները նրա հայացքներն անվանում են «կեղծ-իսլամ»), հանրությունը սովոր է նրան միշտ տեսնել առնվազն հինգ, իսկ երբեմն՝ 10-20 կիսամերկ ու վառ դիմահարդարանքով աղջիկների շրջապատում, որոնց նա անվանում էր «իմ փիսիկները»:

Քարոզիչը փորձել է փախչել, սակայն ուղղաթիռով ոստիկանական հետապնդման արդյունքում բռնվել է: Նրանից բացի ձերբակալվել է նրա աղանդի ևս 79 հետևորդ: Ընդհանուր առմամբ՝ տրվել է ձերբակալության 235 օրդեր, այդ թվում՝ նաև «փիսիկների» համար:

Ադնան Օկտարի գործը, ըստ ամենայնի՝ քաղաքական չէ. վերջին տասը տարիներին նա մշտապես պաշտպանել է Էրդողանին: Սակայն, ըստ երևույթին, քարոզչի տարօրինակ գործերն արդեն լցրել են պահպանողական քաղաքացիների համբերության բաժակը, իսկ նրանք Էրդողանի գլխավոր հենարանն են: Թերևս՝ դրա համար էլ իշխանությունները որոշել են լրջորեն զբաղվել նրանով:

Փոխանցում է BBC-ն: