12.07.2018 12:35

Փաշինյանի աշխատանքային այցը Բրյուսել

Երեկ աշխատանքային այցով Բելգիայի Թագավորություն մեկնած վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Կարնեգի  Եվրոպա» հետազոտական կենտրոն: Այստեղ նա հանդիպել է կենտրոնի փորձագետների, ինչպես նաև ԵՄ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ապա Փաշինյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Հետո՝ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: 

Հանդիպումներից հետո Փաշինյանն այցելել է Բրյուսելի գեղարվեստի և պատմության թագավորական թանգարան: Այստեղ նրան դիմավորել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը: Վերջինս ողջույնի խոսքով դիմել է ՆԱՏՕ-ի դաշնակից և գործընկեր պետությունների ու կառավարությունների ղեկավարներին, որից հետո տեղի է ունեցել արարողակարգային լուսանկարահանում: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընթրիքին: