12.07.2018 13:23

Զուրաբյանը Ջաղինյանին առաջարկել է Հանրայինով ցուցադրել «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը

Հուլիսի 11-ին Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը գրությամբ դիմել է Հանրային Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին՝ Հանրայինի եթերով հրապարակախոս, ռեժիսոր Տիգրան Պասկեւիչյանի «Հայաստանի կորսված գարունը» փաստավավերագրական ֆիլմը ցուցադրելու առաջարկով:

Զուրաբյանն իր դիմումում գրել է.

«Ինչպես հայտնի է, 2008թ. փետրվար-մարտ ամիսներին Հայաստանում տեղի է ունեցել լայնածավալ ընտրակեղծարարություն, այնուհետ սահմանադրական կարգի տապալման ճանապարհով՝ իշխանազավթում: Այս մասին ասված է նաեւ վերջերս հրապարակված Հատուկ քննչական ծառայության հայտարարության մեջ:

Այս ամբողջ ժամանակահատվածում, ընդհուպ մինչեւ Թավշյա հեղափոխության հաղթանակը, այդ ոճրագործությունը կատարած իշխանությունն ամեն ինչ արել է այն պարտակելու համար: Ինչպես նաեւ արգելվել է հանրային եթերով այդ իրադարձությունների մասին նկարահանված ֆիլմի ցուցադրումը:

Հաշվի առնելով, որ ոճրագործ ռեժիմը հեռացված է իշխանությունից, եւ ստեղծվել են նախադրյալներ մամուլի ազատության եւ տեղեկությունների ազատ շրջանառման համար, հաշվի առնելով նաեւ, որ անհրաժեշտ է մեր հասարակությանը եւ ժողովրդին ծանոթացնել այդ ոճրագործության մանրամասներին, Հայ Ազգային Կոնգրեսը առաջարկում է Հանրային հեռուստատեսության եթերում ցուցադրել ականավոր հրապարակախոս եւ ռեժիսոր Տիգրան Պասկեւիչյանի «Հայաստանի կորսված գարունը» փաստավավերագրական ֆիլմը, որը անաչառ ներկայացնում է կատարվածը»: