13.07.2018 12:19

Սիրիական զորքերը գրավել են Դարաա քաղաքը

Սիրիական զորքերը գրավել են Դարաա քաղաքը

Սիրիայի կառավարական զորքերը մարտերով գրավել են Դարաա քաղաքը, որտեղից յոթ տարի առաջ սկսվել էր ապստամբությունն ընդդեմ Բաշար Ասադի վարչակարգի:

Ասադի ուժերը քաղաք են մտել Ռուսաստանի ռազմական ոստիկանության աջակցությամբ և գլխավոր հրապարակում պարզել են երկրի դրոշը, հաղորդում են սիրիական լրատվամիջոցները:

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել կարգավորելու իրավիճակը Դարաայի հարավային և հարավարևելյան թաղամասերում, հաղորդել է РИА Новости-ն:

Լուր է տարածվել, թե ընդդիմության ուժերը համաձայնել են զենքը ցած դնել և հանձնվել՝ պայմանով, որ համաներում կլինի, կամ նահանջելու միջանք կտրամադրվի իրենց, որպեսզի կարողանան հեռանալ երկրի հյուսիս, որտեղ ընդդիմության դիմադրության օջախն է գտնվում:

ՄԱԿ-ի տվյալներով՝ հունիսի 19-ից, երբ սկսվել է գրոհը քաղաքի վրա, 234 հազար մարդ փախստական է դարձել, նրանց 70 %-ը ապաստանել է հարևան Կունեյտրա նահանգում՝ Իսրայելի տիրապետության տակ գտնվող Գոլանի բարձունքների մոտ:

Փոխանցում է BBC-ն: