13.07.2018 14:14

Ներկա ու նախկին պաշտոնյաների գազալցակայանները խուսափել են հարկեր վճարելուց

Ներկա ու նախկին պաշտոնյաների գազալցակայանները խուսափել են հարկեր վճարելուց

ՀՀ ՊԵԿ հաղորդագրության համաձայն, ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությունից քննչական վարչություն և հետաքննության վարչության հետաքննության բաժին  հաղորդումներ են ստացվել այն մասին, որ ՊԵԿ նախագահի հանձնարարագրերի հիման վրա, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավոտգազ» ՍՊ ընկերությունում, ինչպես նաև «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊ ընկերություններում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ այդ ընկերությունները 2016-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետևանքով խուսափել են համապատասխանաբար 58.700.000, 14.900.000, 168.400.000, 79.400.000,  53.000.000, 25.700.000 և 349.500.000 ՀՀ դրամի չափով հարկ վճարելուց: Վերոգրյալի հիման վրա ՊԵԿ քննչական  վարչությունում և հետաքննության վարչության հետաքննության բաժնում  և ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հանցավոր արարքների հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնց շրջանակներում իրականացվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ և զննություններ: 

2018 թվականի հուլիսի 10-ին ՊԵԿ քննչական, հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները համատեղ խուզարկություններ են իրականացրել նշված ընկերություններին պատկանող գազալցակայաններում, որտեղից հայտնաբերել են քրեական գործերով պարզաբանման ենթակա մի շարք հանգամանքներին վերաբերող հաշվապահական փաստաթղթեր, համակարգիչներ, տեսաձայնագրող սարքեր և այլն:   

Նշենք, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս հաղորդագրությանը նշել է, որ նշված գազալցակայանների սեփականատերեր են ներկա ու նախկին պաշտոնյաններ. այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանը, Մհեր Սեդրակյանը, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը: