13.07.2018 16:15

Բեն Լադենի նախկին թիկնապահին Գերմանիան արտահանձնել է Թունիսին

Բեն Լադենի նախկին թիկնապահին Գերմանիան արտահանձնել է Թունիսին

Ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի նախկին թիկնապահին ուրբաթ առավոտյան Գերմանիայից արտահանձնել են Թունիսին, լրագրողներին տեղեկացրել է  գերմանական ՆԳՆ ներկայացուցիչը:

«Կարող եմ հաստատել, որ այսօր առավոտյան Սամի Ա.-ին փոխանցել են Թունիսի իշխանություններին»,- ասել է նա: Այդպիսով՝ նա հաստատել է նախկինում ԶԼՄ-ներում հայտնված լուրերը:

Սամի Ա.-ն Թունիսի քաղաքացի է: Վերջին տարիներին նա կնոջ և երեխաների հետ ապրել է Բոխումում: Հունիսի վերջին նրան ձերբակալեցին և ուղարկեցին դեպորտացիոն բանտ: Միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գերատեսչությունը թույլ էր տվել արտահանձնումը, սակայն Սամի Ա.-ն բողոքարկել էր այդ որոշումը: Դատարանն, իր հերթին, որոշում էր կայացրել, որ նրան չի կարելի արտաքսել, քանի որ երաշխիք չկա, որ նրան կտտանքների չեն ենթարկի հայրենիքում:

Der Spiegel ամսագրի տվյալներով՝ դատարանի որոշումը շատ ուշ էր տեղ հասել. այդ պահին Սամի Ա.-ին տանող ինքնաթիռն արդեն օդում էր:

Փոխանցում է Interfax-ը: