16.07.2018 11:17

ԱՄՆ-Ռուսաստան. Գագաթնաժողովի օրակարգը

ԱՄՆ-Ռուսաստան. Գագաթնաժողովի օրակարգը

Այսօր Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կմեկնարկի ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովը:

Air Force One-ն վայրէջք է կատարել Ֆինլանդիայի մայրաքաղաքում: Հելսինկիում գագաթնաժողովի նախօրեին Թրամփը հայտարարել է, որ առանձնապես մեծ հույսեր չի փայփայում, թե իր և Պուտինի հանդիպումը կօգնի լուծելու երկու երկրների հարաբերություններում կուտակված խնդիրները: «Ես ոչինչ չեմ ակնկալում այս հանդիպումից, ըստ էության՝ ոչ մի սպսելիք էլ չունեմ, կարծում եմ՝ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալը վատ չէ, բայց հնարավոր է՝ չստացվի»:

Նույն հարցազրույցում Թրամփը տեղեկացրել է, որ մտադիր է պահանջել այն 12 ռուսաստանցիների արտահանձնումը, որոնց դեմ հատուկ դատախազ Մյուլլերը մեղադրանք է ներկայացրել: «Ամենայն հավանականությամբ՝ ես այդ պահանջը կներկայացնեմ: Բայց Դեմոկրատական կուսակցության կոմիտեն էլ պետք է ամաչի, որ իրենց սերվերներն այդքան հեշտ է եղել կոտրել»:

Երկրորդ թեման, որը, դիտորդների կարծիքով, անպայման կշոշափվի հանդիպման ընթացքում, Սիրիան է: Թրամփը բազմիցս նշել է, որ ԱՄՆ-ի անվտանգությանը սպառնացող ամենամեծ վտանգը բխում է ԻՊ խմբավորումից: Սակայն, մյուս կողմից, Բաշար Ասադի հեռացումը պայման չէ, որ նա կդնի Պուտինի առաջ, երբ քննարկվի այդ երկրում ընթացիկ իրավիճակը:

Գագաթնաժողովի երրորդ թեման կլինի Ուկրաինան: Ղրիմի հարցում ԱՄՆ-ի և Սպիտակ տան պաշտոնական դիրքորոշման համաձայն ՝ դա Ուկրաինայի տարածքն է, իսկ Ռուսաստանը անեքսիայի է ենթարկել թերակղզին: Արդյո՞ք Թրամփը դա կասի Պուտինի հետ երես առ երես հանդիպմանը՝ առայժմ հայտնի չէ:

Գագաթնաժողովը պաշտոնապես կտևի չորս ժամ:

Փոխանցում է euronews-ը: