16.07.2018 13:05

Pussy Riot-ի անդամները ԱԱ եզրափակիչ խաղի ժամանակ ներխուժել են խաղադաշտ

Pussy Riot-ի անդամները ԱԱ եզրափակիչ խաղի ժամանակ ներխուժել են խաղադաշտ

Pussy Riot արտ-խմբի չորս անդամներ, ոստիկանության աշխատակիցների համազգեստներով, խաղադաշտ են ներխուժել ֆուտբոլի աշխարհի առաջնության Խորվաթիա-Ֆրանսիա հանդիպման ժամանակ: Ինչպես պարզաբանել են խմբի ներկայացուցիչները, նրանք կազմակերպել են «Միլիցիոները մտնում է խաղի մեջ» ակցիան: Ակցիայի մասնակիցներին դուրս են բերել խաղադաշտից:

Facebook-ի իրենց էջում Pussy Riot-ի անդամները բացատրել են, որ իրենց ակցիայով պահանջում էին ազատ արձակել քաղբանտարկյալներին, դադարեցնել այն քրեական գործերը, որոնք առնչվում են սոցցանցերում հալածանքներին, հանրահավաքների ընթացքում ձերբակալություններին, ինչպես նաև՝ վերականգնել քաղաքական մրցակցությունը:

Հայտնի չէ, թե սկանդալներով հայտնի խմբին ինչպես է հաջողվել մտնել մարզադաշտ՝ անցնելով հսկիչ մի քանի գծեր:

ԱԱ եզրափակիչ խաղին ներկա են եղել մի քանի պետությունների ղեկավարներ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ավելի ուշ Մոսկվայի ոստիկանության մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ ակցիայի մասնակիցների դեմ վարչական արձանագրություններ են կազմվել:

Փոխանցում է BBC-ն: