17.07.2018 10:55

ԱԱԾ-ն բացահայտել է կոռուպցիոն սխեմա. Տեսանյութ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտվել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են մի խումբ քաղաքացիներ, պաշտոնատար անձինք, այդ թվում` բժիշկներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ: Վերջիններս կաշառքի դիմաց կազմակերպել և իրականացրել են 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումների հիմքով պարտադիր զինվորական ժամկետային ծառայությունից ՀՀ շուրջ չորս տասնյակից ավելի զինակոչիկների ազատելու կամ տարկետում տրամադրելու գործընթացը: Գործող սխեմայի մի շարք դրվագներում առանցքային դերակատարում է ունեցել բժիշկ Արամայիս Սանոսյանը:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ՊՆ հանրապետական հավաքակայանի նախկին զինծառայող Կոլյա Քոսակյանը, տիրապետելով զինվորական կոմիսարիատի աշխատանքի նրբություններին և օգտագործելով աշխատակիցների ու բժիշկների շրջանում ունեցած իր կապերը, մի խումբ անձանց հետ գալով նախնական համաձայնության, մինչև 14.000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց կազմակերպել է զորակոչիկներին զինկոմիսարիատների կողմից քաղաքացիական հիվանդանոցներ ուղեգրելու, նրանց բժշկական կեղծ ախտորոշումներ տրամադրելու, այնուհետև նշված ուղեգրերի հիման վրա պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու, տարկետում տրամադրելու կամ պահեստազորում հաշվառելու գործընթացը: Կոլյա Քոսակյանին և նրա խմբի անդամներին կեղծ բժշկական փաստաթղթեր ձեռք բերելու հարցում օժանդակել են տարբեր բուժկենտրոնների բժիշկ-մասնագետներ, զինկոմիսարիատի ներկա և նախկին աշխատակիցներ, որոնց էլ փոխանցվել է քաղաքացիներից վերցված գումարների մի մասը: 

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, հարցաքննվել են տասնյակ անձինք, կատարվել է շուրջ 20 խուզարկություն, որոնց արդյունքում հայտնաբերվել են զինակոչիկների վերաբերյալ կազմված բժշկական ակտեր, գումար, գործի համար էական նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր:

Քրեական գործի դրվագներից մեկով պարզվել է նաև, որ Կոլյա Քոսակյանը, հերթական ապօրինի գործարքն իրականացնելով, համաձայնության է եկել իր ծանոթ, Հանրապետական զինկոմիսարիատի աշխատակից Ս.Մ-ի հետ, իսկ վերջինս պայմանավորվածություն է ձեռք բերել Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Գարիկ Առաքելյանի հետ՝ 11.000 ԱՄՆ դոլարի դիմաց ՀՀ քաղաքացի Ն.Ա-ին բժշկական կեղծ ախտորոշումների հիման վրա պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ: Գումարը ստանալուց հետո Գարիկ Առաքելյանը խոստացել է հարցը լուծել, և սկսվել է զինակոչիկի բժշկական հետազոտությունների գործընթացը, սակայն ավարտին չի հասցվել, քանի որ դեպքը բացահայտվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել 3 անձի՝ Կոլյա Քոսակյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի («Առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն օժանդակելը»), Գարիկ Առաքելյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի («Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը») և Արամայիս Սանոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի («Խոշոր չափերով կաշառք ստանալը») և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի («Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը») հատկանիշներով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 

Ձեռնարկվում են միջոցներ` առնչակից անձանց ողջ շրջանակը, ինչպես նաև գործի համար էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 

ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է քաղաքացիներին՝ զերծ մնալ զինծառայությունից խուսափելու նպատակով կատարվող ապօրինի գործողություններից: Վերոհիշյալ անձանց և Կոլյա Քոսակյանի «ծառայություններից» օգտված քաղաքացիներին առաջարկում ենք դիմել ՀՀ ԱԱԾ քննչական վարչությանը (հեռ.՝ 010-57-93-12), ինչը հաշվի կառնվի վարույթն իրականացնող մարմնի կողմից: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: