17.07.2018 13:24

Արսեն Գրիգորյան. Ռոբերտ Քոչարյանի «ստրատեգիական» ցուցմունքը

Արսեն Գրիգորյան. Ռոբերտ Քոչարյանի «ստրատեգիական» ցուցմունքը

Եվ այսպես, Ռոբերտ Քոչարյանը պետք է վկայություն տա մարտի 1-ի գործով: Այս իրադարձությանը պետք է նայել ոստիկանության հատուկ զորքերում ծառայած Տիգրան Աբգարյանի եւ մյուս 9 զոհերի ծնողների կամ հարազատների աչքերով ու հոգով: Բայց բեմի կենտրոնում պետք է լինեն հատկապես Տիգրան Աբգարյանի եւ ոստիկանության զորքերի կապիտան Համլետ Թադեւոսյանի ծնողներն ու հարազատները: Որովհետեւ նրանց որդին ու արյունակիցը զոհվեցին այն «գաղափարախոսությամբ», թե ցուցարարները կրակում էին օրենքի պահապանների վրա: Նրանք սպանվեցին, իսկ կրակող ցուցարար այդպես էլ չհայտնաբերվեց:

Ռոբերտ Քոչարյանն անձամբ պետք է ասի, թե որտեղի՞ց էր բստրել այդ տեղեկությունը: Չէ՞ որ գոնե այդ օրերին հարազատները կարող էին համոզված լինել, որ մնացած 8 զոհը իրենց որդիների արյան պատասխանն է: Չէ՞ որ ոստիկանների սպանությունը հենց այդ 8 սպանության մտահղացման իրացումն է: Ո՞վ է կասկածում, որ երկրորդ նախագահը պատմելու շատ բան ունի: Եվ ո՞վ է կասկածում, որ մեկ սպանությունն անգամ աշխարհաքաղաքական որեւէ արդարացում չունի, եւ եթե նույնիսկ ունի, դա Գոռ Քլոյանի հոր պետքն էլ չէ` հանցագործը պետք է պատժվի:

Ռոբերտ Քոչարյանը պետք է վկայություն տա ուղիղ եթերում, ինչպես ուղիղ եթերում հայտարարում էր, որ ցուցարարները հակասահմանադրական գործողությունների են անցել: Նա դա հայտարարում էր հենց այն պահին, երբ մտահղացվել եւ արդեն գործողության մեջ էին դնում հակասահմանադրական մի խոշոր ծրագիր, որն ամփոփված է 0038 գաղտնի փաստաթղթի դրույթներում: Նա պետք է ասի, թե ինչու՞ պիտի մեկ կամ երկու հոգու իշխանության ծարավը ստորադասվի միլիոնների քվեով ընդունված Սահմանադրությանը: Պարզ չէ՞, որ երբ քո գործողություններով Սահմանադրությունը դնում ես մի կողմ, էդ քվեարկողներին ուղերձ ես հղում, որ փաստաթղթին կողմ կամ դեմ քվեարկելով՝ մեյմունությամբ եք զբաղվել: Պետությունը «միակ տղամարդու» հյուրախաղերի հարթակ չէ, էդ պետության համար համապատասխան արյունն արդեն թափվել է Այգեպարում, Թովուզում, Ճամբարակի գյուղերում: Այսինքն, էդ պետության համար արյուն կարող էր թափվել միայն Սահմանին:

Ու դրանից հետո պատահակա՞ն էր, որ մարդիկ զենքը ձեռքներին մտան ՊՊԾ գունդ ու դարձան ոստիկանների մահվան պատճառ: Սա վրիժառություն չէր, այլ` «պայքարի» գրագողություն: ՊՊԾ-ում սպանված ոստիկանների արյան պատասխանատվությունն էլ կարող է ընկնել Ռոբերտ Քոչարյանի վրա, որովհետեւ իր ձեռագիրն է: Սպանության էս «մշակույթը» ներմուծվեց նրա իշխանության օրոք: Բայց, դիցուք, 0038 փաստաթղթի «դիրեկտիվները» «կյանքի» կոչելու համար պատասխան պետք է տա ՊՆ-ն: Մարդը բաց տեքստով ասում է, որ տեղյակ է, թե գեներալ Մանվելին պատկանող տարածքներում ապօրինի զենք կա, եւ սպառնում է, որ, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին կանգնի, այդ զենքերը կհայտնաբերվեն: Նույն հարցազրույցում գուցե ակամա խոստովանում է, որ երբ Մանվելին հեռացրեց Շարժումից, կարողացավ բանակը ներգրավել ներքաղաքական գործընթացներում:

Միշտ եմ հակված եղել, որ գերազանցիկ լինելը եւ լավ սովորելը դեռեւս ոչինչ չի նշանակում, մարդու ուղեղի «մարսողությունը» պետք է անխափան լինի: Ռոբերտ Քոչարյանի պարագայում խնդիր է եղել այդ իմաստով: Նա իր գլխավոր, «ստրատեգիական» ցուցմունքը տվել է, մնում է, որ դատարանում խոսի դետալներից: Եվ թող մարտի 1-ի զոհերի արյան մեջ թաթախված մյուսները պինդ բռնվեն իրենց աթոռներից, Ռոբերտ Քոչարյանը սեւով սպիտակի վրա հասկացնում է` ես քավության նոխազ չեմ լինի: