17.07.2018 13:41

CNN-ի հաղորդավարը Թամփի ելույթը Պուտինի հետ ասուլիսում ամոթալի է անվանել

CNN-ի հաղորդավարը Թամփի ելույթը Պուտինի հետ  ասուլիսում ամոթալի է անվանել

Ամերիկյան CNN հեռուստատեսության հաղորդավարն ուղիղ եթերում ամոթալի է անվանել նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը՝ Հելսինկիում Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններին հաջորդած համատեղ մամլո ասուլիսում:

«Դուք դիտեցիք, հավանաբար, ամերիկյան նախագահի ամենաամոթալի ելույթներից մեկը Ռուսաստանի առաջնորդի հետ գագաթնաժողովից հետո»,- ասել է Անդերսոն Քուփերը:

Ինչպես նշել է Associated Press-ը, այս հայտարարությունն ավելի կսրի հեռուստաալիքի՝ առանց այն էլ բարդ հարաբերությունները Սպիտակ տան հետ:

Վլադիմիր Պուտինի հետ ավելի քան երկժամյա առերես զրույցից հետո Թրամփը, մասնավորապես, հայտարարել է, որ կասկածում է, թե ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ ՀԴԲ-ի հետաքննության արդյունքները ճիշտ են:

Թրամփի պահվածքը ոչ միայն Վաշինգտոնի քաղաքական վերնախավի քննադատությանն է արժանացել, այլև հասարակ ամերիկացիների: Սպիտակ տուն վերադարձած նախագահին արդեն ցուցարարներ են սպասել, որոնք ձեռքներում պահել են «ստախոս» (LIAR) բառը կազմող հսկայական լուսավորվող տառեր:

Փոխանցում է Interfax-ը: