17.07.2018 14:10

Սկրիպալների թունավորման գործում Լոնդոնը կասկածում է ՀԳՎ-ին

Սկրիպալների թունավորման գործում Լոնդոնը կասկածում է ՀԳՎ-ին

Ամենայն հավանականությամբ՝ ՀԳՎ-ն է պատասխանատու Մեծ Բրիտանիայում այդ  գերատեսչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման համար, գրել է The New York Times-ը՝ հղում անելով բրիտանական և ամերիկյան աղբյուրներին:

Թերթը ուշադրություն է հրավիրում, որ խոսքը «նույն ռուսաստանյան ռազմական հետախուզության մասին է, որին այժմ մեղադրում են 2016 թ. ԱՄՆ նախագահական  ընտրություններին միջամտելու մեջ»:

«Բրիտանացի հետաքննիչները ենթադրում են, որ մարտի 4-ին նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դուստր Յուլյայի վրա հարձակումը, ամենայն հավանականությամբ, կատարվել է ՀԳՎ անունով հայտնի ծառայության նախկին կամ ներկա գործակալների օգնությամբ, որոնց ուղարկել են Սկրիպալների տուն»,- գրել է թերթը:

Աղբյուրներից մեկը թերթին հաղորդել է, որ բրիտանացի քննիչներն արդեն մոտ են նրան, որ պարզեն այն անձանց, ովքեր, նրանց կարծիքով, իրականացրել են Սկրիպալներին թունավորելու գործողությունը: Միևնույն ժամանակ, նշում է թերթը, «քննիչները չեն բացառում ռուսաստանյան մեկ այլ հետախուզական ծառայության կամ  դրա մասնավոր ստորաբաժանման մասնակցությունը»:

Փոխանցում է Interfax-ը: