18.07.2018 10:06

Նոր գիրք` 1988-ի Շարժման մասին

Նոր գիրք` 1988-ի Շարժման մասին

«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել «1988-ի Շարժման 30 ամյակը» (Երևան, 2018) գիրքը, որում զետեղված են հեղինակ Սարգիս Արծրունու հոդվածները՝ տպագրված հայկական մամուլում՝ համանուն խորագրի տակ։ Գիրքը կազմել է Արման Մուսինյանը, խմբագրել՝ Աշոտ Սարգսյանը, ձևավորել՝ Ավետիս Ավագյանը։

 

iLur-ը ընթերցողին է ներկայացնում գրքի առաջաբանը, որը հեղինակել է պատմական գիտությունների թեկնածու Աշոտ Սարգսյանը։

 

ԽՄԲԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ

Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ 1in.am կայքը «88-ի Շարժում - 30» խորագրի տակ ներկայացրեց Սարգիս Արծրունու հեղինակած ընդարձակ մի հոդվածաշար։ Այն Շարժման ժամանակագրորեն համակարգված պատմություն չէ, այլ նրա հիմնական դրվագներին նվիրված էսսեների կամ ակնարկների շարք, որոնք, սակայն, փաստորեն ընդգրկում են այդ տարիների իրադարձությունների գրեթե ամբողջական պատկերը։

Շարժման հոբելյանը ընդարձակ այս անդրադարձի առիթն է եղել, իսկ շարժառիթն ու նպատակը ներկայացնենք հենց հեղինակի երկու ձեւակերպմամբ.

– «Երրորդ հանրապետության պատմությունը` մասնատված, բզկտված, հարմարեցված է իրար հաջորդող առաջնորդների քմահաճույքներին, քաղաքական կոնյունկտուրային»։

– «Հայոց պատմության դպրոցական դասագրքերում 88-ի շարժումն ու Երրորդ հանրապետության պատմությունը խայտառակ, ոչ պրոֆեսիոնալ մատուցում ունեն, ինչի հետեւանքով սերունդներն անհաղորդ են մնալու մեր պատմության հերոսական էջերից մեկին»։

Պետք է ասել, որ հեղինակն այս բացը լրացնելու ուղղությամբ կարեւոր ներդրում է անում։ Չհաշված առանձին թեմաներով էպիզոդիկ հրապարակումները, վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ է, որ, այսպես ասենք, «ոչ ՀՀՇ-ական» (կամ «ոչ Կոնգրեսական») կայքը եւ չեզոք մի հեղինակ իր առջեւ խնդիր է դրել, դեմ գնալով նույն «քաղաքական կոնյունկտուրային», օբյեկտիվության դիրքերից ներկայացնել Շարժման տարիները ու դրա հետ կապված իրողությունները։

Հեղինակը բավարար չափով տեղյակ է նյութին, ժամանակի քաղաքական միջավայրին ու նրբություններին։ Ոչ միայն դպրոցական ու բուհական դասագրքերում, այլեւ պատմաբան գիտնականների ուսումնասիրություններում, այս թեմաներով քաղաքական վերլուծություններում եւ այլն, բացակայում են Ս. Արծրունու կողմից արված կարեւոր արձանագրումներ, առանց որոնց Շարժման պատմությունը կորցնում է իր բովանդակությունը։ Մասնավորապես՝

– Ղարաբաղյան շարժման շարժիչ ուժերը, նրա հետապնդած առաջնային քաղաքական խնդրի դինամիկան.

– Շարժման միջազգային համարումը, պատմական դերը, նրա դեմ պայքարող ճակատները.

– Համաժողովրդական Շարժման՝ 1988թ. մայիսին ձեւավորված «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի» կատարած կարեւոր շրջադարձը, նրա պատմական դերակատարությունը.

– Ներքաղաքական պայքարի հիմնական առանցքը. մի կողմից՝ Կոմիտեի որդեգրած «քաղաքական պրագմատիզմի», մյուս կողմից՝ հայդատականության կամ քաղաքական ավանտյուրիզմի մեջ.

– Շարժման քաղաքական արժեքային համակարգը եւ այլն։

Կարելի է ասել, որ հեղինակը, սկզբնաղբյուրների վրա հենված գիտական ուսումնասիրության նպատակ չունենալով, ընտրած ժանրում, օբյեկտիվության եւ անաչառության իմաստով հասել է հնարավոր առավելագույնին։

Տեքստերը տեղադրել ենք նույնությամբ՝ կայքի հրապարակման ժամանակագրական հաջորդականությամբ։ Ուղղել ենք ակնհայտ վրիպակները։

Ծանոթագրել ենք միայն փաստական անճշտությունները, ինչպիսիք, անշուշտ, անխուսափելի են լրագրողական հոդվածներում։

Հարգելով հեղինակի սեփական կարծիք ունենալու իրավունքը, չենք անդրադարձել առանձին հարցերի հետ կապված նրա եզրահանգումներին ու գնահատականներին նույնիսկ այն դեպքերում, երբ դրանց հետ սկզբունքորեն համաձայն չենք եղել։

Որպես «Հավելված» տեղադրել ենք նույն հեղինակի մի քանի այլ հրապարակումներ, որոնք, թեեւ այս խորագրի տակ չեն ներկայացվել, սակայն ուղղակի կամ միջնորդավորված առնչվում են հոդվածաշարի թեմատիկային եւ առավել ամբողջական դարձնում այն։

Վերջում ավելորդ չենք համարում նշել հետեւյալը. ակնհայտ է, որ Սարգիս Արծրունին հրապարակախոսական ծածկանուն է, բայց երբ օրերից մի օր այս հոդվածաշարի հեղինակի իրական անունը բացահայտվի, դա միայն պատիվ կբերի նրան։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ