18.07.2018 12:46

Իրանը վստահում է ԵՄ-ին, բայց ոչ ԱՄՆ-ին

Իրանը վստահում է ԵՄ-ին, բայց ոչ ԱՄՆ-ին

Իրանը ՄԱԿ-ի միջազգային դատարանում բողոքարկել է ամերիկյան պատժամիջոցների վերականգնումը: Իսլամական հանրապետությունը խնդրում է «միջուկային գործարքի» ճակատագրի քննության ընթացքում դադարեցնել սահմանափակման գործողությունները:

Այդ ընթացքում Թեհրանն ավելի ու ավելի է շրջվում դեպի ԵՄ և ակնկալում է համագործակցել Բրյուսելի հետ:

«Եվրոպացիներից մեզ անհրաժեշտ են ոչ միայն քաղաքական որոշումներ, որոնք նրանք արդեն իսկ ընդունել են: Այժմ մենք ուզում ենք տեսնել՝ ինչպես են այդ միջոցներն աշխատելու իրական կյանքում, այլ ոչ թե թղթի վրա, ոչ թե սոսկ որպես խոսքեր, այլ բանկային ոլորտում, ներդրումներում, էներգետիկայի, տրանսպորտի, փոքր ու միջին բիզնեսների ոլորտներում: Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ՝ Եվրոպան թերագնահատում է իր հնարավորություններն ու իր ազդեցությունը: Մենք կարծում ենք, որ նա պետք է ավելի ակտիվ լինի աշխարհի խնդիրները լուծելու, տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության հարցերում, ինչպես նաև՝ միջազգային համագործակցության և երկխոսության հարցում»,- Euronews-ին տված հարցազրույցում նշել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ-Ջավադ Զարիֆը:

«Մենք լավ կապեր ու հարաբերություններ ունենք Ռուսաստանի և Սիրիայի կառավարության հետ: Մեր խնդիրն այստեղ հստակ է՝ պայքար ահաբեկչության և ծայրահեղականության դեմ: Դա նաև Ռուսաստանի խնդիրն է: Եթե նախագահ Թրամփը ցանկանում է ցույց տալ իր նվաճումներն այդ պայքարում, ապա նա պետք է նաև պատասխանատվություն ստանձնի ԻՊ-ին աջակցելու համար. չէ՞ որ ԱՄՆ-ը և իր դաշնակիցներն ամբողջ ժամանակ հենց դրանով են զբաղված եղել»,- հավելել է Զարիֆը:

Նախկինում Իրանը բազմիցս ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայում միջազգային օրենսդրությունը խախտելու համար, մասնավորապես՝ պահանջել է Սիրիայի տարածքից դուրս բերել ամերիկյան զորքերը: Իր հերթին՝ Վաշինգտոնը Թեհրանին մեղադրել է տարածաշրջանում իրադրությունն ապակայնունացնելու համար:

Փոխանցում է euronews-ը: