18.07.2018 14:14

Լուկաշենկոն մեղադրել է ռուսաստանյան ընկերություններին

Լուկաշենկոն մեղադրել է ռուսաստանյան ընկերություններին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ արգելվածների ցանկում հայտնված ապրանքների տեղափոխմամբ Բելառուսի տարածքով զբաղվում են ռուսաստանյան ընկերություններ, որոնց թիկունքում «ծանր ուսադիրներով խոշոր գործարարներ են կանգնած»:

«Գլխացավանք է մեզ համար: Վիթխարի աշխատանք ենք կատարում ի շահ Ռուսաստանի: Իսկ էնտեղ անդադար կռիվ են սարքում, ինչ-որ նյութեր են պատվիրում լրատվամիջոցներում, սկսում են մեզ պահանջներ ներկայացնել: Շնորհակալության փոխարեն՝ սկսում են մեզ մատնացույց անել, թե մենք այստեղ  վատ ենք աշխատում արգելված ապրանքների հարցում», -հայտարարել է Լուկաշենկոն Բելառուսի պետական մաքսային ծառայության նախագահի հետ հանդիպման ժամանակ:

Բելառուսի պետական մաքսային կոմիտեի տվյալներով՝ ռուսաստանյան էմբարգոյի սահմանումից ի վեր Բելառուսի մաքսային մարմինները հայտնաբերել են 2,2 հազար իրավախախտում, հարուցվել է 30 քրեական գործ՝ 25 հազար տոննա արգելված ապրանքների ապօրինի տեղափոխման փաստերով:

Փոխանցում է Interfax-ը: