19.07.2018 12:00

Չավի․ «Կփոխարինեի առաջնության տիտղոսը Չեմպիոնների լիգայի խաղարկության գավաթի հետ»

Չավի․ «Կփոխարինեի առաջնության տիտղոսը Չեմպիոնների լիգայի խաղարկության գավաթի հետ»

Իսպանիայի ազգային հավաքականի ու «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Խավին հարցազրույց է տվել իսպանական As պարբերականին:

Կարծում եք` Անտուան Գրիզմանի մերժումը լո՞ւրջ հարված է «Բարսելոնայի» համար:

– Չգիտեմ, բայց անկասկած լավ տարբերակ էր հարձակման գիծն ուժեղացնելու համար: Սակայն իմաստ չկա խոսել արդեն եղածի մասին: Նա որոշեց մնալ «Ատլետիկոյում», և մենք պիտի հարգենք դա: Նա ակնհայտորեն երջանիկ է այնտեղ և իր գործն անում է խաղադաշտում:

Չե՞ք կարծում, որ «Բարսելոնան» մի քիչ կորցրել է փայլը: Թիմը կարծես թե այլևս չի կարողանում նախկինի պես գրավել ֆուտբոլիստներին:

– Ամեն դեպքում սա բիզնես է: «Բարսելոնայում» որոշում կայացնողներն են ակումբի ուղին գծում: Նրանք թիմի խաղի տեսլական ունեն և պետք է որոշումներ կայացնեն: Ես երեք տարի արդեն հեռու եմ թիմից, բայց կարծում եմ` «Բարսան» լավ ֆուտբոլային առողջություն ունի:

Ինչո՞ւ եք այդպես կարծում:

– Որովհետև թիմը դեռ տիտղոսներ է նվաճում: Խնդիրն այն է, որ Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայում է հաղթում, այնպես որ համեմատություններ են տարվում: Պատկերացրեք, եթե «Բարսան» նույն տիտղոսները նվաճեր, բայց «Ռեալն» այդ երեք Չեմպիոնների լիգայի գավաթները չունենար: Մենք կխոսեինք «Բարսելոնայի» ոսկե դարաշրջանի մասին: Բայց «Ռեալը» նույնպես հաղթում է, մասնավորապես Չեմպիոնների լիգայում: Ահա թե ինչու է թվում, թե «Բարսելոնան» լավ հանդես չի գալիս, բայց այդպես չէ: «Բարսան» լավ վիճակում է, խնդիրն այն է, որ «Ռեալը» հրաշալի վիճակում է:

Խնդիրը նաև այն է, որ եթե «Բարսելոնան» Լա լիգայի կեսից 18 միավորով հետ մնար «Ռեալից» և դուրս մնար Արքայական գավաթից, մթնոլորտն ակումբի շուրջ պայթյունավտանգ կլիներ։

– «Ռեալը» նույն քննադատությանը չի արժանանում, մինչև որ մաթեմատիկորեն դուրս չի մնում տիտղոսի համար պայքարից։ Եթե «Բարսան» 18 միավորով հեռու լիներ «Ռեալից» և Արքայական գավաթի խաղարկությունում պարտվեր «Լեգանեսին», 99,99 տոկոսով Չեմպիոնների լիգայում չէր հաղթի։ Եթե Լա լիգայում չհաղթեն, Չեմպիոնների լիգայում չեն կարող։

Առաջնության չեմպիոնական երկու տիտղոսը մեկ Չեմպիոնների լիգայի հետ կփոխեի՞ք։

– Մեկն այո։ «Բարսելոնայի» ցանկացած երկրպագու կհամաձայներ նվաճել Չեմպիոնների լիգան, իսկ մյուս տարի՝ ոչինչ։

Թեև պետք է նշել, որ Զինեդին Զիդանն ասել է՝ իր մեծագույն նվաճումը «Ռեալում» հաղթանակն է առաջնությունում:

– Լա լիգան արտացոլում է քո մրցելույթների ամբողջական պատկերը մրցաշրջանի ընթացքում։ Մրցաշարային աղյուսակը չի ստում։ Չեմպիոնների լիգայում խաղը կարող է կախված լինել մրցավարական որոշումից կամ այդ պահին քո մարզավիճակից։ Առաջնությունում 38 խաղ ես անցկացնում, և արդյունքն արտացոլում է իրականությունը։ Մարզիչները նաև ավելի շատ գնահատում են այն, ինչ ավելի քիչ են նվաճել։

Ինչպե՞ս կգնահատեք Էռնեստո Վալվերդեի աշխատանքը։

– Կարծում եմ՝ շատ լավ աշխատանք է կատարել։ Թիմը լավ տեսք ունի և վատ հանդես չի գալիս։ Վալվերդեն միասնականություն է բերել և լավատեսություն։ Լավ նշանակում է։

Անհանգստացա՞ծ եք, որ Անդրես Ինյեստան հաջորդ մրցաշրջանում թիմում չի լինելու։

– Վալվերդեն կարողացավ գլուխ հանել Նեյմարի հեռանալուց հետո և Սուպերգավաթի խաղարկությունում «Ռեալից» կրած պարտությունից հետո։ Դրանից հետո նա դրական մթնոլորտ ստեղծեց թիմում, կայունացրեց այն և երկու տիտղոս նվաճեց։ Նրա ձեռքբերումը չպետք է թերագնահատել։ Ինյեստայի պակասը շատ կզգացվի թե՛ դաշտում, թե՛ հանդերձարանում, բայց «Բարսելոնան» կարող է դիմանալ ցանկացածի կորստի։ Ռոնալդինյոյի, Ռոմարիոյի և Ռիվալդոյի պես համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստները հեռացան, բայց «Բարսելոնան» շարունակում է հաղթել։

Ֆիլիպե Կոուտինյոն Ինյեստայի ժառա՞նգն է։

– Այո, անասկած։ Կարծում եմ՝ հրաշալի ձեռքբերում է։ Նրանք տարբեր խաղացողներ են, բայց նա կարող է կատարելապես հարմարվել Ինյեստայի դիրքում։ Մենք նրան տեսանք այդ դիրքում Բրազիլիայի հավաքականում։ «Բարսելոնայում» էլ է այդտեղ խաղացել։ Եթե սկսենք՝ ընդունելով, որ անհնար է Անդրեսի պես մեկին փոխարինել, պետք է լուծում գտնել, և կարծում եմ՝ Կոուտինյոն լավագույն տարբերակներից է։

Լիոնել Մեսսին այս տարի բողոքել է, որ երիտասարդական թիմերից քչերն են առաջին թիմում հայտնվում։ Ի՞նչ կասեք սրա մասին։

– Ես միայն իմ փորձի մասին կարող եմ խոսել։ Ես զգում էի, որ «Բարսելոնան» իմ հետևում կանգնած է, որ իմ վերաբերյալ երկարաժամկետ ծրագրեր ունի։ Զգում էի, որ առաջին թիմում հայտնվելու հնարավորություն ունեմ։ Հեշտ չէ անել դա։ Նրանք պետք է քեզ հնարավորություն տան,  հավատան քեզ, և դու, որպես խաղացող, պետք է տեսնես, որ դուռը բաց է քեզ համար։ Մենք տեսնում ենք, որ դա ավելի ու ավելի դժվար է։ Նշաձողն իսկապես բարձր է, բայց երիտասարդականում տաղանդներ կան։ Վերջին խաղացողը, որ հաստատվել է առաջին թիմում Սերժի Ռոբերտոն է, որը կարողացավ համբերատար սպասել իր պահին։ Հաճախ 15-17 տարեկան տղաները շատ են շտապում, չափազանց շատ։ Ինձ համար էլ էր դժվար առաջին թիմում հայտնվելը, Ինյեստայի համար էլ։ Մեզնից երեք-չորս տարի պահանջվեց դրա համար, և մենք համբերեցինք։ Պետք է հատուկ մտածելակերպ ունենաս «Բարսելոնայում» հաջողության հասնելու համար։

Անցած մրցաշրջանում ո՞ր թիմի խաղերն եք հաճույքով դիտել։

– Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթիի»։ Նրանք բացառիկ ֆուտբոլ խաղացին և արդյունքի հասան։ Բայց ոչ միայն «Սիթին»։ Կիկե Սետիենի «Բետիսը» նույնպես հրաշալի խաղ ցուցադրեց։ Բայց ես նաև հասկանում եմ մյուսներին, օրինակ՝ Սիմեոնեի Մադրիդի «Ատլետիկոյին», և նրանց կարծիքը նույնքան արժեքավոր է, ինչքան իմը։ Ես նախընտրում եմ հարձակողական ֆուտբոլ, բայց նաև հասկանում եմ, որ այլ գաղափարներ կան, և հարգում եմ դրանք։ Անձամբ ես տառապում եմ, երբ գնդակով չեմ։ Ինձ դուր է գալիս դիտել Գվարդիոլայի «Սիթիին», «Բարսելոնային», Իսպանիայի հավաքականին․․․

Դուք արդեն մարզչի նման եք խոսում։ Ե՞րբ կտեսնենք Ձեզ մարզչական նստարանին։

– Դեռ չգիտեմ, որովհետև ինձ դուր է գալիս ֆուտբոլիստ լինելը։ Հիմա մտածում եմ Ասիայի Չեմպիոնների լիգայի խաղարկության մասին, որը մինչև նոյեմբեր կտևի, եթե եզրափակիչ հասնենք։ Եթե զգամ, որ լավ մարզավիճակում եմ, միգուցե ևս վեց ամիս կխաղամ։