19.07.2018 13:00

FAF-ը կսատարի Յուրի Ջորկաեֆի թեկնածությունը

FAF-ը կսատարի Յուրի Ջորկաեֆի թեկնածությունը

Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF շարժումը հանդես է եկել հայտարարությամբ՝ աջակցություն հայտնելով աշխարի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի թեկնածությանը, եթե նա ապագայում առաջադրվի ՀՖՖ նախագահի պաշտոնում:

FAF-ի հայտարարությունը

«Հաշվի առնելով հայկական ֆուտբոլում ակումբային և ազգային հավաքականների ներկա անմխիթար վիճակը, ՀՖՖ նախագահի փոփոխությունը չուներ այլընտրանք:

Լիահույս ենք՝ առաջադրվելու դեպքում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը ժամանակավոր ՀՖՖ նախագահի առաքելությունը պատվով կկատարի:

ՀՖՖ նախագահի հաջորդող ընտրությունները պետք է անցնեն ազատ և արդար, մշակվեն ՀՖՖ նախագահի գործունեությունը առավել թափանցիկ և ֆուտբոլային հասարակության կողմից վերահսկող մեխանիզմներ: Մենք պատրաստակամ ենք ակտիվ ներգրավվել այս գործընթացներում: Միևնույն ժամանակ մեր աջակցությունն ենք հայտնում բոլոր հայկական ակումբներին, պատրաստ ենք կամավորական հիմունքներով ներգրավվել հանրային կապերի և երկրպագուների հետ տարվող աշխատանքների կորդինացմանը: Ակնկալում ենք ակումբների կողմից ավելի պրոֆեսիոնալ և պատվախնդիր մոտեցում:

Հայկական ֆուտբոլում ստեղծված անմխիթար իրավիճակը, ինչպես նաև ՀՖՖ նախագահի հիմնական պաշտոնի շուրջ շրջանառվող մի շարք ոչ բարյավ անունների ակնկարկը, հայտարարում ենք, որ ՀՖՖ նախագահի հաջորդիվ կայանալիք ընտրություններում հնարավորինս սատարելու ենք Յուրի Ջորկաեֆի թեկնածությունը:

Լեգենդար հայազգի ֆուտբոլիստը ֆուտբոլում նվաճել է գրեթե բոլոր մրցանակները, պրոֆեսիոնալ է, ունի համաշխարհային ճանաչում, եվրոպական մտածելակերպ, մոտեցումներ, որոնք շատ կարևոր են ֆուտբոլում, և կարող է իր շուրջ համախմբել աշխարհի հայ ֆուտբոլային հանրությանը: Վստահելով ֆուտբոլի գլխավոր պատասխանատուի պաշտոնը Ջորկաեֆին , համոզված ենք, որ կունենանք նոր ներդրումներ հայկական Ֆուտբոլում, բարձրակարգ մարզիչներ ազգային ու մանկապատենեկան հավաքականների համար և այլն:

Մեր շարժման ղեկավար կազմը հանդիպումներ է ունեցել Ջորկաեֆի հետ, ներկայացրել հայկական ֆուտբոլում առկա վիճակն ու մեր դիրքորոշումը, զորակցությունն է հայտնել նրան առաջադրվելու դեպքում սատարելու հարցում:

Բոլոր պատկան մարմիններին, երկրպագուներին կոչ ենք անում աջակցել և միասին իրականացնել այս երազանքը՝ Ջորկաեֆին հրավիրել Հայաստան և հաջորդիվ ընտրություններում առաջադրել որպես ՀՖՖ նախագահի թեկնածու: Եթե նույիսկ կան կանոնադրական խոչընդոտներ, համոզված ենք, որ նման լեգենդի համար հնարավոր կլինի կատարել որոշակի փոփոխություններ :

Սեպտեմբերին ՀՖՖ նախագահի ընտրություններից զատ մեկնարկում է կարևորագույն մրցաշար` Ազգերի լիգան։ Այս կապակցությամբ խառը ժամանակահատվածում մեր ընտրանուն բոլոր խաղերին աջակցություն ենք ցուցաբերելու առավելագույն թափով»: