19.07.2018 12:15

Փանիկի դեպքերին արձագանքել են ՊՆախարարն ու վարչապետը

ՀՀ ՊՆ-ն փոխանցում է, որ հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է  ՀՀ-ում ՌԴ ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Իվանովին, ՀՀ-ում ՌԴ ռազմական և ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևին և ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ս.թ. հուլիսի 17-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղի մոտ ՌԴ զինվորականների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մանրամասները: ՀՀ պաշտպանության նախարարը պահանջել է ներկայացնել մանրամասն տեղեկատվություն տեղի ունեցածի կապակցությամբ:

«ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատարը զեկուցել է միջոցառման բնույթի, պլանավորման և իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Մասնավորապես, ըստ գնդապետ Ելկանովի զեկույցի՝ միջոցառումն ընդգրկված է եղել հայկական կողմի հետ նախապես համաձայնեցված, ՌԴ 102-րդ ռազմակայանի 2018թ. մարտական պարտաստության ծրագրում, որի վերաբերյալ բազայի հրամանատարությունը համապատասխան կարգով իրազեկել է ՀՀ իրավասու մարմիններին: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջոցառման անցկացման վայրի ընտրության հարցում հաշվի չեն առնվել տեղի բնակչությանը հնարավոր անհանգստություն պատճառելու բոլոր հանգամանքները, ռուսաստանյան կողմը պաշտոնապես ներողություն է խնդրել և հավաստիացրել է, որ հետայսու առավել հետևողական կլինի ՌԴ ռազմակայանի տարածքից դուրս իրականացվող միջոցառումների պլանավորման և իրազեկման հարցերում:

Իր հերթին պարոն Դ.Տոնոյանը հորդորել է նմանատիպ հարցերում առավել սերտ և մանրակրկիտ աշխատանք իրականացնել թե ՀՀ պաշտպանության նախարարության և թե տեղական ինքնակառավարման մարմինների հետ և առավել մեծ ուշադրություն դարձնել քաղաքացիական բնակչության հետ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը»: 

Ի դեպ, այս հարցին այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ միջադեպը համարում է սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության: 

«Կարծում եմ, որ մեղավորները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն», - ասել է Փաշինյանը: 

Հիշեցնենք, որ նախօրեին ռուսական ռազմաբազայի զինծառայողները զորավարժանքներ են իրականացրել Շիրակի մարզի Փանիկ գյուղում, ինչը խուճապ էր առաջացրել նախապես չտեղեկացված գյուղացիների մոտ: