19.07.2018 13:00

Թրամփն Էրդողանին հորդորել է ազատ արձակել Թուրքիայում ձերբակալված պաստորին

Թրամփն Էրդողանին հորդորել է ազատ արձակել Թուրքիայում ձերբակալված պաստորին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել շուտափույթ ազատ արձակել այդ երկրում ձերբակալված ամերիկացի պաստորին:

Ավետարանական քահանա Էնդրյու Բրանսոնին թուրքական իշխանությունները փակի տակ են պահում 2016 թ. հոկտեմբերից: Անկարան նրան մեղադրում է գյուլենականների՝ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված FETO կազմակերպությանն աջակցելու, ինչպես նաև այդ երկրում արգելված՝ Քրդստանի բանվորական կուսակցությանն օժանդակելու մեջ: Չորեքշաբթի դատարանը որոշում է կայացրել նրան թողնել կալանքի տակ:

«Խայտառակություն է, եթե Թուրքիան ազատ չարձակի հարգարժան պաստորին: Էրդողանը պետք է մի բան անի՝ ազատելու համար այդ հրաշալի քրիստոնյա ամուսնուն ու հորը: Նա ոչ մի բան չի արել, նա պետք է իր ընտանիքին»,- Twitter-ում գրել է Թրամփը:

2017 թ. մայիսին Դոնալդ Թրամփն իր թուրք պաշտոնակցի հետ հանդիպմանը Էրդողանին խնդրել էր ազատել Բրանսոնին: Սեպտեմբերին Էրդողանն ԱՄՆ-ին առաջարկել էր Բրանսոնի դիմաց թուրքական իշխանություններին հանձնել ընդդիմադիր քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենին, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսի 16-ի պետական հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեջ:

Փոխանցում է ria.ru-ն: