16.07.2018 13:23

Հայոց ցեղասպանության ուրվականը ՄԱԿ-ում

Հայոց ցեղասպանության ուրվականը ՄԱԿ-ում

Հայոց Ցեղասպանությունը ՄԱԿ-ում դարձել է ուրվական․ այն կա և, կարծես, հետապնդում է բոլոր պատասխանատու պաշտոնյաներին, բայց այն աշխատում են չնկատելու տեղի տան։
Կարծես թե այս խոշորագույն միջազգային կառույցը, որ տրադիցիոն կերպով և խստիվ ոչ տոլերանտ է ցանկացած՝ մարդկության դեմ ուղղված հանցանքների նկատմամբ, իսկ գենոցիդ բառը դեռ չհնչած՝ արդեն տեղում է քննադատությունների տարափը, ստեղծվում են անթիվ խմբեր, կոմիտեներ՝ հետաքննելու, գտնելու, պատժելու և վերականգնելու արդարությունը, կարծես թե այս կառույցը ամենաառաջինը պիտի լիներ Մեծ Եղեռնը ճանաչելու հարցում, սակայն․․․
Անթիվ-անհամար, մասշտաբներով մեծ և փոքր ցեղասպանություններ ճանաչվեցին՝ Ռուանդայից մինչև Սրեբրենիցա, բայց քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը այդպես էլ մնաց թափառող ուրվական՝ ՄԱԿ-ի պատմական միջանցքներում։

Երբ փոխվեց Գլխավոր Քարտուղարը՝ նոր հույսեր արթնացան։ Կարծեցինք, որ այս նոր լիդերը, լինելով սրտացավ պորտուգալացի և անցյալում մեծ համակրանքով սատարելով հայկական բարեգործական խնդիրներին, կփոխի ստեղծված՝ հումանիստ մարդու համար անհասկանալի իրավիճակը և վերջապես կարտասանի մեզ համար այդքան ցավոտ բայց կարևոր ցեղասպանություն բառը։ Դա էլ տեղի չունեցավ։
Շատերն ասացին՝ պաշտոնի կապանքներն էին։ Բայց եթե դու չես կարող այս կարևորագույն պաշտոնում գտնվելով՝ ասել պարզ և վաղուց հայտնի ճշմարտություններ, ապա ինչի՞ է ծառայում այդ պաշտոնը։ Սա, երևի․ արդեն հռետորական հարց կարող է լինել։

Իհարկե, այս հարցը մշտապես բարձրացվելու է, նշվելու, հիշեցվելու է։ Երբեք-երբեք չի կարելի թույլ տալ, որ այն ոչ թե մոռացության մատնվի, այլ հուշերի փոշով իսկ պատվի։
Եվ ինչքան տարիները մեզ ավելի է հեռացնում նրանից, ավելի աչալուրջ պիտի մենք լինենք։
Եվ ոչ թե թույլ տանք, որ այս խնդիրն ունենա «սեզոնային» բնույթ, այլ նրա մասին խոսվի տարին բոլոր, ցանկացած լավ հնարավորության դեպքում, տարբեր պաշտոնյաների և ազդեցիկ մարդկանց ներկայությամբ։

Իհարկե, իմացող մարդիկ գիտեն, հասկացող մարդիկ հասկանում են, հաճախ մոտենում են կուլուարներում և հայտնում իրենց սիմպատիան, սատարում խոսքերով, քաջալերում։
Եվ նույնքան հաճախ էլ կանխավ ներում հայցում, որ չեն կարող այդ ամենն ասել բացեիբաց, պաշտոնական իրավիճակներում․«Դե, հասկանում ես․․․»
Ճիշտն ասած՝ ո՛չ, չե՛մ հասկանում, այլևս չե՛մ էլ ուզում հասկանալ։
Ինչպե՞ս առաջադեմ մարդկությունը, Հոլոքոստ և Սրեբրենիցա վաղուց ճանաչած, այսպիսի ծածկադմբոց է անում Հայոց Ցեղասպանության հարցում։ Չէ՞ որ սա լոկ մեր խնդիրը չէ, սա համամարդկային աղետ է, կոլեկտիվ հանցանք, սայթաքում, ողբերգություն․․․

Ինչևէ, իմ կոլեգաներից մեկը, որի անունը չեմ հիշատակի, շատ արժանավայել ու բանիմաց մի անձնավորություն, ծագումով հրեա, մոտեցավ ինձ և իր միանշանակ սատարումը հայտնեց ցեղասպանության առումով, իսկ այնուհետև անդրադարձավ մի հետաքրքիր ու տարօրինակ փաստի։ Պարզվում է՝ տարիներ առաջ ՄԱԿ-ում դրված է եղել իր հայրենակից Ռաֆայել Լեմկինի կիսանդրին, հենց այն Լեմկինի, ով, լավ ճանաչելով ու խորապես հարգելով և սիրելով մեր ժողովրդին, ցնցված լինելով մեր Մեծ Եղեռնից՝ ստեղծեց և շրջանառության մեջ դրեց գենոցիդ տերմինը։
Սակայն որոշ ժամանակ անց, այդ կիսանդրին առեղծվածային կերպով անհետացել է․․․
Ասացի քեզ, որ իմանաս, ու պատմես մյուս բոլոր հայերին․․.»
Ինչու՞, ինչպե՞ս․․․Կարծես թե պետք չէ լինել Շերլոկ Հոլմս՝ պարզելու համար այս իրողությունը։
Ես, իհարկե, շնորհակալ եմ կոլեգայիս՝ անկեղծության ու՝ իմ ժողովրդի հանդեպ հարգալից վերաբերմունքի համար, որ նա, ի դեպ, ցուցաբերել է բազմիցս, բայց չեմ կարող ասել, որ կսկիծ չապրեցի։
Մի՞թե Հայոց Ցեղասպանության ուրվականն այդքան սարսափազդու ու անցանկալի է դարձել, որ տերմին ստեղծողն իսկ, այն էլ ծագումով միանգամայն այլ ազգի ներկայացուցիչ, հանկարծակի դարձել է persona non grata՝ անցանկալի անձ, աշխարհի ամենամեծ և հումանիստական համարվող կազմակերպությունում։

Ինչևէ, սա պիտի մեզ բոլորիս մտածելու և եզրակացություններ անելու տեղիք տա։
Եվ, իհարկե, ոչ թե վհատվելու, այլ, ընդհակառակը, ավելի վճռական լինելու, մշտապես պատրաստ լինելու անվախ կերպով բարձրաձայնել ճշմարտությունը, իրազեկել մարդկանց, և անվերջ հիշեցնե՛լ, հիշեցնե՛լ, հիշեցնե՛լ, տարին բոլոր, տարիներ շարունակ։
Մինչև որ մոլորեցնող միջանցքներով թափառող տխուր ուրվականը, հասնելով արդարության, վերջապես գտնի իր հանգիստը․․․

Աննա Նազլոյան, Նյու Յորք