19.07.2018 14:24

Facebook-ում ապացույցներ են գտել ամերիկյան ընտրություններին ՌԴ միջամտության վերաբերյալ

Facebook-ում ապացույցներ են գտել ամերիկյան ընտրություններին ՌԴ միջամտության  վերաբերյալ

Facebook-ի ղեկավար և հիմանդիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ ընկերությունը միանգամայն հստակ ապացույցներ ունի 2016 թ. ամերիկյան ընտրություններին ռուսաստանցիների միջամտության վերաբերյալ:

«Մեր տրամադրության տակ գտնվող տվյալները բավական հստակ ցույց են տալիս, որ ռուսաստանցիներն իսկապես փորձել են ազդել ընտրությունների վրա,- հայտարարել է նա Recode-ին տված հարցազրույցում:- Մենք դա հայտնաբերել ենք 2015 թ. և այդ մասին տեղեկացրել ենք ՀԴԲ-ին: Այնուհետև մենք նույնպիսի ակտիվություն ենք նկատել 2016 թ. և նույնականացրել ենք այդ մարդկանցից ոմանց»:

Անցյալ շաբաթ ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Ռոդ Ռոզենսթայնը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները մեղադրանք են ներկայացրել ռուսաստանյան 12 ենթադրյալ հետախույզների՝ ՀԳՎ աշխատակիցների: Մեղադրանքները ներկայացվել են հատուկ դատախազ Մյուլլերի հետաքննության շրջանակներում՝ Ռուսաստանի հետ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի հնարավոր կապերի վերաբերյալ:

Մեղադրանքի վարկածով՝ կասկածյալները կոտրել են ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի, ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ընտրական հանձնաժողովի, ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի համակարգչային ցանցերը, ինչպես նաև համացանցում հրապարակել են գողացված էլեկտրոնային նամակները:

Ցուկերբերգի խոսքով՝ «եղել է նաև ընտրություններին միջամտելու մեկ այլ ուղղություն, որը մենք ավելի ուշ ենք պարզել: Խոսքը Ինտերնետ-հետազոտությունների գործակալության մասին է, որը կեղծ ակաունտների մի ամբողջ ցանց էր ստեղծել Facebook-ում՝ կեղծ տեղեկատվություն տարածելու համար»:

Դեռ մինչև ընտրությունները Facebook-ի մասնագետները, որ համագործակցում են իշխանությունների հետ «Ռաշագեյթի» հետաքննության շրջանակներում, նկատել են ATP28 անվանյալ հակերական խմբի ակտիվացում: Խումբը փորձել է կոտրել օգտատերերի ակաունտները: Այդ հակերները հայտնի են կիբեռգրոհներով մի քանի երկրների պետական և ռազմական կառույցների վրա:

Փոխանցում է Interfax-ը: