23.07.2018 13:00

Զոհրաբ Մնացականյան. Պրոֆեսիոնալ դիվանագետի դիմանկարը

 Զոհրաբ Մնացականյան. Պրոֆեսիոնալ դիվանագետի դիմանկարը

Թավշյա հեղափոխությունից հետո կտրուկ կերպով փոխվեց մեր հայկական իրականությունը․վերջապես փոխվեց, առանցքայնորեն, շրջադարձորեն, և միայն դեպի լավը, իհարկե։
Դրսում կտրուկ կերպով բարձրացավ Հայաստանի վարկանիշը՝ իբրև խաղաղ, ժողովրդամետ, քաղաքակիրթ երկրի, իսկ երկրի ներսում տեղի ունեցան բազմաթիվ, շատ երկար սպասված փոփոխություններ և, իհարկե, նոր նշանակումներ կառավարության առանցքային դիրքերում։

Բոլոր պաշտոններից դժվար է թերագնահատել Հայաստանի Արտաքին Գործերի Նախարարի դերն ու արժեքը։
Հատկապես երբ գործ ունենք ոչ թե գերտերության հետ, որտեղ համակարգը, անկախ այս կամ այն պաշտոնյա անձի առանձնահատկություններից, արդեն իսկ գործում է, այլ մեր երկրի նման՝ ոչ այնքան տարածքով և բնակչության քանակով մեծ, բավական բարդ պատմա-աշխարհաքաղաքական իրավիճակում գտնվող, ոչ այնքան վաղ անկախացած և անվերջ անցումային բարդ փուլերով անցնող, դեռևս կայացող պետության հետ։

Ցավոք, նախորդ նախարարին կարելի է լավագույն դեպքում նկարագրել իբրև պասիվ, իսկ երբեմն՝ նույնիսկ անտեսանելի կերպար․․․ Կրկին, գուցե մեկ այլ պետությունում այս փաստը ադյքան էլ նշանակություն չունենար, բայց մեր երկրի համար դարձավ իսկական աղետ։

Մենք, առանց երկար բացատրությունների, քանզի բոլորս էլ այդ մասին գիտենք, յուրահատուկ իրավիճակում ենք գտնվում, և մեզ թթվածնի պես պետք է ուժեղ, պրոֆեսիոնալ, նախաձեռնող, չափազանց ակտիվ, նույնիսկ լավ իմաստով ագրեսիվ արտաքին գործերի նախարար։
Ուստի և հենց այս նախարարի փոփոխությունը կարելի է համարել կարևորագույններից մեկը։
Գոյություն ունի փորձագիտական կարծիք՝ նախորդ պասիվության ֆոնին որ պաշտոնյան էլ որ նշանակվեր՝ պետք է լավ երևար, շատ ավելի շահավետ դիրքով։
Գուցե և այդպես, բայց ինչքան ավելի ողջունելի է այն փաստը, որ այս կարևորագույն պաշտոնին չնշանակվեց պատահական մարդ, այլ՝ պրոֆեսիոնալ դիվանագետ, դեռ խորհրդային հայտնի դիվանագիտական դպրոցն անցած և միջազգային տպավորիչ փորձ ձեռք բերած՝ Զոհրաբ Մնացականյանը։
Մեր գործող դեսպանը ՄԱԿ-ում։ Այս փաստը, ինքնին, նույնպես բավական առանցքային է։
ՄԱԿ-ում ցանկացած դեսպան, ինչպիսի անցյալ կարիերա էլ որ ունենա, ստանում է լրիվ բացառիկ, բարդ, բազմակողմ ինտերակտիվ դիվանագիտության փորձ, ընդլայնում է իր մտահորիզոնը, և, ինչը ոչ պակաս կարևոր է, ձեռք բերում արժեքավոր մասնագիտական և անձնական կապեր։

Մեր դեսպանի գործունեությունը ՄԱԿ-ում առաջին իսկ օրերից տեսնելով կարող եմ օբյեկտիվորեն նշել, որ մեծ արժանապատվությամբ և պրոֆեսիոնալիզմով է ներկայացրել մեր երկիրը՝ շրջապատում թողնելով հաճելի և շատ դրական տպավորություններ։
Բազմիցս միջանցքներում բավական ազդեցիկ դիվանագետներ, մեդիա դաշտի ներկայացուցիչներ մոտեցել են ինձ և նշել՝ ինչ խելացի ու պատրաստված է ձեր դեսպանը, ինչ բարեհամբույր է, ինչ նրբանկատ։ Անչափ հաճելի է նման խոսքեր լսելը քո դեսպանի հասցեին, իսկապես անկեղծ հպարտ եմ, որ ՄԱԿ-ում, իսկ այժմ էլ՝ աշխարհում այսպես ենք ներկայանում։
ՄԱԿ-ում մի քանի տարիների ընթացքում դեսպանը լիովին հաստատեց իր հեղինակությունը՝ իբրև շատ խելացի, պատրաստված և փոքր-ինչ առեղծվածային դիվանագետի։ Պարզապես իր բնավորությամբ նա բավական զուսպ և համեստ անձնավորություն է, ինչն էլ ավելի է ընդծում իր առեղծվածային կերպարը, և նման գնահատականները կարող են համարվել միայն կոմպլիմենտ։
Դիվանագիտական աշխարհը չի սիրում բացահայտ, կարդացված գրքի տպավորություն թողնող մարդկանց։

Չնայած Հայաստանի ունեցած բավական անկանխատեսելի հակառակորդներին, որոնց մեջ են, իհարկե, մեր որոշ տխրահռչակ հարևաններ, ու դրանց սադրանքներին, դեսպան Մնացականյանը երբեք չի կորցրել իր ինքնատիրապետումը և մեծ, իսկական հային վայել արժանապատվությամբ պատասխան տվել բոլորին։

Կասկածից վեր է, որ արդեն նախարար Զոհրաբ Մնացականյանը կշարունակի մեծ արդյունավետությամբ ներկայացնել Հայաստանն աշխարհում։
Միշտ հաճելի էր հանդիպել մեր դեսպանին, քննարկել այս կամ այն խնդիրները, հարցազրույց վերցնել, և մնալ բարի տպավորություններով։
Արդյոք կարո՞ղ էի պատկերացնել, որ գործ ունեմ ապագա նախարարի հետ․․․
Ինչ անկանխատեսելի է կյանքը, այս դեպքում՝ դրական առումով անկանխատեսելի։

Կցանկանայի ամփոփել մի փոքր նկատառումով․ՄԱԿ-ում բազմաթիվ դիվանագիտական ընդունելությունների ժամանակ տեսնում ես դիվանագետներին՝ ոչ ֆորմալ միջավայրում, ականատես լինում նրանց քննարկումներին, մոտեցումներին, գործելաոճին, որ պաշտոնական իրավիճակներում չես տեսնի։
Ամեն անգամ, երբ ներկա էր լինում մեր դեսպանը՝ իրեն պահում էր այնպիսի փառավորությամբ ու արժանապատվությամբ, կարծես ներկայացնում էր մի գերտերություն, շատ ազդեցիկ ու համաշխարհային մասշտաբով կարևոր մի երկիր, և բոլորը՝ հարգանքով ու հետաքրքրասիրությամբ, մոռանալով մյուս «երևելիներին», ձգվում էին դեպի իրեն։
Այս տեսարանը անկրկնելի տպավորություն էր գործում։

Սրտանց մեր նոր Արտաքին Գործերի Նախարարին մեծ, հաջողություններով լի ճանապարհ եմ ցանկանում, և որ մի գեղեցիկ օր ունենանք այն Հայաստանը, որն ինքը միշտ ներկայացրել է։

Աննա Նազլոյան, Նյու Յորք